ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպիսի՞ Երևանում ենք ցանկանում ապրել։
Սա այն հարցն է, որը հուզում է երևանցիներին։
Քաղաք, որտեղ ուղղակի բնակվու՞մ ենք, գոյությու՞ն պահպանում, կյա՞նքը վայելում, թե՞ հետևելով համակեցության կանոններին արժանավայել առօրյա ենք ապահովում բոլորի համար, ինչը նշանակում է՝ անվտանգ, առողջ, հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայրի ձևավորում։
Առաջատար երկրներում զարգացման ծրագիրը ենթադրում է բարեփոխումների հերթականություն՝ անցում դեպի նոր տեսակի բնակավայրի, որտեղ համաչափ աճով ապահովված է հասարակական կյանքի հնարավորինս բարձր որակ և ենթակառուցվածքների կայունություն։
Զարգացած քաղաքները մրցակցության մեջ են մտնում լայն հնարավորությունների ապահովման շուրջ՝ մարդկանց համար գրավիչ դառնալու և համայնքի բնակիչների ներգրավվածության նպատակով։
Մենք արժանի ենք ունենալ մայրաքաղաք, որտեղ բնակչության առողջությունն ու կյանքի որակն ապահովվում են, միջավայրի անվտանգության կանոնները պահպանվում են, քաղաքացու իրավունքները պաշտպանվում են, առկա են զարգացման հավասար հնարավորություններ, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, միմյանց աջակցելու կամքը սովորական առօրյա են, քաղաքի մասնակցային ու արդյունավետ կառավարում կա, վտանգի դեպքում՝ մեկ բուռ դառնալ կա…
Երևանը սիրել կա…
ԲԱԺԻՆ I.
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մինչև 2023թ. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումները և փոփոխությունները «աղբահանություն» եզրույթը բնորոշվում էր որպես գոյացող աղբի (կենցաղային, շինարարական և խոշոր եզրաչափերի) աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում։ Այսպիսի ձևաչափից առաջադեմ երկրները հրաժարվել են արդեն մոտ 40 տարի՝ «աղբահանություն» եզրույթը փոխարինելով «կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ոչ միայն եզրույթով, այլև պետական քաղաքականությամբ և վերածելով այն տնտեսության առանձին հսկայական ճյուղի։ Լրացումներով և փոփոխություններով «աղբահանություն» բնորոշումը հավելվեց նաև որպես «տեսակավորում ու փոխադրում՝ աղբի վերօգտագործման, օգտահանման, վերամշակման և վնասազերծման նպատակով»։
Հայտնի է, որ գրեթե բոլոր թափոնները, բացառությամբ թղթի և ստվարաթղթի, իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով պայմանավորված վտանգ են ստեղծում կամ կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ և միջոցներ։ Թափոններն ըստ իրենց վտանագավորության աստիճանի դասակարգվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասի, որոնց ցանկը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի 2006թ. 430-Ն հրամանով։
Կա հաստատուն մասնագիտական կարծիք, որ թափոնի գոյացման առաջնային օղակում թափոնի տեսակավորումը նվազեցնում է թափոնի վտանգավորության աստիճանը մեկ դասով։ Դա կատարվում է այն պատճառով, որ թափոնների տարբեր տեսակները՝ ֆրակցիաները անաէորոբ միջավայրում միմյանց հետ փոխազդելով մթնոլորտ են արտանետում քաղցկեղածին նյութեր։ Բացի այդ, թափոնի գոյացման առաջնային փուլում վերջինիս տեսակավորումը և առանձնացումն ըստ ֆրակցիաների ապահովում է թափոնի տնտեսական արժեքը որպես երկրորդային հումք, որը լրացուցիչ եկամուտ է ենթադրում համայնքի համար, երբ թափոնն օտարվում է վերամշակողին։
Ընդհանրապես, արտադրության և սպառման ներկայիս համաշխարհային ծավալները զուգահեռաբար հանգեցնում են թափոնների ծավալների հսկայական աճի, որն իրական սպառնալիք է շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար: Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2018թ. հրատարակած հաշվետվությունում տեղ գտած կանխատեսումների, հաշվի առնելով ներկայիս սպառման համաշխարհային ծավալները, 2050թ. տարեկան գոյացող կոշտ կենցաղային թափոններն ավելանալու են 70%-ով՝ հասնելով տարեկան 3.4 մլդ տոննա ծավալի:
Ամենամեծ վտանգը, հատկապես քաղաքային բնակիչների համար, ներկայացնում են կոշտ կենցաղային թափոնները: Ներկայում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համաշխարհային ճգնաժամը և մոլորակի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները և կլիմայի փոփոխությունը գտնվում են պատճառահետևանքային ուղիղ կապի մեջ: Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի պահպանության ծրագրի կենտրոնական գրասենյակի հաշվետվությունները բազմիցս ահազանգել են այս ուղիղ կապի մասին: Այս ենթատեքստում հատկապես ուշագրավ է 2010թ. հաշվետվությունը:
Տեղական մակարդակում վերը նշվածը ենթադրում է, որ Երևան համայնքում աղբահանության գործընթացը պետք է կազմակերպվի այն հաստատուն տրամաբանությամբ և վարքագծի կանոնավոր փոփոխությամբ, որ այն մի գործընթաց է, որը զուտ տեղական ինքնակառավարման մարմնի օրենսդրական և կազմակերպչական խնդիրը չէ, այլ գլոբալ մարտահրավեր, որտեղ ընդգրկված են բոլորը, և որը պետք է սկսվի բնակիչների նախ և առաջ սպառողական վարքագծի փոփոխությամբ՝ գոյացնելու ավելի քիչ աղբ, իսկ այնուհետև բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջացվող թափոնների տեսակավորմամբ, առաջնային՝ թափոնի գոյացման օղակում։ Այս գործընթացի ապահովման համար անհրաժեշտ են լինելու իրավական, ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ միջոցառումներ։
Իրավական միջոցառումները ենթադրում են հետևյալ հայեցակետերը՝ ասպեկտները։ Ինչպես հայտնի է, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն՝ աղբահանությունը համայնքի պարտավարությունն է, որն իրականացվում է աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանի և աղբահանության սխեմաներին համապատասխան։ Այս փաստաթղթերով համայնքի ավագանին օրենքով իրեն վերապահված լիազորություններով հաստատում է ընդհուպ մինչև աղբամանի ձևն ու չափը։
Այս պահի դրությամբ «Թափոնների մասին» ՀՀ օրենքը թափոնների տեսակավորումը դեռևս չի դիտարկում որպես իմպերատիվ՝ պարտադիր գործողություն, սակայն ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառվող «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է «թափոնների տեսակավորումը» որպես թափոնների գործածության մեխանիզմ՝ թափոնների օգտագործման, կրկնօգտագործման, մշակման, վերամշակման, օգատահանման հետ միասին։
Հետևաբար, Երևանում աղբահանության կանոնակարգված միջոցառումների ապահովման իրավական մեխանիզմներն ենթադրելու են Երևանի ավագանու համապատասխան որոշման ընդունումը՝ Երևան քաղաքում թափոնների գոյացման առաջնային օղակում թափոնների տեսակավորումը փուլային՝ ժամանակագրական մոտեցմամբ ներդնելու ուղղությամբ։
Երկրորդ բաղադրիչը, անշուշտ, ենթակառուցվածքային համալիրի հզորացումն է։ Ինչպես հայտնի է, այս գործընթացի մեկնարկը տրվեց դեռևս 2018-2021թթ., երբ Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսեցին տեղադրվել թափոնների տեսակավորման համար առանձնացված թափոնամաններ։ Այս գործընթացը պետք է աստիճանաբար ծածկի ողջ Երևանը՝ ապահովելով դրանց հասանելիությունը բակային, թաղային կամ այլ լոգիստիկ հանգուցային սխեմատիկ լուծումներով։
Մունիցիպալ ԿԿԹ-ների կառավարման համաշխարհային հաջողված պրակտիկան փաստում է, որ այս գործընթացում թափոնների առաջնային տեսակավորման օղակից բացի կարևորագույն դեր ունեն նաև համայնքների կամ մասնավոր հատվածի կողմից կառավարվող ԿԿԹ երկրոդային տեսակավորման կայանները։ Սա այն ենթակառուցվածքն է, որն ապահովում է թափոնի, որպես երկրորդային բնական ռեսուրսի՝ հումքի ճշգրիտ և պատշաճ առանձնացումը և վաճառքը վերամշակողին։
Դեռևս 2018-2021թթ. մեկնարկել էր նաև յուրաքանչյուր վարչական շրջանի համար խոշոր եզրաչափի կենցաղային աղբի հավաքագրման կայանների ստեղծման աշխատանքները։ Այս գործընթացն ավարտին կհասցվի։
Պլաստիկի և մետաղի թափոնների համար նախատեսված հակավորման սարքերի ձեռքբերումը կարևոր բաղադրիչ է հանդիսանալու։
ԿԿԹ տեսակավորման տեսլականում որպես ԿԿԹ կառավարման ենթակառուցվածքների հզորացման նախատեսվող միջոցառում անհրաժեշտ է արդիականացնել գնվող թափոնների մոդելը՝ նախապատվությունը տալով հատուկ փակ թափոնամաններին։
Համայնքային կոշտ կենցաղային թափոնամաններն անհրաժեշտ են ելնելով իրենց էկոլոգիական, սանիտարական և տնտեսական շահավետությունից։
Գործընթացի երրորդ բաղադրիչն է ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումը։ Ինչպես հայտնի է, 2018-2019թթ. Երևան քաղաքում կազմավորվեցին և սկսեցին գործել երկու համայնքային նշանակության կառույցներ՝ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։
Այս կառույցների կանոնադրական նպատակներն ենթադրում են Երևանում աղբահանության, սանիտարական մաքրման և կոշտ կենցաղային թափոնների կառավարման գործառույթները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ կառուցվածքում գործում է նաև թափոնների տեսակավորման վարչությունը, ինչը հնարավորություն է տալիս ծրագրային թիրախներն իրականացնել ինստիտուցիոնալ հենքի վրա։ Այս վարչության մարդկային ռեսուրսների, կառուցվածքային և ենթակառուցվածքների հզորացումը կնպաստի, որպեսզի ԿԿԹ կառավարումը մայրաքաղաքում աստիճանաբար գծային տնտեսությունից անցում կատարի դեպի շրջանաձև տնտեսության տրամաբանության՝ փուլ առ փուլ նվազեցնելով դեպի Նուբարաշենի աղբավայր տեղափոխվող աղբի ծավալները։
Այս կապակցությամբ, հատկանշական է նշել, որ Երևանը 2018թ.-ից Վարշավա և Տիրանա մայրաքաղաքների հետ միասին մասնակցում է «Վտանգավոր թափոնների կառավարում» Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրում, որի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով պետք է ձեռք են բերվեն և տեղադրվեն վտանգավոր թափոնների համար առանձնացված թափոնամաններ՝ նախատեսված օգտագործված կենցաղային մարտկոցների, լամպերի և այլ վտանգավոր թափոնների համար։ Այս ծրագրի հետ ակտիվ համագործակցությունը պետք է կրկին նպաստի նշված 1-ին և 2-րդ դասի վտանգավորության թափոնների ծավալների տեղափոխման կտրուկ նվազեցումը դեպի Նուբարաշենի աղբավայր։
Հավելենք, որ անհրաժեշտ է տեղափոխել Երևանի մայթերի երկայնքով ձգվող՝ 2016-2017թթ. սկսված գործընթացի արդյունքում սիզամարգերը ասֆալտապատած հատվածում կամ փողոցի երթևեկելի մասում տեղադրված մեծ աղբամանները և վերականգնել սիզամարգերի հատվածային ամբողջականությունը՝ թողնելով մայթերի փոքր աղբամանները հետիոտնի համար:
Աղբամանների տեղակայումն այս հատվածում նախ և առաջ խախտում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի պահանջներն առ այն, որ աղբամանները պետք է տեղակայվեն դրանց համար հատուկ առաձնացված վայրերում և լինեն փակ։ Երկրորդ իրավական ակտը, որը խախտվում է, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թ. 263-Ն որոշմամբ հաստատված ֆունկցիոնալ գոտիների նկատմամբ ներկայացվող պահանջներն են։
Հաջորդիվ, հատուկ միջոցառումների կարիք ունի սննդային թափոնների կառավարումը։ Խնդրի լրջությունը հասկանալու համար հարկ է նշել, որ համաշխարհային մակարդակում չսպառված սննդամթերքը և սննդային թափոնները ԿԿԹ ընդհանուր ծավալում կազմում են գերակշռող մաս, ինչը սպառնալիք է ընդհանրապես պարենային անվտանգությանը և շրջակա միջավայրի կայունությանը:
Չսպառված սննդամթերքի կորստի ճշգրիտ ծավալների վերաբերյալ տվյալներ որպես այդպիսին չկան, սակայն 2015թ. ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանց բաժին է ընկնում աշխարհում արտադրվող հացահատիկային մշակաբույսերի շուրջ 30%-ը, արմատային մշակաբույսերի, մրգի և բանջարեղենի 40-50%-ը, յուղատու սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի 20%-ը, ձկան 35%-ը: Սա կազմում է տարեկան 1,3 մլդ տոննա: Նույն հետազոտությամբ համաշխարհային մակարդակում տարեկան չսպառված սննդամթերքի և սննդային թափոնների արժեքը գնահատվում է 1 տրն ԱՄՆ դոլար:
Համաձայն շվեդական «ԼԼ Բոլագեն» խորհրդատվական ընկերության կողմից 2019թ. իրականացրած հետազոտության և ներկայացված հաշվետվության` նմուշառության արդյունքում Հայաստանում առկա և գոյացող թափոնների մորֆոլոգիական կազմում միջինում 50%-ը կազմում են սննդային և այլ բիոօրգանիկ թափոնները և դրանց տոկոսային բաշխվածությունը (ոչ ծավալային)՝ թափոնների այլ տեսակների համեմատ Երևանում և մարզերում գրեթե նույնն է:
Չիրացված սննդամթերքը և սննդային թափոններն էական բացասական ազդեցություն ունեն տեղանքի կլիմայի փոփոխության վրա, քանի որ սննդամթերքի նեխման և քայքայման ժամանակ առաջանում է մեթան: Աղբավայրում հայտնված սննդային թափոնները թթվածնի բացակայության պայմաններում արդեն չեն կարող վերածվել կոմպոստի, քանի որ սկսվում է օրգանական և կենսածին նյութերի քայքայման, այն է՝ անաէրոբ գործընթաց, որն ընթանում է ծծմբի օքսիդների, ջրածնի սուլֆիդի և մեթանի արտանետումներով: Վերջինս, ինչպես հայտնի է դյուրավառ է։ Աղբանոցներում հայտնված սննդային թափոնների արտանետումները կլիմայի գլոբալ փոփոխության հիմնական պատճառներից են, այդ իսկ պատճառով թափոնների այս տեսակի կառավարումը կարևորվում է Փարիզյան համաձայնագրում և կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի զեկույցներում:
Սննդային և այլ բիոօրգանիկ թափոնների վերաբերյալ իրավակարգավորումները և գործնական միջոցառումները պետք է հանգեցնեն դրանց աղբավայրում հայտնվելու կանխմանը:
Երևանում գոյացող սննդային և այլ բիոօրգանիկ թափոնների կառավարման շրջանակներում պետք է սկսել ֆերմենտացիոն կայանի հիմնման գործընթաց: Սննդամթերքի և սննդային թափոնների գործածության կառավարման հիերարխիայում առավել կարևոր օղակներ են անասնակերի և կոմպոստի արտադրությունները: Հողի օրգանիկ պարարտանյութերի արտադրությունը կրկնակի արժեքավոր է, քանի որ բացի թափոնների կրճատումից և երկրում մեկ ցիկլ ավելացված արժեք ստեղծելուց, ունի նաև այլ դրական գործոն: Նման քիմիական բաղադրությունով պարարտանյութերը պարունակում են ազոտ, ֆոսֆոր և կալիում, ինչպես նաև հումիկաթթու և ֆուլվաթթու, որոնք անհրաժեշտ են բերքատվությունը բարձրացնելու համար և, որպես արդյունք, սինթետիկ պարարտանյութեր օգտագործելու անհրաժեշտություն չի առաջանում: Կոմպոստն օրգանական պարարտանյութ է, որը թույլ է տալիս աճեցնել էկոլոգիապես մաքուր արտադրանք:
