«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Կուսակցությունն ունի Կանոնադրություն և Ծրագիր։
1.2 Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ գործող օրենսդրությանը եւ սույն Կանոնադրությանը համապատասխան։
1.3 Կուսակցության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, անդամների իրավահավասարության, անդամության կամավորության, կառավարման կոլեգիալության եւ ինքնակառավարման սկզբունքների վրա։
1.4 Կուսակցությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, անկյունադրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով։
1.5 Կուսակցությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից եւ կրում է համապատասխան պարտականություններ։
1.6 Կուսակցության անվանումն է՝
հայերեն՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն (հապավումը՝ ԱԱԿ),
ռուսերեն՝ Партия «Националный прогресс» (հապավումը՝ ННП),
անգլերեն՝ «National Progress» Party (հապավումը՝ NPP):
1.7 Կուսակցության իրավաբանական հասցեն և ղեկավար մարմինների գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Կոմիտաս 16 շենք, բն․ 92։
2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Կուսակցության գործունեության գլխավոր նպատակն է՝ հիմնվելով համամարդկային եւ ազգային արժեքների վրա, նպաստել հայ ժողովրդի բարեկեցիկ, սոցիալապես ապահով ու արժանապատիվ կյանքի հաստատմանը, զարգացած, ազատ, ժողովրդավար, իրավական, սոցիալական և ինքնիշխան Հայրենիքի կերտմանը, մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների կազմավորմանը եւ դրանց գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին։
2.2 Յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանների իրագործումը ենթադրում է հետեւյալ խնդիրների լուծումը.
ա) Հայաստանում սոցիալական, ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան ու զարգացած պետության կայացում, որտեղ գործում է իշխանությունների տարանջատման և զսպումների ու հակակշիռների գործուն ու արդյունավետ համակարգ.
բ) Հայաստանի բնակչության թվի շարունակական ու կայուն աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական ու իրավական պայմանների ստեղծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացում, որը նաև ենթադրում է անկախ, ապաքաղաքական ու բազմաբևեռ լրատվական դաշտի ձևավորում.
գ) հայ հասարակական-քաղաքական եւ պետական մտքի ու ավանդույթների վերարժևորում, տարածում և դրա հիման վրա՝ ազգային առաջընթաց ապահովող պետական շինարարության հայեցակարգի մշակում և կենսագործում.
դ) ՀՀ օրենսդրության կատարելագործում՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ժամանակակից իրավակարգավորումներին, հայ հասարակության և ՀՀ քաղաքացիների արդի պահանջմունքներին.
ե) Հայաստանի քաղաքական կյանքում ՀՀ քաղաքացիների ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը եւ կազմավորմանը մասնակցություն՝ ազատ ընտրությունների միջոցով։
2.3 Կուսակցությունն իր կանոնադրական նպատակները եւ խնդիրները արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել հավաքներ, երթեր, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել իր կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից բխող ծրագրեր ու իրավասության սահմաններում կատարել այլ աշխատանքներ։
2.4 Կուսակցությունը համագործակցում է ՀՀ պետական եւ ոչ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների, այլ կուսակցությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ։
2.5 Կուսակցությունը կարող է այլ պետություններում հիմնել ներկայացուցչություններ՝ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով։
2.6 Կուսակցությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ։
2.7 Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային ստորաբաժանումներ։
3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1 Կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն Կուսակցության անդամ լինելու իրավունք եւ չեն հանդիսանում այլ կուսակցության անդամ:
3.2 Գրավոր դիմումի համաձայն՝ կուսակցության նոր անդամի ընդունելության մասին որոշումն ընդունվում է կուսակցության տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի կողմից, որը ենթակա է կուսակցության վարչության հաստատման, իսկ կուսակցության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ վարչության՝ տվյալ անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ որոշման հիման վրա։ Կուսակցությանն անդամագրվելու եւ հեռացվելու կարգը վարչության ներկայացմամբ սահմանում է կուսակցության խորհուրդը։
3.3 Կուսակցության տարածքային ստորաբաժանումը մինչեւ քաղաքացիների՝ կուսակցությանն անդամակցելու մասին որոշում կայացնելը, նրանց դիմումների պատճենները տրամադրում է վարչությանը։ Վարչությունն իրավունք ունի առարկություն ներկայացնել այս կամ այն թեկնածության վերաբերյալ, որին տեղական ստորաբաժանման անհամաձայնության դեպքում վճռորոշ ձայնի իրավունքը այնուամենայնիվ պատկանում է վարչությանը։
3.4 Կուսակցության անդամը մուծում է անդամավճար, որի չափերը եւ գանձման կարգը վարչության ներկայացմամբ հաստատում է կուսակցության խորհուրդը։
3.5 Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ հաշվառման կանգնել կուսակցության մեկից ավելի տարածքային ստորաբաժանումներում։
3.6 Կուսակցության անդամն իրավունք ունի՝
ա) ընտրել եւ ընտրվել տվյալ կուսակցության ու նրա տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների մշտական գործող ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում,
բ) սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել կուսակցության գործունեությանը.
