«Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմի շնորհիվ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի ապօրինի կառուցապատումը «Բյուրեղ» թաղամասում կասեցվել է
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը շուրջ մեկ տարի է ինչ անվճար իրավաբանական խորհրդատվություն է ցուցաբերում քաղաքացիներին, որի շրջանակում վերականգնվել են բազում մարդկանց ոտնահարված իրավունքներ։
Կուսակցության իրավաբանական թիմի ղեկավար Սամվել Մելիքյանը հերթական հաջողությունն է գրանցել քաղաքացու ընդդեմ կառուցապատողի ոտնահարված իրավունքը վերականգնման հարցում։
Ամիսներ առաջ Մելիքյանին էր դիմել քաղաքացի Հայրապետ Դանիելյանը, բողոքելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի դեմ, որը իր տան հարևանությամբ արդեն մի քանի տարի է կառուցում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը։
Շինաշխատանքների ընթացքում կառուցապատողը ձեռնամուխ է եղել Դանիելյանի տան դիմացը պարիսպ կառուցելուն, որը ամբողջովին կփակեր քաղաքացու պատուհանը և բնական լույս ստանալու հնարավորությունը։
«Երբ քաղաքացի Դանիելյանը դիմեց մեզ, մենք փորձեցինք պարզել տվյալ շինաշխատանքների օրինականությունը և իրավաչափությունը և պարզվեց, որ կառուցապատողը շինարարության ընթացքում խախտել է շինթույլտվության նորմերը և դուրս է եկել նախագծով հատկացված տարածքի սահմաններից։ Այսինքն տվյալ պարիսպը կառուցվում էր անօրինական հիմունքներով։ Սրանից ելնելով մենք դիմեցինք քաղաքապետարան այս գործընթացը կասեցնելու պահանջով։ Ի պատասխան մեր առաջին դիմումի՝ քաղաքապետարանը կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկեց, սակայն պարիսպի շինարարությունը դրանից հետո էլ չդադարեց։ Մենք հետամուտ եղանք երկրորդ բողոքը գրելուն։ Որին ի պատասխան՝ քաղաքապետարանը դարձյալ վարչական պատասխանատվության ենթարկեց «Ջերմու գրուպ» ՓԲԸ-ին և միայն դրանից հետո կառուցապատողը դադարեցրեց պարիսպի կառուցումը»,- պարզաբանեց Մելիքյանը։
Նշենք, որ ավելի վաղ «Ազգային առաջընթացի» իրավաբանական թիմը ձեռնամուխ էր եղել Երվանդ Քոչար 13,15,17,19 շենքերի բնակիչների բողոքի իրավաբանական լուծմանը։ Բնակիչները բողոքում են միջբակային կանաչապատ հրապարակի սեփականաշնորհման և կառուցապատման դեմ։ Բողոքը արդեն մտել է դատարան։ Դեկտեմբերի 7-ին կկայանա առաջին նիստը։