Ուստի, անհրաժեշտ է լինելու և նախատեսվում է միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավորի հետ ծավալել ակտիվ երկխոսություն՝ Երևանում գոյացող սննդային թափոնների կառավարման նպատակով ֆերմենտացիոն կայանների ստեղծման ուղղությամբ։ Այդպիսի ձեռներեցության օրինակ երկրում արդեն առկա է, ի դեմս Աբովյան քաղաքում հաջողությամբ գործող հայ-նիդերլանդական ընկերության։
Կենցաղային թափոնների կառավարման ժամանակակից համակարգի ստեղծման բաղադրիչը ենթադրում է նաև զուգահեռաբար կենսաբանական թափոնների ոչնչացման կայանի՝ կիզարանի կառուցում և գործարկում որպես համայնքային ենթակառուցվածք՝ ելնելով հանրային առողջապահության և միջավայրի անվտանգության սկզբունքներից։
Երևանում սանիտարական մաքրման խնդիրներից խոսելիս հնարավոր չէ շրջանցել Երևանի ավագանու 2009թ. 48-Ն «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածք պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշումը։
Որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը՝ օբյեկտները, պայմանները, սակայն առօրյայում այս որոշումը կիրառություն արդպես էլ չի ստանում։ Սրա պատճառներից է նաև Երևանի վարչական սահմաններում միասնական տեսչական մարմնի բացակայությունը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)» 214-րդ հոդվածի դեռևս պահպանված դիսպոզիցիայի խմբագրության տրամաբանության ներքո, ՏԻՄ-երը կարող են և գործնականում պետք է ստեղծեն տեսչական մարմիններ։ Այստեղ նախատեսվում է աշխատանք գործադիր և օրենսդիր մարմինների հետ՝ ՀՀ օրենսդրական դաշտում առկա հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։
Վերը նշված 48-Ն որոշմամբ առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերի ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կամ վարձակալների համար պարտադիր բարեկարգման տարածք է համարվում ընդհանուր օգտագործման տարածքը, որի սահմաններն են զբաղեցրած տարածքի պարագծով՝ մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը՝ կետ 20, մաս 2:
Առաջարկվում է մի փոքր ընդլայնել դրա քաղաքաշինական տարածական սահմանները, մասնավորապես ամրակցված պարտադիր բարեկարգման տարածքի սահմանագիծն ավելացնել ընդամենը 10-15սմ՝ սահմանելով այն մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարի զրոյական նիշը։
Դեպի եզրաքարի զրոյական նիշ պարտադիր բարեկարգման տարածքի ընդլայնումը հիմնավորվում է այն օբյեկտիվ հանգամանքով, որ Երևանը, ինչպես հայտնի է, ունի գոգաձև տեղադիրք և նաև ունենալով կիսաանապատային կլիմա և սրան զուգահեռ գերիշխող չոր քամիներ՝ հիմնականում գարնանը, ամռանը և աշնան մեծ մասը, հենց այս հատվածում էլ օբյեկտիվ հանգամքնենրի և սուբյեկտիվ վարքագծային երևույթների արդյունքում, գոյանում է փոշին և աղբը։
Ինչպես երևում է նկարից, ավելացող տարածքը կազմում է ընդամենը 10-15սմ՝ եզրաքարի միջին բարձրության չափով, որը տնտեսվարողի համար որևէ խնդիր կամ ավել ռեսուրս չի պահանջելու, սակայն այս փոփոխության արդյունքը կիրառության մեջ հսկայական կլինի, քանի որ Երևանի վերջին տասնամյակների հիպերուրբանիզացիայի արդյունքում կառուցապատման նման հսկայական ծավալները և համայնքում գործող աղբահանության վճարի առկա չափը աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացն ամբողջական ինքնածածկման ձևաչափ դեռ չեն ապահովում:
Դեռևս անցած դարի 70-ական թվականներին լույս տեսավ գիտական հոդված, որտեղ գիտնականները բնորոշեցին Խորհրդային Միությունում գործող կոշտ կենցաղային թափոնների հավաքագրման և պահման բաց աղբանոցները որպես «դանդաղ գործողության քիմիական ռումբ»:
Ինչպես նշվեց վերը, առանց սկզբնաղբյուրում ըստ ֆրակցիաների` տեսակների տարանջատման՝ խառը աղբի դեպի բաց աղբանոց տեղափոխման արդյունքում գոյանում է մեծ ծավալով տարբեր քիմիական նյութերի խառնուրդային կույտ, ինչի արդյունքում սկսվում են քիմիական ռեակցիաներ՝ սովորաբար էկզոտերմիկ:
Մասնավորապես, մարտ ամսից արևի ուղիղ ճառագայթների և մթնոլորտի տաքացման արդյունքում աղբանոցի մարմնում սկսվում են քիմիական պրոցեսները, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվում պոլիցիկլիկ արոմատիկ ամինաթթուներ, քաղցկեղածին նյութեր ու բենզապիրեն՝ արոմատիկ ծայրաստիճան թունավոր միացություն, որն ունի ամենաուժեղ քաղցկեղածին ակտիվությունը և իրենից ներկայացնում է առաջին կարգի վտանգավորության կանցերոգեն նյութ: Արտանետումների շղթայում է նաև պոլիքլորացված դիբենզոդիոքսինը, այլ կերպ հայտնի որպես դիօքսին, որը էկոտոքսիկանտ է՝ հզոր մուտագենային, իմունաճնշող, քաղցկեղածին և էնդոկրին քայքայիչ ազդեցություններով: Բացի այդ, աղբանոցի մարմնից դեպի ընդերք են անցնում ֆիլտրատները, որոնք գոյանում են բիոօրգանիկ թափոնների նեխման արդյունքում և անցնելով հողի շերտով հայտնվում են ստորգետնյա շերտերում:
Հատկապես վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ առաջադեմ աշխարհը բաց աղբանոցները ոչնչացնելու և նորերի չգոյացնելու ուղենիշ է վերցրել: Զարգացած երկրներն այս գործընթացը մեկնարկել են հետևյալ կարգախոսով՝ «Չկա աղբանոց՝ չկա թափոն», և մոտ 20-30 տարի օրենսդրորեն արգելել են բաց աղբանոցները: Տվյալ երկրներում չկա վայր կոշտ կենցաղային թափոնների համար, հետևաբար չկա խիստ բացասական ազդեցություն մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
Գոյացած բաց աղբանոցների ուտիլիզացիան և դրանց հետագա ռեկուլտիվացիան՝ շրջանաձև տնտեսության կարևոր և եզրափակիչ միջոցառումն է ամբողջ այդ շղթայում:
Երկրի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգում աղբանոցներն ամենաէժան, բայց և ամենավտանգավորն են բնակչության առողջության և կենսոլորտի համար: Նույնիսկ կոնսերվացիայից հետո աղբանոցները տարիների ընթացքում շարունակում են թունավորել կենսոլորտը:
Երևանի Նուբարաշենի բաց աղբանոցը պետք է անցնի ուտիլիզացիայի այն հնարավորությունները և փուլերը, որոնք վաղուց արդեն կենսակերպ են առաջադեմ երկրներում:
Հնարավորության դեպքում, մասնավոր սեկտորի ներգրավմամբ, պետք է հնարավորինս առանձնացնել որպես երկրորդային նյութական ռեսուրս ծառայելու քիմիական բաղադրություն ունեցող ԿԿԹ ֆրակցիաները:
Ներկայում ամենաառաջադեմ և «կանաչ» տեխնոլոգիայի համար էական ներդրումների անհրաժեշտություն կա: Սրա հետ մեկ տեղ, ԿԿԹ ջերմային ուտիլիզացիայի համար աշխարհում, նույնիսկ ամենառաջադեմ երկրները, կիրառում են տվյալ երկրում գործող ցեմենտի գործարանների հնարավորությունները, օրինակ նույն Գերմանիայում, որը հանդիսանում է ԿԿԹ կառավարման ոլորտում առաջադեմ երկրներից մեկը: Այդ երկրում տարեկան ջերմային վերամշակման է ենթարկվում 25 մլն տոննա ԿԿԹ: Գոյություն ունեն կոշտ կենցաղային թափոնների տեսակներ, որոնք պարունակում են այնքան վտանգավոր նյութեր, որ դրանք այլ կերպ, քան ջերմային վերամշակման ենթարկելուց, հնարավոր չէ օգտագործել:
Հատկանշական է դիտարկել մի փաստ, որ 2016թ. «Եվրոպայի կանաչ մայրաքաղաք» տիտղոսը նվաճած Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան նույնպես կիրառում է երկրում գործող ցեմենտի գործարանի հնարավորությունները:
Հայաստանն այս առումով շահեկան դիրքերում է, քանզի խորհրդային տարիներից ի վեր երկրում գործում է երկու ցեմենտի գործարան, և Հայաստանը նույնպես կարող է դիտարկել այս հնարավորությունը: Իսկ ԿԿԹ-ների ուտիլիզացիայի ծայրահեղ միջոցառում պետք է դիտարկվի նրանց տեղափոխումն աղբավայր: Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզում այժմ կառուցվում է Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը։
Սակայն ԿԿԹ-ները չեն կարող անվերջ կուտակվել աղբանոցներում/աղբավայրերում: Գալիս է մի պահ, երբ աղբանոցը պետք է փակվի և որոշակի աշխատանքներ տարվեն այդ ուղղությամբ: Դրանից հետո հողատարածքը, որի վրա գոյացել էր աղբանոցը, կարող է վերականգնվել կամ օգտագործվել տնտեսական և բնապահպանական նպատակներով:
Աղբանոցների ռեկուլտիվացիան հողատարածքների արտադրողականության վերականգնման աշխատանքների համալիր է, որը նպատակ ունի կտրուկ նվազեցնել վտանգտավոր արտանետումները մթնոլորտ և բարելավել շրջակա միջավայրը, ինչպես նաև աղբանոցի հողային տարածքը վերադարձնել ռեկրեացիոն կամ տնտեսական շրջանառություն:
Կոշտ կենցաղային թափոնների աղբանոցների ռեկուլտիվացիան համարվում է անհրաժեշտ միջոց: Դա բարդ և բազմափուլ գործընթաց է, որը պահանջում է հատուկ միջոցառումներ: Տարածքը, որի վրա նախկինում գտնվել է աղբանոցը, չի կարող անմիջապես օգտագործվել տնտեսական կամ բնապահպանական նպատակների համար: Գործընթացն ամբողջությամբ ավարտելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ, միջինում՝ 5-15 տարի: Սա այն ժամանակահատվածն է, երբ հողը կվերականգնի իր բոլոր կենսական ռեսուրսները և կազատվի վտանգավոր քիմիական տարրերից:
Այս գործընթացն անցնում է նախագծման, տեխնիկական և կենսաբանական փուլեր։
Այս պահին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 26 մլն եվրո, որից՝ 8 մլն վարկը տրամադրում է Եվրոպական ներդրումային բանկը, 8 մլն վարկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և 10 մլն դրամաշնորհը՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցներից:
Միաժամանակ հարկ է նշել, որ 2021թ. Երևանի ավագանու կողմից հավանություն տրվեց «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու որոշման նախագծին: Սրանով Երևանը ստանձնում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու առնվազն 30%-ով և Երևանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ: Դաշնագրին միանալուց հետո պետք է նախատեսվեն կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված նոր բնապահապանական միջոցառումներ:
Ծրագրի շրջանակներում աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման միջոցառումներն նաև ուղղված են համաշխարհային տենդենցներին հետևելու, ինչպես նաև Երևանի ստանձնած պարտավորություննի կատարմանը։
ԲԱԺԻՆ II.
ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1990-ական թվականների վերջերից մեծ թափով սկսված և մինչ օրս ընթացող Երևանի հիպերուրբանիզացիան հանգեցրել է մայրաքաղաքի քաղաքաշինական, կլիմայական-էկոլոգիական, սոցիո-մշակութաբանական և հանրային առողջության լրջագույն խնդիրների։
Ինչպես հայտնի է, Երևանը գտնվում է կիսաանապատային՝ կիսաչոր ցամաքային կլիմայական գոտում, որին բնորոշ են տեղումների սակավությունը և ամառային ամիսներին և դրանց նախորդող և հաջորդող 1-2 ամիսների ընթացքում գերիշխող չոր քամիները: Այստեղ կարևոր է նաև Երևանի դիրքը, որը գտնվում է, գոգավորության մեջ, քանի որ մայրաքաղաքի ամենաբարձր և ամենացածր կետերի տարբերությունը պաշտոնապես 450-500 մետր:
Կանաչապատում
Մինչ 1991թ. Երևանի գործող գլխավոր հատակագծի և գոտիավորման քարտեզի համաձայն մայրաքաղաքի կանաչ տարածքները պետք է հասնեին 40%-ի և այդ ժամանակատհատվածի դրությամբ մեկ շնչին բաժին հասնող կանաչ տնկարկների 11-12քմ, ինչը կրկնակի անգամ պակաս էր պահանջվողից, իսկ այժմ այդ ցուցանիշը կազմում է 7.8քմ:
Ժամանակակից մեծ քաղաքն, ընդհանրապես, փոխում է բնության գրեթե բոլոր բաղկացուցիչ տարրերը, քանի որ այնտեղ տեղի են ունենում բնական միջավայրի վրա առավել կենտրոնացված տեխնածին ճնշումներ։
Քաղաքային միջավայրում մարդու օրգանիզմի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններն են՝ անբարենպաստ բնական կենսապայմանները, որոնք վատթարացել են տարածության ուրբանիզացիայի արդյունքում, օդային ավազանի, հողերի և ջրերի աղտոտումը, մարդածին և արտադրական աղմուկի, ջերմային կղզիների, էլեկտրամագնիսական և ճառագայթային ֆոնի ազդեցությունները:
Երևանի կանաչապատման խնդիրներն առավել արդիական են որպես հարավային քաղաք՝ նկատի ունենալով ջերմային սթրեսի ազդեցությունը բնակչության վրա։
Քաղաքի տարածքի լայնածավալ կանաչապատումը մեղմացնում է ջերմային ֆոնը, պաշտպանում է փոշու մեծ զանգվածներ տեղափոխող տաք քամիներից և կարգավորում քաղաքի միկրոկլիման։ Բուսական ծածկը զգալիորեն ազդում է մակերեսային ալբեդոյի վրա, փոխելով արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը, այդպիսով հանդիսանալով տարածքի ջերմաստիճանային ռեժիմի հզոր կարգավորիչ։
2018-2021թթ.-ին հիմք դրվեց Երևանի միասնական և ֆունկցիոնալ կանաչապատման գաղափարին, և մեկնարկվեց համապատասխան աշխատանք, որի արդյունքում մշակվեց քաղաքի կանաչապատման համակարգի վերակազմակերպման ծրագիրը։ Այն ներառում էր ապացուցողական լուծումների որոնումը և Երևանի կանաչ ֆոնդի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Ծրագրի հիմնական նպատակը քաղաքի կանաչ ֆոնդի կառավարման և ծառերի ու թփերի պահպանման նկատմամբ մշտադիտարկման միասնական համակարգի ստեղծումն էր:
2019թ․ դեկտեմբերին Երևանի ավագանու կողմից հիմնադրվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Կազմակերպության հաստիքացուցակում ներառված էին բոլոր այն մասնագիտական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են կանաչ տարածքների ստեղծման, խնամքի և պահպանության համար։
2020թ. սկսվեցին կանաչ ֆոնդի կադասրի ստեղծման աշատանքները, որտեղ մեկտեղված էր միասնական տեղեկատվությունն ինչպես բույսերի, այնպես էլ կանաչ տարածքների վերաբերյալ, մեծածավալ գնումներ կատարվեցին` ջրցաններ, բույսերի սրսկման մեքենա և այլն։
Հատուկ անդրադառնանք 2023թ. մեկնարկած այսպես կոչված «ծառերի փոխարինման» ծրագրի շրջանակներում կիրառված մեթոդաբանությանը, որի արդյունքում քաղաքի Մոսկովյան, Սայաթ-Նովա և Ուլնեցի փողոցների հատվածներում առջացան էկոծառայություններից զուրկ փողոցներ` ամբողջական ստվերի բացակայություն, բարձր ջերմաստիճանի մշտական առկայություն, տասնյակ տարիների աճ պահանջող բույսեր։
Անդրադառնալով ծրագրային միջոցառումներին՝ Երևանի 2023-2028թթ. կանաչապատման զարգացման հեռանկարների վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները.