գ) կուսակցության կողմից առաջադրվել տարբեր մակարդակի ընտրություններում.
դ) կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կուսակցության գործունեության, Ծրագրի եւ Կանոնադրության վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ.
ե) ազատ արտահայտել սեփական տեսակետը.
զ) տեղեկատվություն uտանալ կուuակցության, նրա ղեկավար մարմինների, ՀՀ տարբեր ընտրովի մարմիններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցությունից առաջադրված անձանց գործունեության վերաբերյալ.
է) իրազեկ լինել կուսակցության գործունեությանը, ծանոթանալ կուսակցության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները.
ը) կուսակցության տարածքային ստորաբաժանման եւ ստորաբաժանման նախագահի որոշումները բողոքարկել կուսակցության վարչությանը, եւ խորհրդին, իսկ վարչության եւ խորհրդի որոշումները՝ կանոնադրական հանձնաժողովին.
թ) իր դիմումի համաձայն անարգել կերպով դուրս գալ կուսակցության շարքերից.
ժ) օգտվել սույն Կանոնադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
3.7 Կուսակցության անդամը պարտավոր է՝
ա) ընդունել կուսակցության Ծրագիրն ու Կանոնադրությունը եւ իր գործունեությամբ ու վարքագծով հնարավորինս նպաստել դրանցում ամրագրված դրույթների կենսագործմանը.
բ) կուսակցության խորհրդի սահմանած չափով եւ կարգով մուծել անդամավճար.
գ) նպաստել կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը.
դ) աջակցել կուսակցության գործունեությանը.
ե) արժանապատվորեն կրել կուսակցության անդամի կոչումը, իր վարքագծով ու գործունեությամբ հնարավորինս նպաստել կուսակցության վարկանիշի բարձրացմանը, ձեռնպահ մնալ կուսակցությունը հեղինակազրկող հակաիրավական արարքներից.
զ) կատարել կուսակցության ղեկավար մարմինների որոշումները.
է) նպաստել շարքերի համալրմանն ու հզորացմանը.
ը) կատարել սույն Կանոնադրության պահանջները.
թ) կուսակցության կառույցներից դուրս պայքար չծավալել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների դեմ.
ժ) վերադասության կարգով բողոքարկել կուսակցության մարմինների որոշումները. վերադաս մարմիններն իրենց առաջիկա նիստի ժամանակ պարտավոր են քննարկել բողոքը եւ կայացնել համապատասխան որոշում.
ի) կուսակցության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք պարտավոր են ակտիվորեն մասնակցել համապատասխան մարմինների աշխատանքներին, կատարել այդ, ինչպես նաեւ վերադաս մարմինների որոշումները։
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
4.1 Կուսակցության կառուցվածքը հետեւյալն է՝ համագումար, խորհուրդ, վարչություն, կանոնադրական հանձնաժողով, վերստուգիչ հանձնաժողով, և տարածքային ստորաբաժանումներ։
4.2 Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։
4.3 Համագումարին է վերապահվում կուսակցության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
4.4 Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ։
4.5 Համագումարը գումարվում է կուսակցության անդամների կամ կուսակցության անդամներից ընտրված պատվիրակների համատեղ հավաքի ձեւով։ Համագումարի հրավիրման եւ անցկացման կարգը որոշում է վարչությունը։
4.6 Համագումարի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են վարչության կողմից՝ հերթական համագումարի անցկացումից առնվազն 14 օր առաջ, իսկ արտահերթ համագումարների դեպքում՝ առնվազն 7 օր առաջ։ Ծանուցման եղանակը որոշում է վարչությունը։
4.7 Կուսակցության արտահերթ համագումարը հրավիրվում է կուսակցության խորհրդի, վարչության, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի), կուսակցության անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով, ոչ շուտ, քան 7-օրյա ժամկետում։ Հերթական եւ արտահերթ համագումարի մասնակիցները ծանուցվում են սույն Կանոնադրության 4.6 կետով սահմանված կարգով։
4.8 Համագումարի հրավիրման մասին որոշումն ընդունելուց հետո՝ մինչեւ համագումարի մասնակիցների ընտրությունը, կուսակցության շարքերի համալրումը ժամանակավորապես դադարեցվում է։
4.9 Կուսակցության համագումարի բացառիկ իրավասության հարցերն են՝
ա) կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի հաստատումը, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, նոր Կանոնադրության եւ Ծրագրի ընդունումը.