- կատարել ճշգրտումներ քաղաքի Գլխավոր հատակագծում և մշակել գիտահեն էկոլոգիական լանդշաֆտային ծրագիր, որը կներառի քաղաքի ըստ իրենց ֆունկցիոնալ օբյեկտների կանաչապատման և բարեկարգման, նախագծման, շինարարարության և պահպանման հիմնական խնդրահարույց հարցերը,
- սկսել Երևանի միասնական քաղաքաէկոլոգիական կարկասի կառուցվածքի ձևավորումը
- մշակել մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ձևավորման հայեցակարգը
- լրամշակել և բարեփոխել Երևանի ավագանու 2009թ. 36-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները»՝ ներառելով նոր կարգավորումներ կանաչապատ տարբեր օբյեկտներում քաղաքային կանաչ տարածքների պահպանման վերաբերյալ
- վերակազմակերպել և օպտիմալացնել քաղաքի առկա կանաչ տարածքները՝ համաձայն ժամանակակից մոտեցումների և քաղաքային միջավայրի հիգիենիկ պահանջների
- շարունակել դեռևս 2020-2021թթ. մեկնարկած կանաչ տարածքների վիճակի գնահատման և գույքագրման, ինչպես նաև կանաչ տարածքների կադաստրի ստեղծման գործընթացը, որպես քաղաքի կանաչ ֆոնդի մասին տեղեկատվության ինտեգրման և կառավարչական որոշումների կայացման համակարգի հիմք
- իրականացնել քաղաքի կանաչ տարածքների վերակառուցումը, ընդ որում՝ ծառերի և թփերի վերականգնողական տնկումները պետք է իրականացվեն բացառապես մշակված վերակառուցման նախագծերին համապատասխան
- 2019թ. ստեղծված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ հիմքի վրա շարունակել քաղաքի կանաչ տնտեսության նյութատեխնիկական բազայի վերազինումը, այդ թվում բույսերի հետազոտության համար մասնագիտական սարքավորումների ձեռքբերում
- ընդլայնել քաղաքային տնկարանի հնարավորությունները՝ դրա շահագործվող մասը ներկայիս 5հա-ից հասցնելով 15հա
- կանաչապատման համար նախատեսված հողատարածքների ընդհանուր մակերեսի ավելացում՝ քաղաքին հարակից տարածքների կանաչապատմամբ և ազատ քաղաքային տարածքների հաշվին
- ավելացնել քաղաքային կանաչապատման ընդհանուր տարածքները թաղարային կանաչապատման միջոցո
- շարունակել քաղաքային տնկարանում ստեղծել Երևանի պայմանների համար նախընտրելի բույսերից համակցումներ և ժամանակավոր ցուցադրական պուրակներ
- ոռոգման ենթակառուցվածքի արդիականացում՝ կաթիլային, հորատային, խողովակային ցանցեր, Երևանի ցայտաղբյուրների ջրի շրջանաձև օգտագործում
- ավելացնել մշտադալար սաղարթավոր և փշատերև ծառատեսակների կազմը՝ հասցնելով դրանք 30%-ի, միաժամանակ ավելացնել ծաղկող ծառերի և թփերի տեսակային կազմը
- Երևանի կանաչապատման գործընթացում կիրառել թփերի զանգվածներ, ինչպես խմբակային տնկարկների, այնպես էլ ցանկապատերի տեսքով՝ ավելացնելով տեղային ֆլորայի բույսերի տեսականին՝ քաղաքում ավելի կայուն էկոհամակարգ ստեղծելու նպատակով
- հատուկ ուշադրություն դարձնել Երևանի ուղղահայաց կանաչապատմանը՝ շենքերի պատեր, տանիքներ, ստորգետնյա կայանատեղիներ, ստիլոբատներ
- ընտրել ծառերի, թփերի, սիզամարգերի խառնուրդների և ծաղիկների տեսականի՝ առավել ընդգծված ֆունկցիոնալությամբ՝ բարելավելու օդային միջավայրի վիճակը, միկրոկլիմայի ցուցանիշները և նվազեցնել աղմուկի մակարդակը
- հատուկ գիտական գրականության հիման վրա՝ Երևան քաղաքի համար ընտրել ծառերի և թփերի տեսականի՝ ընդգծված դեկորատիվ և էսթետիկ հատկանիշներով (ծառերի ու թփերի ճյուղավորման բնույթը, սաղարթների ձևն ու գույնը, ծաղկման տևողությունը)
- ապահովել կանաչապատման շրջամյա դեկորատիվ և էսթետիկ էֆեկտ՝ գունային սխեմաների մշտական փոփոխությամբ և շարունակական ծաղկման այգիների ստեղծմամբ
- ապահովել հոգեհուզական հարմարավետություն՝ հաշվի առնելով լանդշաֆտային կոմպոզիցիաների կառուցման ընդունված սկզբունքները
- բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային կանաչ տարածքների պահպանումը որպես Երևանի վարչական շրջանների լիազորության ամրագրում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից մշակվող ընդհանուր նորմերի և քաղաքակականության հիման վրա
- ջրային տնտեսության ոլորտի կառույցների հետ համագործակցություն՝ առկա շատրվանների վերաշահագործման կամ վերանորոգման նպատակով
- ջրային կառույցների շահագործման և պահպանման երկարաժամկետ ծրագրում շրջանաձև վերաօգտագործման ենթակառուցվածքի ներդնում
- շարունակել դեռևս 2021թ.-ին մեկնարկած մանկապատանեկան կենտրոնների սաների համար էկոկրթության դասերը՝ հետագայում ներառելով ծրագրում հանրակրթական դպրոցների աշակերտներին
Ինչպես նշվեց վերը, ծրագրային միջոցառումներից է կանաչ նոր գոտիների ստեղծումը։ Մայրաքաղաքում նոր կանաչ գոտիների ստեղծման միջոցառումները ենթադրում են նախկինում սիզամարգ եղած, սակայն հիմնականում 2000թթ.-ներին ասֆալտապատած կամ սալիկապատած հատվածների վերականգնումը։ Այս գործընթացը մեկնարկել էր 2018-2021թթ. և, անշուշտ, նոր թափով շարունակական բնույթ է կրելու։
Մեր նախնական դիտարկմամբ, այդպիսի տարածքների վերականգնման արդյունքում մայրաքաղաքի կանաչ ֆոնդի մակերեսը կարելի է ավելացնել ընդհուպ մինչև մի քանի տասնյակ հեկտարով։
Երևանում բնական միջավայրում էտման արդյունքում և տերևաթափից առաջացած բիոթափոնները պետք է վերադարձվեն Երևանի հողային հատվածներ՝ ապահովելով գործընթացի շրջանաձևությունը և միկրոէլեմենտների սնուցումը քաղաքի հողային շերտին։ Այդ նպատակով, որպես ենթակառուցվածքների հզորացման միջոցառում նախատեսվում է ձեռք բերել բիոթափոնների մանրացման փոքր և միջին չափերի մեքենաներ։
Շրջակա միջավայրի պահպանություն
Երևանի շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ վերջին տարիներին իրականացված ուսումնասիրությունների տվյալները ցույց են տալիս, որ օդի, ջրի, հողի, ֆիզիկական ալիքային ազդեցության, հատկապես՝ աղմուկի, կանաչապատման ու կենսաբազմազանության պահպանման գրեթե բոլոր նախաձեռնություններում թերացումները շատ են․
- օդի աղտոտման զգալի աճ՝ փոշու, ազոտի երկօքսիդի և այլ աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների հաճախակի գերազանցումների շնորհիվ, որն ուղղակի վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար. օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են բնական, այսինքն բաց տարածքներից, շենքերից, կառույցներից բնական ճանապարհով առաջացող փոշին, երկրորդը՝ հանքավայրերն են, երորրդը՝ կետային շինարարարությունը
- քաղաքի հիմնական երկու գետերը՝ Հրազդանը և Գետառը, ինչպես նաև Երևանյան լիճն ունեն ցածր որակական ցուցանիշներ, քանի որ պարբերաբար գերազանցվում են նիտրիտների, ամոնիումի, ԹԿՊ 5-ի, ֆոսֆատների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ինչը տվյալ ջրային օբյեկտները դարձնում է վտանգավոր մարդու կենսագործունեության համար
- դեռևս 2004թ. կազմված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ներկայացվել էր քաղաքի հողերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության պատկերը, որը հետևանք է քաղաքի նախկին արդյունաբերական զարգացած քաղաք լինելու, սակայն այս ուղղությամբ ևս գրեթե ոչ մի էական աշխատանք չի կատարվել
- փորձը ցույց է տալիս, որ չեն պահպանվում աղմուկի թույլատրելի մակարդակները պահպանելու նույնիսկ ամենատարրական նորմերը. փողոցների գերծանրաբեռնվածությունը, գիշերային ժամերի անկանոն ռեստորանային կյանքը, հրավառությունները և այլն, քաղաքը դարձնում են սթրեսածին տարածք
- քաղաքն ունի կենսաբազմազանական որոշակի կղզյակներ, ինչպիսին է, օրինակ, Հրազդանի կիրճը, որոնք սակայն լրացուցիչ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն, քանի որ օդը, հողը և ջուրը խիստ աղտոտված են
Այս առումով, որպես լուծման միջոցառումներ առաջարկվում է՝
- կազմել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրեր, որտեղ կհասցեագրվեն բոլոր խնդիրները, կհստակեցվեն դրանց լուծման ժամանակացույցերը և խստիվ կպահպանվի դրանց ժամանակին իրագործումը
- այս պահի դրությամբ՝ Երևան մտնող հատվածում Գետառի ջուրը մաքուր է, սակայն դուրս գալու կետում աղտոտված, ուստի անհրաժեշտ է կատարել քաղաքի վարչական սահմաններում առկա կոյուղագծերի կետերի գույքագրում, որից հետո կատարել նախագծային աշխատանքներ, ինչի արդյունքում կամ վերացնել այդ կետերը, կամ միացնել քաղաքի հիմնական կոյուղու ընդհանուր համակարգին, իսկ հեռանկարում՝ վերանայել Գետառի հունի բացելու հնարավորությունը
- կեղտաջրերի մաքրման «Աերացիա» կայանն անհրաժեշտ է վերագործարկել, քանի որ մայրաքաղաքում օրեկան ավելի քան 400 հազար խմ կեղտաջուր է լցվում շրջակա միջավայր և օգտագործվում որպես ոռոգման ջուր
- մայրաքաղաքի և շրջակայքի բաց հանքերի՝ առանց բնապահպանական նորմերի պահպանման շահագործման նկատմամբ կոշտ վերահսկողական մեխանիզմների կիրառում
- համապատասխան առաջարկություններ կներկայացվեն պետական լիազոր մարմիններ՝ նոր նորմատիվ իրավական բազայի ընդունման վերաբերյալ, որոնք մի կողմից կբարելավվեն հսկողությունը և մյուս կողմից կնպաստեն էկոլոգիապես ընդունելի մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը՝ քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում
- հաշվի առնելով Երևանի դիրքը՝ անհրաժեշտություն կլինի համագործակցել քաղաքի վրա ուղղակի ազդեցություն ունեցող մերձակա այլ բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների՝ խնդիրներին համալիր լուծումներ տալու նպատակով
- քաղաքի զարգացման բոլոր նախաձեռնություններում կկիրառվի համալիր մոտեցում՝ դրանցում ներառելով բնապահպանական ազդեցությունները
- քաղաքում կխթանվեն «մարդ-բնություն» կապը զարգացնող ծրագրերը
Աղմուկի կառավարում
Գերմանացի գիտնական, բժիշկ-մանրէաբան Ռոբերտ Կոխն ասել է․ «Կգա այն օրը, երբ մարդկությունը ստիպված կլինի պայքարել աղմուկի դեմ նույնքան անխնա, որքան ժանտախտի»։
Տասնամյակներ առաջ մեծ թափով սկսված և մինչ օրս ընթացող Երևան քաղաքի հիպերուրբանիզացիան հանգեցրել է քաղաքաշինական, կլիմայական և սոցիոմշակութաբանական մի շարք խնդիրների: Նշված սոցիոմշակութաբանական խնդիրներն էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի ոլորտի, սակայն որոնց ընդհանուր ձևակերպումն է «քաղաքային ընդհանուր համակեցության կանոնների խաթարվածությունը», որի բազում դրսևորումներից մեկը Երևանի, հատկապես՝ կենտրոնի աղմուկն է:
2019թ. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ կազմած աղմուկի քարտեզով արձանագրվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում աղմուկի մակարդակը զգալի գերազանցում է թույլատրելի շեմը:
Առողջապահության համաշխարհային կազմակեպության տվյալներով քաղաքային միջավայրում աղմուկի ազդեցությունը խիստ բացասական դրսևորումներ է ունենում մարդու առողջության վրա։ Երկարատև ազդեցության դեպքում թույլատրելի նորմերի նույնիսկ աննշան գերազանցումը կարող է հանգեցնել օրգանիզմի համար բացասական հետևանքների: Սակայն կան նաև միջակայքեր, որոնց դեպքում մարդու առողջությանը զգալիորեն վնաս կհասցվի նույնիսկ կարճաժամկետ ազդեցության դեպքում:
Երևանում, ինչպես և այլ մայրաքաղաքներում, քաղաքային աղմուկի հիմնական գեներատորներն են տրասպորտը և ավտոմեքենաները, վերջիններիս կողմից արձակվող ձայնային ազդանշանները, մեքենաներից և հանրային սննդի օբյեկտներից հնչող երաժշտությունը, շինարարական աշխատանքները։ Լռության չպահպանումը բացի վարչական իրավախախտում հանդիսանալուց, նաև սանիտարահիգիենիկ պահանջների խախտում է։
Երևանի ավագանու 2019թ․ 175-Ն որոշմամբ Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանվել են 23.00-07.00: Սակայն գործնականում պահանջի պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրը մնում է բաց։
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս համապատասխան սարքերի միջոցով նախ և առաջ չընդհատվող մշտադիտարկել քաղաքի աղմուկի մակարդակը։ Հարկ է, որպեսզի Երևանի ավագանին ընդունի Երևանի աղմուկի կառավարման պլանը, որտեղ ՀՀ ԱՆ հետ համատեղ աշխատանքի արդյունքում սահմանի նաև աղմուկի թույլատրելի առավելագույն շեմը։ Սրան պետք է հետևեն աղմուկի նվազեցման գործնական և իրավական քայլերը։ Մասնավորապես՝
1․ Երևանի քաղաքապետի 1998թ․ 617 որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի տարածքում հանրային սննդի կազմակերպման ու իրացման լիցենզիաների տրման կարգում» կատարել լրացում, ըստ որի կարգելվեն հանրային սննդի օբյկետի «կարմիր գծից» (արտաքին պատից) դուրս դեպի փողոց ուղղված և երաժշտություն սփռող ձայնային բարձրախոսները։
2․ Աշխատանք ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան կարգավորումների ամրագրումը, ըստ որոնց, նաև հետագայում տեխնիկական համալրմամբ կկանոնակարգվի ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումը։
3․ Այսպես կոչված «խելացի» գնումների կազմակերպում, այդ թվում հետագայում գնվող հանրային տրանսպորտային միջոցների գնման տեխնիկական բնութագրերում աղմուկի մակարդակի սահմանափակում։
4․ Աղմուկի նվազեցմանը կարող է նպաստել նաև երթևեկության ռացիոնալ կազմակերպումը (միակողմանի երթևեկության կազմակերպում), երթևեկության ինտենսիվության նվազեցումը, օրինակ՝ կենտրոնում երթևեկության որոշակի սահմանափակում՝ հատկապես հանգստյան օրերին, ներթաղամասային տարածքով միջանցուկ երթևեկության բացառումը և այլ ձայնամեկուսիչ տեխնիկական միջոցառումներ։
- Հանրային իրազեկման միջոցառումների անցկացում՝ վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ՝ հատկապես երեկոյան և գիշերային ժամերին Երևանի բանուկ հատվածներում մարդածին աղմուկի նվազեցման նպատակով։
6․ Հանրային վայրերում երաժիշտների գործունեության կանոնակարգում։
Թափառող կենդանիներ
Բոլոր զարգացող քաղաքներում միջավայրի պահպանության ոլորտում բարդ հիմնախնդիր է թափառող կենդանիների թվաքանակի վերահսկողությունը, քանի որ անմիջապես կապված է միջավայրի անվտանգության և հանրային առողջապահության հետ։ Սոված ու հիվանդ շների տեսարանը մտահոգիչ է ոչ միայն կենդանասերների, այլև բոլոր մարդկանց համար և կարող է վարկաբեկել տվյալ համայնքը։ Մինչդեռ այս կենդանիների մեծ մասը կարող է լինել հավատարիմ տնային և ծառայողական կենդանի, իսկ գլխաքանակի վերահսկման արդյունավետ ծրագրի իրականացման արդյունքում նրանք կդառնան անվտանգ և ժամանակի ընթացքում այլևս չեն լինի փողոցներում։
Ոչնչացումն անգամ մարդասիրական տարբերակներով աշխարհի որևէ քաղաքում հաջողություն չի ունեցել։ Թափառող շների քնեցումը նույնիսկ փոքր տիրույթում գործնականում անհնարին է իրականացնել այնպիսի արագությամբ ու արդյունավետությամբ, որպեսզի ոչնչացվեն բոլորը և դրանով իսկ արմատախիլ արվի թափառող շների հիմնախնդիրը, հատկապես երբ ցանկացած կենդանատեսակի զանգվածային ոչնչացման դեպքում կենդանի մնացածները սկսում են ավելի արագ բազմանալ։ Կենսունակության տեսանկյունից ավելի արդյունավետ ու ճիշտ ծրագրի իրականացման արդյունքում հանրային միջոցները հնարավոր կլինի զգալիորեն խնայել և հնարավորություն կընձեռի արմատականորեն լուծել թափառող կենդանիների հիմնախնդիրը։
Կարևորելով քաղաքային միջավայրի անվտանգության հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաև ներդնելով միջազգային արդյունավետ փորձը՝ մարդկանց ու կենդանիների ամենօրյա փոխգործակցության արդյունքում առաջացող հասարակական հարաբերությունները կանոնակարգելու նպատակով 2018թ.-ին Երևանը որդեգրեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, անտուն կենդանիների զարգվածային ոչնչացման արգելքի, թափառող շների թվաքանակի վերահսկման քաղաքականությունը։
Իրականացված ուսումնասիրությունների և գիտական տվյալների հիման վրա վերլուծելով կարող ենք ամփոփել, որ տիրույթի փաստացի տվյալներին համաչափ՝ աշխարհագրական դիրք, բնակլիմայական պայմաններ, բնակչության խտություն, ռեսուրսներ և այլն, Երևանում շների տարողունակության սահմանը տատանվում է 15000-20000-ի միջև։ Թափառող շների գոյությունը քաղաքային միջավայրում հասարակության սխալ կենսագործունեության արդյունք է, նրանք չեն կարող գոյատևել առանց մարդու, շների թիվն աճում ու նվազում է բնակչության թվաքանակին համաչափ։ Քաղաքի գերբնակվածության և աղբի ծավալի հետևանքով շների գլխաքանակի խտությունը Երևանում բարձր է, 85 բնակչին՝ 1 շունն առավել ճշգրիտ ցուցանիշն է։
Հանրային առողջապահության ու միջավայրի անվտանգության, կենդանիների պաշտպանության և բարեկեցության ապահովման նկատառումներով անհրաժեշտ է իրականացնել համաքաղաքային նշանակության մի շարք գործողություններ, որոնց իրականացումը մեկնարկել է 2019թ. հիմնախնդրի լիարժեք լուծումն ապահովելու նպատակով հիմնադրված «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ը։
- Մշակել և իրականացնել թափառող կենդանիների թվաքանակի վերահսկման ռազմավարություն և գործողությունների ծրագիր․
- կարճաժամկետում կազմակերպել զանգվածային ամլացման, պատվաստման, թեսթավորման, կենդանիների բարեկեցության այլ կապակցված գործողությունների համալիր աշխատանքներ,
- ամբողջական տվյալների մուտքագրմամբ հաշվառել և քարտեզագրել համայնքի և նախաձեռնող խմբերի կողմից ամլացված, որդեգրման տրված, տարբեր գործողությունների ենթարկված կենդանիներին,
- գլխաքանակի կրճատման ծրագրում ամրագրել կենդանիների քնեցման հստակ չափորոշիչները՝ բացառելով զանգվածային ոչնչացումը։
- Գործարկել կենդանիների նույնականացման և համարակալման թվային համակարգ և ապահովել նրանց նույնականացումը. իրականացնել տնային, մարդու հետ նույն տարածքում պահվող, մարդու տիրապետության ներքո գտնվող բոլոր կենդանիների գրանցում և նույնականացում։
- Արդյունքի կայունացման ու շարունակականության նպատակով նախաձեռնել ենթակառուցվածքների զարգացման մի շարք գործողություններ նեռյալ կենսաբանական թափոնների հավաքմանն ու ոչնչացմանն ուղղված աշխատանքներ։
- Լրամշակել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմուքի՝ պահման, սնուցման և վարվեցողության ընդհանուր կանոնները, որոնք կներառեն ինչպես տնային, այնպես էլ թափառող կենդանիներին, համայնքային, հասարակական կազմակերպությունների և մասնավոր կացարանների գործունեությունը։
- Վերանայել տան պայմաններում ընտանի կենդանիներ պահելու և կապակցված վճարները, մասնավորապես յուրաքանչյուր տարվա համար նախատեսված՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված քաղաքային համայնքների տարածքում ընտանիկենդանիներ պահելու թույլտվության համար տեղականտուրքը։
- Ստեղծել կենդանիների հիմնախնդիրների հանձնախումբ. ստեղծել թափառող կենդանիների հիմնախնդիրների միջգերատեսչական և հանրային հանձնաժողով՝ պատկան մարմինների, մասնագիտական հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ի հավելումն՝ ոլորտում մասնագիտացած գիտական և հասարակական խմբերի հետ համատեղ փորձագիտական աշխատանքային խումբ, որի շրջանակներում հաստատել ոլորտային նախագծեր, ստեղծել նոր, արդյունավետ ձևաչափեր ու ընթացակարգեր։
- Գործարկել բնակչությանը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտին առնչվող ծառայությունների մատուցման նախագծեր։
- Հստակեցնել բնակիչների տնային կենդանիների զբոսանքի վայրերի հատկացումը և շահագործման հանձնված 2 հատվածին ավելացնել ևս 1-ական յուրաքանչյուր վարչական շրջանում
- Իրականացնել կրթական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
- Ընդլայնել ոլորտում պետական, համայնքային, հանրային, միջազգային համագործակցության հնարավորությունները և վերահսկողության շրջանակները։
ԲԱԺԻՆ III.
ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Քաղաքի շարժման ընդհանուր ինտեգրված համակարգումը քաղաքային պլանավորման կերևորագույն մաս է։ Մեր վերջնարդյունքները պետք է լինեն՝ ճանապարհային ցանցի զարգացումը, ավտոկայանման կարգավորումը, հետիոտնի տեղաշարժման ներառումը, հեծանիվի, ինքնագլորի, մոտոտեխնիկայի և այլ ակտիվ շարժման սխեմաների մշակումը, հանրային տրանսպորտի կազմակերպումը։
Երևանի տրանսպորտը քաղաքի զարգացման, քաղաքի բնակիչների կենցաղում ամենաառանցքային կարևորությունն ունեցող ոլորտներից է։ Հարմարավետ և անվտանգ հանրային տրանսպորտը քաղաքացուն Ա կետից Բ կետ տեղափոխելուց բացի մի շարք այլ կենսական խնդիրներ է լուծում։ Զարգացած հանրային տրանսպորտն ավելացնում է քաղաքի շարժունակությունը, նպաստում է տնտեսական ակտիվության աճին․ զարգացած հանրային տրանսպորտ՝ նշանակում է ավելի քիչ անհատական ավտոմեքենաների օգտագործում, ավելի քիչ խցանումներ, հետևաբար՝ ավելի քիչ արտանետումներ։ Այս տեսանկյունից, զարգացած հանրային տրանսպորտը նաև կարևոր բնապահպանական նշանակություն ունի։
Հանրային տանսպորտի զարգացման մեր տեսլականն ընդհանուր առմամբ քաղաքի երթևեկության կառավարման հարցում հիմնված է հետևյալ կարևոր կետերի վրա․
- ժամանակակից, հարմարավետ, անվտանգ և «կանաչ» շարժակազմի առկայություն, որը ամբողջովին կփոխի երթևեկության տրամաբանությունն ու փիլիսոփայությունը,
- հանրային տրանսպորտի առավելությունների հանրահռչակում․ քաղաքային իշխանությունը պետք է գործնականում ցույց տա, որ նախընտրելով հանրային տրանսպորտը, երևանցին շահում է ժամանակ, նյարդեր, ֆինանսական միջոցներ, կարճաժամկետ հեռանկարում՝ առողջություն, իսկ երկարաժամկետում՝ նաև քաղաքի կայուն զարգացում,
- որակյալ հանրային տրանսպորտի առկայությունը կխթանի այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը, հնարավորություն կտա բեռնաթափել քաղաքի կենտրոնը, կօգնի կարգավորել կայանատեղիների խնդիրը, զարգացնել հեծանվուղիները, մի շարք փողոցներ ժամանակավորապես՝ շաբաթվա որոշակի օրերին կփակվեն մեքենաների երթևեկության համար։
Մինչև 2018թ. Երևանի տրանսպորտը կառավարվում էր դեռևս 1990-ական թվականներին ձևավորված ու հետագա տարիներին արմատավորված կոռուպցիոն կապերի սպասարկման տրամաբանությամբ։
2019-2021թթ. տրանսպորտային բարեփոխման առաջմղման հարցում ահռելի աշխատանք կատարվեց։ Հիմք ընդունելով ավելի վաղ բրիտանական «Դաբլյու Ուայ Ջի» կազմակերպության տրամադրած խորհրդատվությունը՝ քաղաքը սկսեց ձեռք բերել նոր շարժակազմ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկայարաժամկետ նախագծմամբ մայրաքաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս (8․5, 12 և 18մ) և 101 տրոլեյբուս։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, թերևս երբևէ առաջին անգամ՝ Երևանի ժամանակակից պատմության մեջ, Երևան համայնքը սեփական միջոցներով սկսեց գնել հանրային տրանսպորտ շարժակազմեր։ Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ 2020թ. գնվեցին 100 Գազել-Սիթի-Նեքսթ կոմպակտ ավտոբուսներ, 2021թ.՝ 211 Ժոնգ Տոնգ մակնիշի 8,5մ ավտոբուս, պատվիրվեց նույն դասի ևս 100 ավտոբուս, որոնք Երևան ներկրվեցին 2022թ.։
2021թ. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության հետ միասին ստորագրեց համաձայնագիր, որի համաձայն հետագայում ձեռք բերվեց ՄԱՆ մակնիշի 12մ 86 ավտոբուս։ Հարկ է շեշտել, որ ձեռքբերված բոլոր տրանսորտային միջոցները մատչելի են, կահավորված են տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց հարմարություններին համապատասխան՝ ունեն ցածր թափք, հարմար թեքահարթակներ, առանձնացված տեղեր։
Բացի շարժակազմի ձեռքբերման գործընթացից, քաղաքը ձեռնարկեց նաև ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցման, կանգառասրահների արդիականացման և միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։ 2021թ. կայացավ միասնական տոմսային համակարգի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքները հետագայում անհասկանալի պատճառներով չեղյալ հայտարարվեցին, ինչի հետևանքով միասնական տոմսային համակարգը մինչ օրս չի ներդրվել։
Հաջորդ հնգամյակի ընթացքում մեր թիմը հանձնառու է շարունակել և խորացնել մեկնարկած համալիր բարեփոխումը՝ ավելի շատ կենտրոնանալով հանրային տրանսպորտի սպասարկման որակի բարձրացման վրա, ձգտելով ընդգծել հանրային տրանսպորտի առավելությունը մասնավոր տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Նախատեսվող պարտադիր միջոցառումներից է՝ ներդնել հանրային տրանսպորտի կառավարման ընդհանուր ծրագիր հաջորդիվ երթևեկության թվայնացված հավելվածի, ինչպես նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի կարևորագույն բաղադրիչով, ինչը նվազագույնին կհասցնի կոռուպցիոն ռիսկերը, կապահովի անխափան ֆինանսական հոսքեր, հնարավորություն կտա ուղևորներին վճարել ժամանակակից տեխնոլոգիաներին հասու բոլոր միջոցներով։
Ողջամիտ ժամկետներում անհրաժեշտ է ավարտին հասցնել ավտոբուսային կայանների կառուցումը և ապահովել շարժակազմի պատշաճ սպասարկումը՝ լիցքավորում, լվացում, վերանորոգում։
Որպես հանրային տրանսպորտի առավելություններն ավելացնող քայլ հարկավոր է ներդնել ավտոբուսների համար առանձնացված գծերի համակարգված ցանց՝ հրաժարվելով չարդարացված կիսաքայլերից։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարման շրջանում և նախաձեռնությամբ մայրաքաղաքն ավելի մեծ լիազորություններ ստանձնեց երթևեկության կազմակերպման ոլորտում, որը գործարկվեց 2022թ.։ Մասնավորապես, քաղաքին վերապահվեցին ճանապահների գծանշման աշխատանքները։ Այս լիազորությունը քաղաքը ստանձնեց այն հավատով և գիտակցվությամբ, որ կարելի է այս աշխատանքը կազմակերպել ավելի արդյունավետ ձևով։
Հաջորդ հնգամյակում մենք հանձնառու ենք կազմակերպել այս գործընթացն ավելի որակյալ ու թափանցիկ կրկին մեր քաղաքացիների անվտանգության և երթևեկության հարմարավետության նշանաբանի ներքո՝ ձգտելով ավելի հետիոտնամետ դարձնել Երևանը, հատկապես քաղաքի մշակութային և զբոսաշրջային կենտրոնը, ավելի ու ավելի մեծ առավելություն տալով հետիոտնին և այլընտրանքային փոխադրամիջոցներին՝ մեքենաների նկատմամբ։
Հաշվի առնելով Երևանի ռելիեֆի առանձնահատկությունները՝ ձգտել զարգացնել հեծանվային և այլընտրանքային այլ փոխադրամիջոցների համար նախատեսված ուղիների ցանցը։ Երևանում հեծանվային տրանսպորտի զարգացման հնարավորությունների մասին շատ է խոսվել։ Այս հարցը շարունակում է բավականին իրարամերժ կարծիքների բախման առիթ մնալ։
Դեռևս 2012թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Երևան քաղաքում հեծանվային տրանսպորտի զարգացման անհրաժեշտությունը և հնարավորությունները» թեմայով հետազոտություն է իրականացվել և ներկայացվել Երևանի քաղաքապետարան, որի շրջանակներում վերլուծվել են մայրաքաղաքի տեղադիրքի, ենթակառուցվածքների, կառուցապատման առանձնահատկությունները և դրանց ֆոնին հեծանվային տրանսպորտի զարգացման հեռանկարները։ Ավելորդ է խոսել հեծանվային տրանսպորտի բնապահպանական, առողջապահական, սոցիալ-տնտեսական առավելությունների մասին։ Երևանի պարագայում հարկ է առանձնացնել քաղաքային պլանավորման առավելությունները, քանի որ հեծանիվը կարճ տարածությունների ուղևորափոխադրումների համար մյուս տրանսպորտային միջոցների համեմատ շատ ավելի շարժունակ է, ունի «համեստ» պահանջներ։ Հեծանվային արահետները զբաղեցնում են անհամեմատ ավելի փոքր տարածքներ։ Հեծանվակայանատեղերը մոտ 6 անգամ քիչ տեղ են զբաղեցնում՝ մոտ 2քմ, քան մեքենատրանսպորտը՝ մոտ 12քմ։
Վերլուծությունը վերհանել է նաև Երևանում հեծանվային տրանսպորտի զարգացմանը խոչընդոտող մտավախությունները, մասնավորապես՝ բնակչությունը չի վարի հեծանիվ, քանի որ այն չի համապատասխանում մեր մտածելակերպին, քաղաքն ունի բարդ ռելիեֆ և շատ են թեքությունները, փողոցները նեղ են և հնարավորություն չկա կառուցել հեծանվային արահետներ։
Վերջին տարիներին աշխարհում տեխնոլոգիական հսկայական թռիչքներ են տեղի ունեցել, մասնավորապես՝ ստեղծվել են նոր, ավելի արդյունավետ մարտկոցներ, ինչը հնարավորություն է տվել զարգացնել նաև էլեկտրական մեքենաների, մոտոտեխնիկայի, ինքնագնացների, հեծանիվների և այլ տրանսպորտային միջոցների ոլորտները։
Երևանում ևս ինտենսիվ ձևով օգտագործվում են ցածր հզորության էլեկտրական տրանսպորտի միջոցներ, որոնք փաստացի դարձել են խնդիր՝ դրանց համար նախատեսված արահետների բացակայության պատճառով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում մեքենաների միջին արագությունը չի գերազանցում 20կմ/ժ, իսկ այս պարագայում էլեկտրական տրանսպորտային միջոցներն ու հեծանիվները կարող են երթևեկել 10-20կմ/ժ արագությամբ ու դառնալ մեքենաների համար լուրջ մրցակից։ Եթե այս ամենին գումարենք դրանց սոցիալ-տնտեսական, բնապահպանական, հոգեբանական, էսթետիկ և այլ դրական կողմերը, ապա պարզ կլինի, որ քաղաքն ունի առանձացված արահետների ցանցի ստեղծման կարիք։
Բոլոր դեպքերում, հաշվի առնելով թե՛ Երևանում ավտոմեքենաների քանակի ավելացմամբ պայմանավորված բնապահպանական և երթևեկության օր-օրի վատթարացումը, թե՛ հեծանիվների նկատմամբ ազգաբնակչության մոտ աճող հետաքրքրությունը, առաջարկվում է լայն մասնագիտական քննարկում ծավալել վերլուծությամբ ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։
ԲԱԺԻՆ IV.
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Երևան քաղաքի գործող գլխավոր հատակագիծը նախատեսված էր մինչև 2020թ., սակայն մինչ նորի հաստատումն այն շարունակում է գործել։ Երևանի ավագանու 2022թ. սեպտեմբերի 13-ի 623-Ա «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու մասին» որոշման հավելվածում նկարագրված են համայնքի զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունները, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային ժառանգության և այլ սահմանափակումներին, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին վերաբերող հիմնական պահանջները, նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ցանկը և այլն։
Առաջադրանքի շրջանակներում անհրաժեշտ է վերլուծել նաև առկա իրողությունները, քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի իրագործման հետ կապված խնդիրները, հաշվի առնել նաև տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի ու հետազոտությունների արդյունքները։ Հատկապես կարևոր են նոր իրողության պայմաններում խորհրդային տարիներից ժառանգած տարածական պլանավորման փաստաթղթերի վերարժևորումը և նոր, ավելի հստակ, միևնույն ժամանակ ճկուն փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Պետք է հաշվի առնել, որ գործընթացը երկարատև է, իսկ քաղաքը դինամիկ մարմին է, հետևաբար, ցանկացած քաղաքային պլանավորման աշխատանք պետք է զուգակցվի առկա խնդիրների լուծման և ի հայտ եկող նոր իրողություններին արագ ու արդյունավետ արձագանքելու գործողություններով և մեխանիզմներով։ Հետևաբար կարճաժամկետ փուլում պետք է կատարվեն հետևյալ գործողությունները․
- Երևանի քաղաքապետարանի աշխատանքների շարունակական ավտոմատացում, որտեղ մարդկանց միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի՝ հիմք ընդունելով խելացի քաղաքի հայեցակարգը
- Որոշումներ կայացնելու հիմքում գտնվող բազային տվյալների, այդ թվում և տարածական տվյալների, անընդհատ թարմացում, թերությունների վերացում՝ կադաստրային քարտեզներ, վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքներ, տրամադրված թույլտվություններ և այլն
- Քաղաքի տարբեր վարչական շրջանների կամ դրանց առանձին հատվածների առկա գոտիավորման նախագծերի վերանայում և նորերի կազմում՝ հիմքում դնելով քաղաքային պլանավորմաննորարարական ու ժամանակակից լուծումներ ու գործիքակազմեր
- Հրաժարում այսպես կոչված կետային շինարարությունից
2018-2021թթ. Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից նախագծման թույլտվությունների և նախագծերի միանձնյա հաստատման գործառույթների փոխարեն կոլեգիալ որոշումների ձևաչափի անցման նպատակով նախաձեռնվել էր ռոտացիոն սկզբունքով գործող խորհրդի ստեղծման բազմափուլ գործընթաց, որը հաստատվել էր Երևանի ավագանու կողմից։ Փորձ արվեց երկարաժամկետ կտրվածքում քաղաքային պլանավորման փաստաթղթերի մշակման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ ժամանակավորապես որոշումների միանձնյա վարչական ընդունումը փոխարինել մասնագիտական խորհրդակցական տրամաբանությամբ։
Այն նախատեսվում էր իրականացնել ոլորտում հեղինակություն վայելող, փորձառու մասնագետների ներգրավմամբ, ովքեր պետք է առաջադրվեին արհեստավարժ դաշտը ձևավորող այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը, Հայաստանի ճարտարապետների պալատը, Միջազգային ճարտարապետների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը և այլն։
Իրականացվեց նաև նախապատրաստական միջոցառումների և հանդիպումների գործընթաց՝ միտված քաղաքի կառավարման թվային համակարգի ներդրմանը, ինչպես նաև ոլորտի գործառույթների և փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացմանը։ Մշակվեց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման նոր, պարզեցված ու ավելի տրամաբանական ձևաչափ, որը կոչված էր կառուցապատող ընկերությունների և ճարտարապետների համար հստակ և կանխատեսելի նախապայմաններ հաստատել՝ հիմնվելով գործող քաղաքաշինական նորմերի ու տարածական պլանավորման փաստաթղթերի վրա։
Երկարաժամկետում յուրաքանչյուր երևանցի և կամ ներդրող պետք է կարողանա ցանկացած տարածքում բաց և հասանելի կերպով ստանալ կոնկրետ հողակտորի նկատմամբ կառուցապատման գործող բոլոր կարգավորումներն առանց նախագծման թուլյտվության և ճարտարապետական հատակագծայի առաջադրանքի համար լրացուցիչ գործընթացների։
Միաժամանակ, կամավորության սկզբունքների հիման վրա ստեղծվեց խորհրդատվական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում տարիների ընթացքում լավագույնս իրենց դրսևորած մի քանի տասնյակ երիտասարդ մասնագետներ, վաստակաշատ ու փորձառու գործիչներ։
Սկզբունքային վերարժևորվեց գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ որպես քաղաքի ուրբանիստական զարգացման համար պատասխանատուի, ով կոչված է ոչ թե ձևավորել կամ թելադրել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճը, այլ համակարգել քաղաքաշինության ոլորտի կառավարման ու զարգացման մեջ ներգրավված բոլոր վարչական և մասնագիտական միավորները։
Քաղաքային պլանավորման կարևորագույն հիմնախնդիրներից է մնում մինչ օրս չլուծված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի ամբողջ բնակարանային ֆոնդն անհատույց մասնավորեցվեց, իսկ 2002թ. «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ բազմաբնակարան շենքի պահպանման պատասխանատվությունը գրեթե ամբողջությամբ դրվեց սեփականատերերի ուսերին։ 1998թ. ՀՀ նոր քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ դադարեց գործել Հայկական ԽՍՀ «Բնակարանային օրենսգիրքը», որով սահմանվում էին բնակարանային ֆոնդի պահպանման համար պետության պարտավորությունները, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով որևէ կարգավորում չներառվեց։
Արդյունքում, մինչ օրս ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն խնդրի պատասխանատուները և կարգավորված չեն այն դեպքերը, երբ անհրաժեշտ է հարկադիր օտարել սեփականությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ. 282-Ն «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու մասին» հրամանով հաստատված տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման արդյունքում համապատասխան աստիճանի վթարային տեխնիկական գնահատական ունեցող բազմաբնակարան շենքի անշարժ գույքի միավորները՝ դրանք վերականգնելու նպատակով, կանխարգելելու դրանց հավանական փլուզումը։
Քաղաքային պլանավորման ընդունված համաշխարհային մոտեցումն այս իմաստով հանդիսանում է ռենովացիայի ինստիտուտը, որը սեփականության իրավունքի որոշ առանձնահատկություններ հաշվի առնելով գործել է նաև ԽՍՀՄ-ում: Այս ինստիտուտի կիրառմամբ է վերականգնվում բնակելի ֆոնդը զարգացած երկրներում:
2020թ. ՀՀ վարչապետի աշխատակազմում մշակվել է «Ռենովացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։ Նախագծով իրավական հիմք է ստեղծվում բնակիչների՝ սեփականատերերի համար նույն տեղանքում, առնվազն նույն մակերեսով, տեխնիկական, սեյսմակայունության և էներգախնայողության նորարար լուծումներով և չափանիշներով բնակարան ունենալ։ Օրինագիծը սահմանում է խնդրի պատասխանատուներին և նրանց իրավասությունները։
ՀՀ կառավարության 2021թ. 376-Լ «Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումով հաստատված միջոցառումների ծրագրում ամրագրված է նաև բնակֆոնդի վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի բնակիչների բնակարանային խնդրի միջանկյալ լուծման նպատակով շրջանառու սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման իրավական հիմքերի ստեղծումը։
Այնուամենայնիվ, քանի դեռ օրենքի նախագիծն ընդունված չէ ՀՀ Ազգային ժողովի կողմից, խնդրի լուծումը մնում է գործնականում պայմանագրային հենքի վրա՝ բնակիչ-համայնք-մասնավոր-պետություն ձևաչափում, ինչն այլ ռիսկեր է պարունակում բոլոր կողմերի համար, սակայն առաջարկվում է մեկնարկել գործընթացն այս մոտեցմամբ՝ հնարավորինս կայուն պայմանագրային հիմքով ամրագրելով բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները՝ ընդհուպ մինչև համայնքի և պետության ակտիվների ներդրումով։
Այս գործընթացով․
- Հստակ սահմանվում է, թե որ դեպքում բազմաբնակարան շենքը կարող է ընդգրկվել ծրագրում: Բազմաբնակարան շենքը պետք է ունենա ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ. 282-Ն հրամանով հաստատված տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման արդյունքում մաշվածության համապատասխան աստիճանի «վթարային» տեխնիկական գնահատական: Հրամանով հաստատված աղյուսակ 2-ի համաձայն՝ խոսքը գնում է մաշվածության 4-րդ աստիճանի մասին, որն ըստ տեխնիկական վիճակի գնահատականի համարվում է «վթարային» հետևյալ ընդհանուր բնութագրմամբ. «Կրող կոնստրուկտիվ տարրերի վիճակը վթարային է, ոչ կրող տարրերինը՝ խարխուլ է: Կոնստրուկտիվ տարրերի՝ իրենց ֆունկցիաների սահմանափակ կատարումը հնարավոր է միայն պաշտպանական միջոցառումների կատարումից կամ կոնստրուկտիվ տարրերի լրիվ փոխելուց հետո»:
- Նույն տեղանքում, համարժեք, կամ առնվազն նույն մակերեսի բնակարան է տրամադրվում։
- Նոր բնակարանում բոլոր սեփականատերերի իրավունքները պահպանվում են։
- Ապահովվում է ժամանակավոր բնակությունը։
Ելնելով առկա իրավիճակից, առաջնային է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի այսպես կոչված 15 և 16 թաղամասերի 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի խնդիրը։
ԲԱԺԻՆ V.
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ինչպես հայտնի է, 2002թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքները, որոնցով սահմանվեցին բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մոդելները, սեփականատերերի բաժնային սեփականության սահմանները, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները։ Հետագայում, ՀՀ կառավարության 2007թ. 1161-Ն որոշմամբ հաստատվեցին «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանության պարտադիր նորմերը»։
Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում համատիրությունների նկատմամբ բնակչության ոչ այնքան դրական վերաբերմունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, դժվարեցնում է այս կարևորագույն ինստիտուտի կայացման բնականոն գործընթացը, քանի որ հենց՝ բնակիչների կողմից ձևավորվող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններն են հանդիսանում տեղական ինքնակառավարման առաջնային օղակ։
ՀՀ օրենսդրությամբ համատիրությունների բարեփոխումների հարցում ինքնակառավարման մարմինների իրավասությունները մեծ չեն։ Դրանք գրեթե ամբողջությամբ գործադրի և օրենսդրի իրավասության տիրույթում են, սակայն համայնքները ևս անմասն չեն այս գործընթացից։
Համատիրությունների կայացման առաջարկվող միջոցառումներից է բնակիչների կողմից վճարվող պարտադիր վճարների այս պահին գործող մի քանի էլեկտրոնային հարթակների միջոցով հնարավորությունների ստեղծումը։ Այդպիսի հնարավոր գործընկեր-հարթակներ կարող են հանդսանալ, օրինակ, վաղուց կայացած «ԱրՔա» համակարգը կամ արդեն հաջող գործող e-community.am հարթակը։
Այս բարեփոխումը հնարավորություն կտա դյուրացնել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից վճարների հավաքագրումը, քանի որ առայժմ կանխիկ և շատ քիչ տոկոս կազմող բանկային հաշվին փոխանցումների արդյունքում հավաքագրումների տոկոսը հեռու է բավարար լինելուց, ինչն անմիջականորեն ազդում է համատիրությունների աշխատանքի վրա։ Բացի այդ, քանի որ ի տարբերություն նույնիսկ արևելյան եվրոպական երկրների քաղաքներում գործող նմանատիպ վճարների չափի, Երևանում գործող պարտադիր նորմերի վճարների չափը շատ ցածր է, և այդ իսկ պատճառով մոտ 100%-ի հասնող հավաքագրումներին օժանդակող ցանկացած միջոցառում շատ կարևոր է լինելու համատիրությունների աշխատանքի համար, միաժամանակ նաև այն պատճառով, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների համաձայն՝ «Շենքում պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը»։
Հաշվի առնելով, որ օրենսդրական լրացումներն ու փոփոխությունները գործադրի և օրենսդրի իրավասությունների տիրույթում են, բարեփոխումների հստակ առաջարկներ պետք է ներկայացվեն, որոնք հնարավորություն կտան ավելացնել համատիրությունների աշխատանքի թափանցիկությունն ու արդյունավետությունը, բնակիչների մասնակցությունը։
Առկա իրավակարգումների և համատիրությունների ճնշող մեծամասնության չկայացման պայմաններում նախապատվելի է առավել մասնագիտացված կառավարչի իսնտիտուտի զարգացումը, այդ թվում՝ կառավարչի համար արտոնագրման ընթացակարգի, մասնագիտական գործունեության և չափանիշների սահմանման միջոցով։
ԲԱԺԻՆ VI.
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Քաղաքային միջավայրի անվտանգությունը ցավալիորեն արդիականանում է համաշխարհային ուրբանիզացիայի տենդենցներին զուգահեռ։ Քաղաքային միջավայրի անվտանգությունը հավաքական հասկացությունների և միջոցառումների համալիր է, որտեղ ընդգծվում է հատուկ արձագանքների անհրաժեշտությունը, որոնք ձգտում են հակադարձել ռիսկի գործոններին՝ վերականգնելու օրինական կառավարումը, նվազեցնել անհավասարությունը և խթանել ներառականությունը, ինչպես նաև բնակիչների և համայնքների ճկունությունն ու կայությունը:
Ապաստարաններ
Անվտանգության և անվտանգ միջավայրի խնդիրն առավել սրացել է և քաղաքացիների ուշադրության կենտրոնում է հատկապես Հայաստանի և Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմից հետո։
Խորհրդային տարիներին Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում կառուցվել են ապաստարաններ։ Հիմք ընդունելով այդ տարիների աշխարհաքաղաքական իրավիճակը՝ երկիրը պատրաստվում էր դիմակայել անգամ միջուկային հարվածների։
ՀՀ կառավարության 2000թ. 592 «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել է երեք տեսակի պաշտպանական կառույց՝ ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ և պարզագույն թաքստոցներ։ Պարզագույն թաքստոցները նկուղային հարկերն են, ստորգետնյա ավտոկայանատեղիները, գետնանցումները և այլ խորացված տարածքները։ Ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները քաղաքացիական պաշտպանության հատուկ կառույցներ են, որոնք նախատեսված են պատերազմի ժամանակ գործունեությունը շարունակող կարևոր կազմակերպությունների աշխատակիցների պատսպարման համար։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ նախատեսվում է․
- առաջնահերթ կարգով բոլոր ապաստարանների իրական վիճակի ուսումնասիրում և քարտեզագրում, ընդ որում՝ ոչ միայն հասցեները, այլև՝ ֆիզիկական վիճակը, նաև հիմք ընդունելով 1990-ական թվականներին նկուղային և կիսանկուղային հարկերի տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առկա պատկերը,
- իրավասու մարմինների հետ համատեղ քաղաքի պաշտպանական հնարավորությունների հետազոտում և հայեցակարգի մշակում՝ ներառյալ տարհանման սխեմաները,
- նոր ապաստարանների ստեղծում՝ նոր ժամանակակից պատերազմներին համապատասխան,
- բնակչության հետ պարբերական քարոզչական աշխատանք և գործնական փորձարկումներ։
Ենթակառուցվածքների անվտանգություն և արդիականացում
Վերջին 25 տարիներին ընթացող հիպերուրբանիզացիայի պայմաններում քաղաքային միջավայրի և առանձին ենթակառուցվածքների անվտանգությունը կենսական նշանակություն ունեն։
1․ Դեռևս 2020-2021թթ. մեկնարկվել է Երևանի բանուկ խաչմերուկներին պատնեշների տեղադրման ծրագիրը, որը նպատակ ուներ հետիոտնի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հատվածներում փոփոխել նաև վերջիններիս վարքագիծը՝ արգելափակելով չնախատաեսված վայրում փողոցի անցումը կանխարգելել վտանգավոր դեպքերը։ Այս ծրագիրը պետք է շարունակական լինի։
- Հետիոտնային վարքագծի փոփոխության և երթևեկի անվտանգության նպատակով անհրաժեշտ է կիրառել ինչպես մետաղյա, այնպես էլ կանաչ պատնեշներ թփերով և թփուտներով, ինչը չի բացառում գործող հետիոտնային անցումների փոփոխությունը։
2․ Նախատեսվող միջոցառումներից է շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում տնտեսվարողների կողմից մայթից մուտքի հնարավորություն ունենալու արդյունքում հետիոտնի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի կանխարգելման նպատակով աստիճանավանդակների երկայնքով պատնեշների չափանիշների սահմանումը։
3․ Անհրաժեշտ է կրթօջախների հստակ սահմանազատում և ցանկապատում։
4․ Պետք է սահմանվեն քաղաքում ընթացող բարեկարգման և կապիտալ շինարարության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում լրացուցիչ անվտանգային պահանջներ և ներդրվի մշտադիտարկման և գնահատման համակարգ։
5․ Երևան քաղաքում 2018-2021թթ. իրականացված քաղաքաշինական զրոյական նիշից ցածր էլեկտրական մալուխների տեղափոխման աշխատանքները պետք է շարունակական լինեն։
6․ Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ ու հարմարավետ կահավորված, երկաթյա մակերեսները, սրածայր հատվածներն ու բետոնե հատակները պետք է փոխարինվեն ամբողջությամբ ռետինե կամ օրգանիկ մանրացրած փայտե բիոթափոնից ծածկով։
7․ Անհրաժեշտ է ավելացնել քաղաքային լուսավորության գիծը, որը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում աստիճանական հավասարաչափ բաշխվածություն և արևային հզորությունների կիրառում՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման ենթակառուցվածքում ժամանակակից արդյունավետ միջոցների ներդնում։
8․ Բակերում ապօրինի շինությունների հիմնախնդրի աստիճանական լուծմանը զուգահեռ շարունակական է լինելու շենքերի միջև տարածքների հաշվին բակերի ընդլայնման գործընթացը, որի շրջանակներում բնակիչ-համայնք արդյունավետ համագործակցություն արձանագրվեց 2018-2021թթ.։
- Երևանի ընդհանուր տարածքների բարեկարգման առաջարկվող հայեցակարգային ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայր ձևավորող ճարտարապետական արժեքավոր շենքերի շրջակայքում հետագա ասֆալտապատումը փոխարինել սալահատակով՝ պահպանելով շենքի և հարող տարածքի աուտենտիկ միջավայրը։
Սալահատակի կիրառման առավելություններն են․
- շահագործման երկար տևողություն և ամրություն, կրող դիմացկունության բարձր և մաշվածության ցածր տոկոս,
- դրվում են ավազային բարձի վրա, ինչն ապահովում է գերազանց ջրահեռացում և դիմադրություն ծածկույթի էրոզիայի նկատմամբ,
- կոշտ մակերես չէ, և առանձին տարրերը կարող են շարժվել միմյանց նկատմամբ, ինչը թույլ է տալիս ծածկույթին պահպանել ամբողջականությունը հողի շարժման և գերծանրաբեռնվածության ժամանակ,
- Էսթեթիկ տեսանկյունից հստակ կառուցված սալահատակ նախշը ավելի ներկայանելի է, քան ասֆալտի մակերեսը:
10․ Պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմական միջավայր ձևավորող ճարտարապետական արժեքավոր շենքերի վրա արտաքին գովազդի տեղադրման գործընթացն անհրաժեշտ է կանոնակարգել, այդ թվում և պատասխանատու կառույցների հետ համագործակցությամբ և համատեղ օրենսդրական նոր կարգավորումների մշակումով։
11․ Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում բոլոր վարչական շրջաններում արտաքին գովազդի ենթակառուցվաքների տեղակայման ուղղությամբ պետք է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում։
12․ Անհրաժեշտ է կրճատել և հավասար բաշխել վիճակախաղերի գովազդի ծավալը, միաժամանակ տեղադրման արգելք սահմանելով մշակութային վայրերի, կրթօջախների և երիտասարդական կենտրոնների շրջակայքում՝ պահպանելով առնվազն 500մ հեռավորություն։
ԲԱԺԻՆ VII.
ԵՐԵՎԱՆ՝ ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ
Աշխարհահռչակ «Այ Բի Էմ» ընկերությունը, որը համարվում է «Խելացի քաղաքի» համար առաջատար լուծումներ մշակողներից մեկը, խելացի քաղաքին վերագրում է երեք առանցքային որակ՝ հագեցվածություն, ինտեգրվածություն և ինտելեկտուալություն։ Եվրոպայում համարում են, որ խելացի քաղաքն այն քաղաքն է, որը ձգտում է լուծել հասարակական խնդիրներն այսպես կոչված ինֆոկոմունիկացիոն ռեսուրսների հաշվին։
Խելացի քաղաքների հիմնական բնութագրիչներից են կայունությունը և շրջակա միջավայրի պահպանությունը, կառավարմանը հասարակության մասնակցությունը և տեղաշարժման դյուրինացումը, տվյալների արդյունավետ օգտագործումը, ծառայությունների որակը և կենսամակարդակը բարելավելու ցանկությունը:
Ստանդարտացման միջազգային կազմակերպության խելացի քաղաքի հայեցակարգի հիմնական բնութագրերն են․ մարդակենտրոնությունը՝ հասանելի և բաց մարդկանց ու գաղափարների համար, գործընթացների թափանցիությունը, անհատական տվյալների պաշտպանությունը, ծառայությունների և ենթակառուցվածքների ինտեգրացումը, քաղաքացիների տեղեկատվության ապահովումը և իրենց կրթության հարցում պրոակտիվ լինելը։
Երևանի հիմնախնդիրներից մեկը, որի կանոնակարգման համար կարևորագույն գործիք պետք է հանդիսանա խելացի լուծումը, անշուշտ, խցանումներն են։ Խցանումներից հնարավորինս խուսափելու համար ժամանակակից լուծումները թույլ են տալիս պլանավորել տրանսպորտի շարժը՝ վերլուծելով և մոդելավորելով այն։
Երթևեկության վերլուծությունը ներառում է՝ տրանսպորտային հոսքերի լիարժեք պատկեր, հոսքերը՝ ըստ տրանսպորտային տեսակների, իրական ժամանակում խցանումների և ծանրաբեռնվածության պատկեր` շտապ օգնություն, փրկարար ծառայություն, ոստիկանություն, անձնական մեքենաներ, քաղաքային տրանսպորտի մշտադիտարկում և վերահսկողություն։
Երթևեկության մոդելավորումը ներառում է՝ երթևեկության փոփոխության արդյունավետության կանխատեսում, քաղաքաշինության ազդեցության գնահատում տրանսպորտային հոսքերի վրա, երթևեկության բարելավման առաջարկությունների ավտոմատացում՝ երթևեկության գծեր, նշաններ, լուսացույց։
Երթևեկության կառավարումն ենթադրում է՝ երթևեկության արդյունավետության զգալի բարձրացում, խցանումների նվազեցում կամ բացառում, էներգիայի և ժամանակի խնայողություն, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կտրուկ նվազում, արտակարգ իրավիճակների վերացման աջակցություն։
Հաջորդ հիմնախնդիրը, որի կարգավորման համար պետք է կիրառվեն խելացի լուծումներ, կայանատեղերն են։
Երևանի խելացի քաղաքի հայեցակարգի շրջանակներում նշված այս և այլ թիրախային խնդիրների լուծումների համար անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք և գնումների ընթացակարգերին համաձայն հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված ընկերության կողմից պետք է առաջարկվի ինովացիոն ծրագրային լուծումները և համայնքային ենթակառուցվածքների տեխնիկական հագեցվածության սխեման։
ԲԱԺԻՆ VIII.
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Առողջական խնդիրներն անդրադառնում են մարդու կյանքի որակի և տևողության վրա: Յուրաքանչյուր մարդու առողջությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են ժառանգականությունը, ապրելակերպը, միջավայրը, սոցիալական գործոնները և առողջապահական ծառայությունների որակը, մատչելիությունը և հասանելիությունը:
Առողջապահական համակարգի կայունությունն ուղիղ ազդեցություն ունի մարդու առօրյայի վրա, հատկապես հաշվի առնելով որ առողջական խնդիրները լրացուցիչ ֆինանսական բեռ են ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության համար։ Հետևաբար, պետության և դրա համապատասխան գերատեսչությունների ուղիղ պարտականությունն է հոգ տանել հանրային առողջության մասին։ Բնակիչների առողջության մասին պետք է հոգ տանի նաև յուրաքանչյուր համայնքային իշխանություն իր լիազորությունների շրջանակում, առավել ևս Երևանի նման խոշոր քաղաքի դեպքում։
Երևանի բնակիչների առողջության վրա անմիջական կամ միջնորդված ներազդում են ծանր բնակլիմայական պայմանները, կանաչ տարածքների և ջրային մակերեսների ծայրաստիճան սակավությունը, օդային ավազանի աղտոտվածությունը, աղբահանության խնդիրները, ֆիզիկական ակտիվության համար պայմանների պակասը, փողոցային և կենցաղային աղմուկը և մի շարք այլ գործոններ: Նշված գործոններից յուրաքանչյուրն ամեն օր ազդում է երևանցու առողջության վրա, և կրկնակի անդրադառնում է խոցելի խմբերի՝ երեխաների և տարեցների։
Խոսելով առողջության մասին համայնքի լիազորությունների շրջանակներում՝ Երևանը պետք է լինի առավել առողջարար և հոգատար իր բնակիչների առողջության նկատմամբ, ինչպես որ երևանցիները ևս պետք է լինեն ավելի հոգատար հանրության և մայրաքաղաքի նկատմամբ:
Երևան համայնքի տնօրինության տակ գտնվող առողջապահական հիմնարկներն են՝ պոլիկլինիկաները, քաղաքային շտապ օգնության ծառայությունը, մի շարք կլինիկաներ: Առաջիկա տարիների համար գործողությունները նախագծելիս անհրաժեշտ է անել առավելագույնը համայնքի բնակիչների համար տրամադրվող բուժօգնությունը բարելավելու համար։
Մենք հանձնառու ենք շարունակել դեռևս 2018թ. մեր կողմից մեկնարկած առողջության առաջնային պահպանման օղակի բուժսպասարկման բարելավման աշխատանքները, որոնք հնարավոր դարձան քաղաքային բյուջեում առողջապահության ոլորտին հատկացումների ավելացմամբ, ինչի արդյունքում մի շարք հաստատությունները վերանորոգվել են, համալրվել տեխնիկական միջոցներով, ստեղծվել են ավելի բարվոք պայմաններ և իրականացվել են կրթական ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար:
Այդուհանդերձ, շատ երևանցիներ բավարարված չեն քաղաքի բուժհաստատությունների կողմից տրամադրվող բուժօգնության որակից, ինչը հաճախ պայմանավորված է անձնակազմի մասնագիտական կարողությունների և հաղորդակցման հմտությունների պակասով, շենքային անբավարար պայմաններով, տեխնիկական թերի հագեցվածությամբ։ Ցավալին այն է, որ աշխատանքի ցածր վարկանիշի և անբավարար վարձատրության հետևանքով, չկա երիտասարդ մասնագետների շոշափելի ներհոսք դեպի առողջապահության առաջնային պահպանման օղակ և շտապ օգնության ծառայություն:
Առանձնահատուկ հիմնախնդիր է դարձել Երևանի քաղաքապետարանի կողմից առանց պատշաճ քննարկումների ու հիմնավորումների, առանց մասնագետների ու բնակիչների կարծիքը հաշվի առնելու պոլիկլինիկաների միացման վերաբերյալ 2022թ. ընդունած որոշումը և դրա իրականացումը, ինչն անխուսափելիորեն դժվարացնում է բուժօգնության հասանելիությունը բուժառուների, հատկապես տարեց և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար:
Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ բնակչության շրջանում շարունակաբար ավելանում են տրամադրվող բուժօգնության որակի նկատմամբ սպասումներն ու պահանջները: Թե՛ Հայաստանի առաջավոր կենտրոններում, թե՛ արտերկրում բուժօգնության որակը դառնում է որոշակի «ստանդարտ», որի հետ համեմատվում և գնահատվում է պոլիկլինիկայում կամ քաղաքային հիվանդանոցում ստացված ծառայությունը:
Առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվելու են առաջնային օղակի աշխատանքների բարելավման գործողություններ և ներդրվելու է քաղաքացիների ապահովագրման համակարգ, որը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Սակայն եթե պատշաճ բուժօգնությունը ժամանակին չտրամադրվի պոլիկլինիկայում, ապա ապահովագրություն ունեցող քաղաքացին բնականաբար դիմելու է հիվանդանոց, ինչն ի թիվս այլ խնդիրների անխուսափելիորեն ծանրացնելու է ապահովագրական բեռը։ Հետևաբար, մոտակա 5 տարիների ընթացքում, համագործակցելով պետական կառույցների, բժշկական հանրության, մասնագիտական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև հանրապետական ու համալսարանական ենթակայության և մասնավոր կլինիկաների հետ, պետք է աշխատել, որպեսզի համայնքային հաստատություններում բուժօգնությունն առավելագույնս դառնա որակյալ, մատչելի, հասանելի, շարունակական, ամբողջական, մարդակենտրոն և ընտանեկենտրոն, մասնակցային, ինտեգրված, հոգատար բուժաշխատողի նկատմամբ և գրավիչ:
Ինչ է դա նշանակում գործնականում երևանցու, բուժաշխատողի, քաղաքի բուժհաստատությունների և ամբողջ համակարգի համար։
- Որակյալ
- հասնել ծառայությունների առավել հարմարեցվածության, ինչի նպատակով կշարունակվի բարելավվել քաղաքային բուժհիմնարկների պայմանները
- հզորացնել լաբորատոր և գործիքային ծառայությունները
- շարունակել թվային տեխնոլոգիաների, տեղեկատվական համակարգեր, հեռաբժշկության տարրերի ռացիոնալ ներդնումը
- անհրաժեշտ է հասնել նրան որ բուժառուին տրվող խորհուրդները պետք է տրամադրվեն տպած, ստանդարտ և հարմարավետ ձևաչափերով
- անհրաժեշտ է շարունակել իրականացնել արդյունավետ կրթական ծրագրեր, ներդնել ազգային ուղեցույցներ
- պիլոտային կարգով մշակել և ներդնել տիպային բուժհիմնարկի աշխատանքի բարելավման համալիր ծրագիր, ներառյալ՝ ծառայությունների որակի գնահատման չափանիշներ, մշտադիտարկում և աջակից վերահսկողություն
- Մատչելի
- շարունակել և համայնքի ռեսուրսների սահմաններում ընդլայնել պետպատվերի հիմնական փաթեթով նախատեսված ծառայությունների անապահովումը բնակիչների համար
- Հասանելի
- հաշվի առնելով, որ առողջապահության առաջնային օղակի հաստատությունները պետք է լինեն բնակիչներից օպտիմալ հեռավորության վրա, անհրաժեշտ է լայնորեն քննարկել և հիմնավորումների ոչ բավարար լինելու դեպքում կասեցնել պոլիկլնիկաների ներկայում իրագործվող միավորման գործընթացը
- պետք է շարունակել բուժհիմնարկների հարմարեցումը տարեց և առանձնահատուկ պայմանների կարիքով՝ շարժունակության, տեսողության, լսողության, մտավոր խնդիրներ ունեցող ունեցող անձանց համար
- Շարունակական
- անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում այն դեպքերում, երբ պոլիկլինիկայի բժիշկն ուղեգրում է բուժառուին նեղ մասնագիտական օգնության և հակառակը, որպեսզի նա տեղեկացված լինի մասնագիտական օգնության վիճակի մասին
- ուղղորդման և ուղեգրման գործընթացը պետք է լինի առավելապես պարզեցված և համակարգված, ժամանակին և հասցեագրված՝ ապահովելով հետադարձ կապ
- Ամբողջական
- անհրաժեշտ հասնել այնպիսի մակարդակի, որպեսզի բուժանձնակազմը գնահատի բուժառուի թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջության բոլոր խնդիրները, ներազդող սոցիալական գործոնները
- Մարդակենտրոն և ընտանեկենտրոն
- բուժօգնությունը տրամադրելիս բուժաշխատողները համապարփակ գնահատում են ընտանիքի կարիքները, հատկապես երբ բուժառուները հատուկ կարիքներ ունեն
- ծառայությունները պետք է մատուցվեն բարյացակամ երեխաների, դեռահասների, մեծահասակների, տարեցների նկատմամբ, բուժանձնակազմը պետք է հաշվի առնի ընտանիքի մշակութաբանական առանձնահատկությունները, բուժօգնության վերաբերյալ հարցերը, առողջապահական օղակների հետ շփվելու նախկին փորձը, ինչը հատկապես էական է այլ երկրներից տեղափոխված բնակիչների համար
- անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր՝ ուղղված անձնակազմի հաղորդակցման հմտությունների բարելավմանը
- անհրաժեշտ է ապահովել հնարավորություններ, որպեսզի ընտանիքներն ունենան իրենց ընտանեկան բժշկին և ընտանեկան մանկաբույժին
- տարեցների և առանձնահատուկ կարիքներով քաղաքացիների հետ աշխատանքի և խնամքի նպատակով ներգրավել կամավորներ ուսումնական հաստատություններից
- համայնքում կազմակերպել զանգվածային լուսավորչական միջոցառումներ
- իրականացնել հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման անհատույց միջոցառումներ
- պարբերաբար տրամադրել տեղեկատվություններ համայնքի բնակչության շրջանում տարածված հիվանդությունների վերաբերյալ
- բնակիչներին պարբերաբար տեղեկացնել մասնագիտական հիվանդությունների մասին և ուղղորդել համալիր հետազոտությունների
- Մասնակցային
- համայնքում առողջապահությանը առնչվող կարևոր որոշումներ կայացնելիս հաշվի առնել բնակիչների, բուժառուների, մանկահասակ երեխաների դեպքում` խնամողների, խնամակալների և խնամատարների, բուժանձնակազմի, մասնագետների, քաղաքացիների շահերը պաշտպանող կազմակերպությունների և պետական կառույցների կարծիքը, ապահովել հետադարձ կապը
- Ինտեգրված
- համայնքի մակարդակով ներդնել մեխանիզմներ, իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական հաստատությունների միջև կապի ամրապնդմանն ուղղված ծրագրեր
- իրականացնել համայնքային աշխատակիցների առողջության խնդիրների կանխմանը, բացահայտմանն ու բուժմանն ուղղված նախագծեր
- Հոգատար վերաբերմունք բուժանձնակազմի նկատմամբ
- թեև վարձատրության հարցերը գտնվում են համայնքի իրավասությունների շրջանակից դուրս, քաղաքի իշխանության ուշադրության կենտրոնում պետք է լինի քաղաքի բուժհաստատությունների յուրաքանչյուր բժիշկ, բուժքույր, մայրապետ, շտապ օգնության վարորդ և անձնակազմի այլ անդամ
- պետք է շարունակել բարելավել աշխատանքային պայմանները
- հասնել այն ուղենիշին, երբ յուրաքանչյուր բժիշկ կունենա առանձին աշխատասենյակ
- անձնակազմի կողմից տնայցերը պատշաճ իրականացնելու և առավել հրատապ կանչերը սպասարկելու նպատակով պոլիկլինիկաները համայնքի հաշվին աստիճանաբար ապահովել համապատասխան փոխադրամիջոցներով
- Երիտասարդ մասնագետների համար գրավիչ
- ի թիվս քաղաքի բուժհաստատությունների վարկանիշը բարձրացնելուն ուղղված բարեփոխումների՝ անհրաժեշտ է համագործակցել պետական կառույցների, համապատասխան բժշկական և բուժքույրական կրթական հաստատությունների հետ համակարգը նոր կադրերով համալրելու նպատակով
ԲԱԺԻՆ IX.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Առաջնորդվելով մարդու սոցիալական իրավունքների պաշտպանության, կենսագործունեության պայմանների բարելավման, մատչելիության և ներառականության ապահովման սկզբունքներով՝ Երևանի քաղաքարետարանը 2019թ. նախաձեռնեց երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր բարեփոխում և նոր համակարգի ներդնում։
Ոլորտի շարունակական զարգացման, թափանցիկ, մասնակցային և արդյունավետ կառավարման, ինչպես նաև հավասար հնարավորությունների և համակեցության մշակույթի ձևավորման նպատակով անհրաժեշտ գործողություններն են.
- Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանությանը և կենսամակարդակի բարելավմանն ուղղված նպատակային և թիրախային ծրագրերի իրականացում
- Տարբեր սոցիալական խմբերի համար որակյալ սոցիալական ծառայությունների կազմակերպում և մատուցում
- Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար որպես մատչելիության ապահովման կարևորագույն բաղադրիչ սոցիալական օգնականի ծառայությունների համակարգի ստեղծում՝ հաջորդիվ հավելվածային օգնականի անցում կատարելու հնարավորություններով
- Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի և կապակցված ենթակառուցվածքների մատչելիություն, անվտանգության և հարմարավետության ապահովում որպես զարգացման կարճաժամկետ ծրագրի առաջնահերթություն՝ հատկապես տեսողության, լսողության, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար
- Երեխաների իրավունքների պաշտպանություն և անչափահասների հետ աշխատանքների բարելավում, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շահերի պաշտպանություն, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բազմակողմանի աջակցություն
- Օժանդակություն բազմազավակ և խոցելի խմբերի ընտանիքներին, այդ թվում՝ բնառարկայական և գույքային աջակցություն, կենցաղային պայմանների բարելավում, այլ նախագծերի իրականացում
- Անելանելի իրավիճակում հայտնված անօթևան անձանց ժամանակավոր շրջանառու սոցիալական բնակարանային ֆոնդի հատկացման համալիր ծրագրի մշակում
- Աջակցություն հայրենադարձ, փախստական և տեղահանված ընտանիքներին
- Անհետաձգելի լուծում պահանջող սոցիալական խնդիրների լուծում, սոցիալական աջակցության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ մարտական գործողությունների հետևանքով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանների վերանորոգում, գույքի տրամադրում, ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ուսման վարձի հատուցում, արտակարգ իրավիճակներով և տարերարային վտանգով պայմանավորված աղետների պայմաններում բնակչությանն անհետաձգելի օնության տրամադրում
- Արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, ոլորտային մասնագետների և աշխատակիցների, խնամակալության և հոգաբարձության պատասխանատուների վերապատրաստման դասընթացների կազմակերպում
ԲԱԺԻՆ X.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաք Երևանն աստիճանաբար պետք է վերափոխվի ստեղծարար և խելացի տարածքների, որոնց ձևավորումը պետք է լինի առաջնային. բարեկարգ բազմաֆունկցիոնալ զբոսայգիներ, ուսուցողական ժամանցի և առողջ ապրելակերպի դաստիարակչական կենտրոններ, նոր մարտահրավերներին պատասխանող դպրոցներ, թվայնացված գրադարաններ, ժամանակակից հնարավորություններով զինված թանգարաններ, առցանց կապակցվածությամբ պատմամշակութային հուշարձաններ և այլն։
Մենք պետք է հետզհետե հրաժարվենք կոշտ գործառութային նշանակության տարածքներից, որտեղ կենտրոնացված են մեկ դեր ունեցող հատվածներ, և անցում կատարենք բազմաֆունկցիոնալ բարեկարգմանը` ստեղծելով նոր միջավայր ավելի անվտանգ, առողջ, հարմարավետ և արդյունավետ առօրյա ապահովելու համար։
Մայրաքաղաքի զարգացման ժամանակակից ծրագրի իրականացման համար որոշիչ դեր ունեն կրթական ոլորտի բարեփոխումները՝ համայնքային ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, դպրոցական և արտադպրոցական բոլոր կազմակերպությունների՝ նախադպրոցական, հանրակրթական, երաժշտական և արվեստի, մշակութային, գեղագիտական և ստեղծագործական, գրադարանային, առողջարարական և մարզական հաստատությունների ներգրավմամբ։
Համայնքային կազմակերպությունների գործունեության հիմնախնդիրն ի հավելում միջոցների սղության կրում է նաև համակարգային բնույթ և պահանջում անհետաձգելի միջամտություն, որին մենք ձեռնամուխ ենք եղել դեռևս 2019թ.։
Հաստատությունների խնդիրների լուծման ժամանակատար և նյութադրամական կողմերն են.
- շենքերի և ենթակառուցվածքների անբավարար պայմաններ
- սանիտարահիգիենիկ վիճակի և անվտանգության մակարդակի խոցելիություն
- առկա գույքի օգտագործման անթույլատրելիություն կամ բացակայություն
Իսկ երկարաժամկետում համակարգային կարգավորման տեսանկյունից օրհասական և իրատեսական է հնարավորինն արագ վերացնել հետևյալ թերությունները.
- ռազմավարության, գործունեության հիմունքների, կանոնակարգերի բացակայություն
- հանրային միջոցների անարդյունավետ օգտագործում
- մասնագիտական և փորձագիտական ռեսուրսի ներգրավման անհնարինություն
Կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ գործնական առաջարկները լայնածավալ են և տարաբնույթ՝ տարածքների արդյունավետ օգտագործումից մինչև երեխաների զարգացման ծրագրերի իրականացում և ընդհանուր պարտադիր կանոնակարգերի մշակումից մինչև ռեսուրսների խնայողություն։
- Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների կառուցում, հիմնանորոգում և վերանորոգում
- Շենքային անվտանգ պայմանների ապահովում, ներառյալ ամբողջական անթափանց ցանկապատում, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց համար հարմարվածություն
- Համայնքային ենթակայության շենքերի և ենթակառուցվածքների ամբողջական փաստաթղթավորում, ներառյալ՝ արտակարգ իրավիճակների պարտադիր զննություն
- Համալիր գույքագրում, վտանգավոր գույքի դուրսգրում, ինչպես նաև գույքի, այդ թվում՝ գործիքների և սարքավորումների համալրում
- Համայնքային միջոցների ծախսումների առավելագույն արդյունավետության ստացման ընթացակարգերի և չափորոշիչների մշակում, ինքնաբավություն ապահովող նախագծերի իրագործում
- Տարածքների առավելագույն արդյունավետ օգտագործում տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ հասարակական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով, հատկապես՝ կամավորների կարողությունների հզորացման, երիտասարդներին խթանելու և տարեցների համար ժամանց ապահովելու նախագծերի շուրջ
- Նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, երաժշտական և արվեստի, սպորտի և շախմատի դպրոցներում, մանկապատանեկան և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում, գրադարաններում և այլ համայնքային կազմակերպություններում գործունեության ապահովման նպատակով զարգացման ծրագրերի մշակում և իրականացում, ներառյալ՝ քաղաքացիական ուսուցման, առողջ ապրելակերպի, անվտանգության, բնասիրարական և հայրենաճանաչության պարտադիր դասընթացներ
- Գրադարանային ծառայությունների համալիր բարեփոխման ծրագիր՝ ուղղված որակի բարելավման միջոցառումների իրականացմանը, ոլորտի ենթակառուցվածքի զարգացմանը, ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովմանը
- Զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, պատանիների, երիտասարդների համար լայնածավալ և ընդգրկուն նախագծեր՝ մատչելիության, անվտանգության, ներառականության և հարմարավետության հնարավորությունների ապահովմամբ
- Երեխաների հետ աշխատող անձնակազմի աշխատավարձերի վերանայում և կարգավիճակի համահավասարեցում՝ համապատասխան արտոնություններով
- Վերապատրաստման համալիր նախագծերի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և զինվորական պատրաստության պարտադիր դասընթացների անցկացում
- Սոցիալական ծառայությունների և ապահովագրական համակարգերի ներդնում
Անդրադառնալով Երևանի ընդհանուր և վարչական շրջանների առանձին զարգացման ծրագրերին՝ անհրաժեշտ է դրանցում ընդգծել արտադպրոցական կրթադաստիարակչական և մարզաառողջարարական կենտրոնների դերը, այդ թվում և որպես համաքաղաքային միջոցառումների իրականացման հիմնական գործընկերներ։ Ավելին, երաժշտական և արվեստի դպրոցների, մարզադպրոցների և մշակույթի տների, մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական կենտրոնների, գրադարանների համար նախատեսված ծրագիրը, որը ներառում է լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացում, հանրակրթական դպրոցների աշակերտների ուսուցողական ժամանցի կազմակերպում, հետաքրքրությունների և նախասիրությունների զարգացման համար պայմանների ստեղծում, մտավոր-հոգևոր, ստեղծագործական ունակությունների զարգացում, կամավորական հմտությունների ներդնում, տրամաբանական և գեղագիտական ընկալման ընդլայնում, ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի, հայրենաճանաչության, բնապասիրական և կիրառական ոլորտներում գիտելիքների և կարողությունների յուրացում, բազմակողմանի զարգացած քաղաքացու ձևավորում, պետք է հետևողականորեն իրականացվի բոլոր ոլորտային կազմակերպություններում։
Կարճաժամկետում իրականացվելիք գործողությունների շարքում են մշտադիտարկման և գնահատման համակարգերի ձևնվորումը, փորձարկումն ու ներդնումը, ոլորտային կազմակերպությունների գործունեության բազմակողմանի բովանդակային և որակական գնահատումը, չափորոշիչների մշակումը։
Միջնաժամկետում նշված ծրագրերի իրագործումը պահանջում է երեխաների և պատանիների լիարժեք զարգացման համար առկա կրթադաստիարակչական հաստատությունների նյութատեխնիկական բազայի բարելավում և մարդկային ռեսուրսների կատարելագործում։
Համայնքի զարգացման ծրագիրը նախ և առաջ պետք է պարունակի գործողությունների այնպիսի բովանդակություն, որ համապատասխանեցնի հասարակական կյանքի որակն ու հնարավորությունների մակարդակը մայրաքաղաքի կենտրոնին, ինչը պայմանավորված է զարգացվածության աստիճանով։ Խոսքն ամենևին միջազգային և համահանրապետական նշանակության հաստատությունների կրկնության կիրառման մասին չէ, այլ վերաբերվում է հասարակական տարածքների ձևավորմանը, առկա կրթադաստիարակչական կենտրոններին, այնպիսի միջոցառումների կազմակերպմանը, որոնք մատչելի կլինեն ամբողջ քաղաքի և բոլոր վարչական շրջանների բնակիչների և, հատկապես, երեխաների համար։
Ոլորտային կազմակերպությունների գործունեության ընդլայնումն ու արդյունավետությունն անհրաժեշտ է համատեղել երիտասարդության ռազմավարության հետ, քանի որ ենթադրում է ունենալ բազմակողմանի զարգացած քաղաքացի, կոչված է ստեղծելու միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար, ինչը լիովին կարող է մեկտեղվել հանրային կյանքում երեխաների, պատանիների և երիտասարդության ընդգրկման առաջնահերթությունների, ծրագրերի, միջոցառումների և ընդհանուր համակարգի հետ՝ ապահովելով սոցիալականացման, ինքնաիրացման ու զարգացման համար անհրաժեշտ սերունդների կապը և, իհարկե, ամենօրյա փոխգործակցությունը։
ԲԱԺԻՆ XI.
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ աշխատանքի հիմնական պատասխանատվությունը կրում են համայնքները որպես երիտասարդներին ամենամոտ կանգնած և նրանց կարիքներն ու խնդիրները բոլորից լավ իմացող օղակներ։ Համայնքն իր մունիցիպալ իրավասության տարածքում բնակվող երիտասարդների բարեկեցության, զարգացման և կրթության հիմնական պատասխանատուն է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նույնպես այս պատասխանատվությունը դրվում է համայնքի վրա և հանդիսանում է Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունը։ Այս առումով Երևանի քաղաքապետարանը պետք է դառնա մայրաքաղաքի երիտասարդ բնակչությանն աջակցող, ներգրավող և հզորացնող առանցքային կառույց՝ երիտասարդներին առաջարկելով որակյալ, հասանելի ու թիրախային ծրագրեր և ծառայություններ։
Երևանի քաղաքապետարանը պարտավոր է երիտասարդներին ներգրավել համայնքի կառավարման գործընթացում և մասնակից դարձնել քաղաքի աﬔնատարբեր խնդիրների լուծմանը՝ օգտագործելով նրանց ստեղծարար ներուժն ու նորարարական գաղափարները հանուն մայրաքաղաքի զարգացման։
Երիտասարդներին վերաբերող հարցերի շրջանակը շատ ավելի լայն է, քան միայն կրթությունը, զբաղվածությունը կամ առողջապահությունը, հետևաբար Երևանի քաղաքապետարանը պետք է մշակի և իրականացնի համայնքի երիտասարդական քաղաքականությունը, որը համակողմանի կարձագանքի երիտասարդների ձգտումներին, կարիքներին ու հիմնախնդիրներին։
Չնայած 2022թ.-ից Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում գործում է նոր ձևավորված սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն, այն որևէ կերպ չի զբաղվում երիտասարդների հարցերով և չունի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։
Լրջագույն խնդիր է այս ստորաբաժանման կառուցվածքում գործող երիտասարդության հարցերի ոլորտի առարկայական և նպատակային անհամատեղելիությունը սպորտի ոլորտի հետ, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է երիտասարդության ոլորտի կառավարմանը, համակարգմանն ու արդյունավետ գործունեությանը:
2018-2021թթ. ընթացքում մեկնարկած բոլոր երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները դադարեցված են, չի գործում Երևանի քաղաքապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհուրդը, 2022թ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսված երիտասարդության ոլորտին առնչվող որևէ միջոցառում չի իրականացվել, իսկ երիտասարդական ծրագրերի համար նախատեսված բյուջեն չի օգտագործվել առանց որևէ հիմնավորման։ Երևանի կառավարումը ստանձնած յուրաքանչյուր ոք պետք է ամբողջությամբ և բազմակողմանի ընկալի համայնքի պատասխանատվությունը՝ լուծել երիտասարդների առջև ծառացած հրատապ խնդիրները և ոլորտում առարկայական քայլեր ձեռնարկել։
Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների հասարակական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային մասնակցության մակարդակը, ինչպես նաև մշակել և իրականացնել երիտասարդության զբաղվածության և այլ հիﬓախնդիրների լուծման համար անհրաժեշտ ծրագրեր։
Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում բարեփոխումների իրականացում երիտասարդների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով
- Կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կառուցվածքային փոփոփոխություն և ձևավորել առանձին երիտասարդության հարցերի վարչություն։ Ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու պահանջն առաջացել է ոլորտի դինամիկ զարգացմամբ, իրականացվող և նախատեսվող ծրագրերի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված և նպատակաուղղված է երիտասարդության հարցերի բնագավառում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքին և Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստելուն: Առանձին վարչության ձևավորումը շատ կարևոր է երիտասարդության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու, տեղական երիտասարդական քաղաքականությունը մշակելու, ինչպես նաև ոլորտի հետագա կառավարումը, համակարգումը և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
- Համայնքի անունից երիտասարդական ծրագրերի և միջոցառումների, տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման, համայնքային երիտասարդական կենտրոնների կառավարման և տեխնիկական ապահովման, երիտասարդական աշխատանքի իրականացման և ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև տեղական և ﬕջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և երիտասարդական ծրագրերի համար հավելյալ ﬕջոցներ ներգրավելու նպատակով համայնքային կառույցի ստեղծում։
- Երիտասարդական աշխատողի ինստիտուտի ներդնում և աշխատակիցների վերապատրաստում: Համայնքային երիտասարդական աշխատողների հիմնական դերն է լինելու երիտասարդներին ներգրավել, առաջարկել կրթական, զարգացման և ժամանցային ծառայություններ տարբեր վարչական շրջաններում գործող համայնքային երիտասարդական կենտրոններում, համագործակցել հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ, մշակել և իրականացնել երիտասարդների կարիքներից բխող ծրագրեր։
Համայնքի կառավարման գործընթացներում երիտասարդների ներգրավում
- Համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցման ու խրախուսման, ինչպես նաև քաղաքի կառավարման գործընթացում երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնությունների մասնակցության մակարդակը բարձրացնելու նպատակով վերագործարկել Երևանի քաղաքապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհուրդը՝ որպես Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանը և հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցող, երիտասարդների, երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի և երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համայնքային կյանքի տարբեր բնագավառներում խթանող խորհրդատվական մարմին։
- Երևանի քաղաքապետին առընթեր խորհուրդներում ներգրավել երիտասարդներին՝ նրանց ձայնը լսելի դարձնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտային հարցերի շուրջ։
- Ձևավորել Երևանի քաղաքապետին առընթեր աշակերտական խորհուրդ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ։
- Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական նախաձեռնությունների նորարական ծրագրերի ֆինանսավորում, որոնք ուղղված կլինեն Երևան համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի խնդիրների լուծմանը՝ երիտասարդների նորարական գաղափարների միջոցով:
- Ներդնել «Երևանի երիտասարդ ավագանի» ծրագիրը, որի միջոցով երիտասարդները կծանոթանան ավագանու անդամի աշխատանքներին, կիրազեկվեն տեղական ինքնակառավարման մարմնում որոշումների կայացման գործընթացների մասին, ինչպես նաև տարին 2 անգամ կհանդիպեն Երևանի քաղաքապետին՝ քննարկելու քաղաքային տնտեսությանը վերաբերող և իրենց հուզող հարցերը։
- Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ ամենամյա զանգվածային միջոցառման կազմակերպում երիտասարդների հասարակական, տնտեսական, քաղաքացիական և մշակութային մասնակցությունը համայնքի կյանքում խրախուսելու նպատակով։
Ներառական և համակողմանի երիտասարդական քաղաքականության իրականացում
- Երևանի երիտասարդների հիմնական խնդիրները ձևակերպելու նպատակով կարիքների և դրանց լուծման հնարավոր ճանապարհների ուսումնասիրություն, ծրագրերի կազմում, որոնք կարող է իրականացնել Երևանի քաղաքապետարանը:
- Երևան համայնքի տեղական երիտասարդական քաղաքականության և դրա իրականացման 5–ամյա ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում, ինչպես նաև վերջիններիս իրականացման համար համայնքային ֆինանսավորման տրամադրում։
Երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսում և համայնքում կամավորական մշակույթի խթանում
- Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի լավագույն կամավորների ամենամյա խրախուսում, թեկնածուների ներկայացում Երևանում գործող կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից:
- Երևանում երիտասարդների ներգրավմամբ կամավորական ակցիաների իրականացում՝ բնապահպանական, առողջ ապրելակերպի խթանման, թմրանյութերի և խաղամոլության դեմ պայքարի և այլ թեմաներով։
- Երիտասարդ կամավորների ներգրավում քաղաքապետարանի և ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողﬕց իրականացվող ծրագրերին և ﬕջոցառուﬓերին։
Երիտասարդական ենթակառուցվածքների բարելավում, նոր ենթակառուցվածքների, հարթակների և միջավայրի ստեղծում
- Նոր երիտասարդական կենտրոնների ստեղծում Երևանի այն վարչական շրջաններում, որտեղ չեն գործում արտադպրոցական կամ մշակութային կենտրոններ՝ Արաբկիր, Նուբարաշեն, Դավթաշեն, Նորք-Մարաշ, իսկ Կենտրոն վարչական շրջանում հիմնել երիտասարդական կենտրոնների կառավարման համայնքային կազմակերպություն։ Կենտրոնների գործարկման, կահավորման, կառավարման և բովանդակության ստեղծման լիազորությունները մրցույթով պատվիրակել Երևանում գործող ակտիվ երիտասարդական կազմակերպություններին՝ համապատասխան կառույցի համակարգման և վերահսկման ներքո։ Երիտասարդական կենտրոնները պետք է դառնան երիտասարդների համար հարթակներ՝ կրթվելու, ինքնակատարելագործվելու, գեներացնելու և իրագործելու նոր գաղափարներ, ինչպես նաև ազատվելու վատ ու վտանգավոր սովորություններից։
- Երիտասարդական կենտրոնների միջոցով պատանիների և երիտասարդների շրջանում իրականացնել քաղաքացիական կրթության, ժողովրդավարության, առողջ ապրելակերպի, երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, թմրամոլության և խաղամոլության կանխարգելման, շրջակա ﬕջավայրի հիﬓախնդիրների մասին իրազեկում։
- Երևանի մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնների ամբողջական համակարգային բարեփոխում, ոչ ֆորմալ կրթության համաքաղաքային հարթակի ստեղծում, երիտասարդական աշխատողի ինստիտուտի ներդնում և երիտասարդական աշխատանքի իրականացում, կենտրոնական կառավարման համակարգի կազմավորում Երևանի քաղաքապետարանի երիտասարդության հարցերի վարչությունում։
Երիտասարդության հիﬓախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացում
- Երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիﬓախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում, այդ թվում՝ աշխատանքային տոնավաճառներ, Երևանի քաղաքապետարանում և դրա ենթակայությամբ գործող հաստատություններում աշխատանքային պրակտիկաների հնարավորությունների ստեղծում։
- Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ երիտասարդների աշխատանք գտնելու հմտություններին և կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակում։
ԲԱԺԻՆ XII.
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին՝ Երևան համայնքի կառավարման հիմքում մենք կարևորում ենք և առաջնորդվում ենք մասնակցայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով՝ հնարավորություն տալով երևանցիներին ոչ միայն վերահսկել համայնքային բյուջեից կատարվող ծախսերը, այլև լինել նախագծերի հեղինակ և ունենալ ազդեցության լծակներ քաղաքի համար կարևոր հարցերում որոշումներ կայացնելիս։
- Մասնակցային բյուջե
Համոզմունք ունենալով, որ Երևանը հարուստ է ստեղծագործ, հոգատար և բանիմաց ներուժով և կարևորելով քաղաքացիների հնարավորինս ընդգրկուն մասնակցությունը քաղաքի բարեկարգման գործում՝ կվերագործարկվի 2018թ. ստեղծված «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը, որտեղ քաղաքացիներն իրենց նախագծերը կներկայացնեն, իսկ առավել հավանության արժանացած առաջարկները կյանքի կկոչվեն համայնքային միջոցների հաշվին։
- Հարցումներ և մասնագիտական քննարկումներ
Քաղաքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ համարելով մասնագիտական, փորձագիտական և հասարակական հատվածի հետ քննարկումները՝ կվերակազմավորվեն քաղաքապետին առընթեր խորհրդատվական մարմինները, իսկ որոշումներ կայացնելիս քննարկումներ կանցակվեն ինչպես ոլորտի գործիչների, այնպես էլ շահառուների հետ։
Քաղաքացիների կարծիքը հետազոտելու նպատակով կիրականացվեն առցանց հարցումներ, առավել կարևոր խնդիրների լուծման և բարեփոխումների անցկացման նպատակով անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն քաղաքային հանրաքվեներ։
- Քաղաքացիների համագումար
Հետևելով զարգացած ժողովրդավար կառավարում ունեցող քաղաքների օրինակին՝ Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ կհրավիրվի քաղաքացիների համագումար։
Քաղաքացիների համագումարը նոր ինստիտուտ է, որի նպատակն է հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար արտահայտելու իրենց կարծիքը քաղաքային կառավարման վերաբերյալ քաղաքապետի և աշխատակազմի ներկայությամբ, առաջարկներով հանդես գալ Երևանի ավագանու դահլիճում՝ զբաղեցնելով ավագանու անդամների տեղերը։
Համագումարի մասնակիցները կարող են նաև աշխատանքային խմբեր կազմել, որտեղ կընդգրկվեն ոլորտի համայնքային ծառայողներ։
Երևանի քաղաքապետարանը տարեկան բյուջեն և քաղաքի զարգացման ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնի համագումարի մասնակիցների հնչեցրած առաջարկները, դիտողությունները և մատնանշած առաջնահերթությունները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրի համագումարի մասնակիցներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Քաղաքապետարանը կապահովի նաև համագումարի առցանց հեռարձակումը՝ ավելի մեծ թվով քաղաքացիների կարծիքներ ապահովելու համար։