բ) վարչության, կանոնադրական եւ վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունը, ինչպես նաև խորհրդի ձևավորումը՝ սահմանելով նրա անդամների թիվը․
գ) կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշման ընդունումը.
դ) կուսակցության վարչության քաղաքական զեկույցի հաստատումը.
ե) կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը.
զ) Կուսակցության խորհրդի կողմից առաջադրված ՀՀ պաշտոնատար անձանց թեկնածուների թեկնածության հաստատումը․
է) համագումարն իրավազոր է համարվում պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի մասնակցության դեպքում։ Սույն կետի ա), բ), գ), դ), ե) եւ զ) ենթակետերում որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ։
4.10 Կուսակցության խորհուրդը՝
ա) մշտապես գործող մարմին է՝ կազմված առավելագույնը 21 հոգուց, որից 7-ն ի պաշտոնե խորհրդի անդամ հանդիսացող կուսակցության վարչության անդամներն են․բացառությամբ Վարչության ի պաշտոնե անդամների, մյուս անդամներն ընտրվում են համագումարի կողմից՝ առավելագույնը երկու տարի ժամկետով,
բ) Համազգային և տեղական նշանակության հերթական եւ արտահերթ ընտրություններին առաջադրում է թեկնածություններ, ինչը հաստատում է կուսակցության Համագումարը,
գ) որոշում է ընդունում տեղական ու համապետական, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման և խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, հաստատում է կուսակցության վարչության ներկայացրած պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը (այս նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները).
դ) կուսակցության վարչության ներկայացմամբ որոշում է կայացնում կուսակցության՝ քաղաքական դաշինքներում ընդգրկվելու վերաբերյալ.
ե) ՀՀ օրենսդրության շրջանակներում որոշումներ է ընդունում ՀՀ ԱԺ-ում կուսակցության խմբակցության, ՀՀ այլ ընտրովի մարմինններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցության կողմից առաջադրված անձանց գործունեության մասին․
զ) հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար.
է) հաստատում է վարչության ներկայացրած՝ կուսակցությանն անդամագրելու եւ անդամությունից հեռացնելու կարգը, անդամավճարների չափերը եւ դրանց գանձման կարգը.
ը) վարչության առաջարկով հանդես է գալիս հայտարարությամբ՝ հասարակությանը հուզող առանցքային եւ հրատապ խնդիրների կապակցությամբ.
թ) կուսակցության խորհրդի նիստը իրավասու է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։ .
ժ) կուսակցության խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ։ Կուսակցության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի կամ վարչության անդամների ընդհանուր թվի 1/3-ի պահանջով.
ի) խորհրդի նիստերը նախագահում են կուսակցության վարչության անդամները հերթականության սկզբունքով՝ ըստ ազգանվան ու անվան այբբենական կարգի։
4.11 Կուսակցության վարչությունը`
ա) բաղկացած է 7 անդամից, ովքեր ընտրվում են համագումարի կողմից գաղտնի քվեարկությամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով, ընդ որում՝ յուրաքանչյուր անդամի համար քվեարկությունը կատարվում է առանձին.
բ) վարչության նիստերը նախագահում են կուսակցության վարչության անդամները հերթականության սկզբունքով՝ ըստ ազգանվան ու անվան այբբենական կարգի, վարչության կազմի ընտրվելուց հետո այն իր առաջին նիստում իր կազմից ընտրում է վարչության քարտուղար, կուսակցության անդամների կազմից նշանակում է կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրենին եւ կուսակցության մամլո խոսնակ/ներին՝ ոչ ավել, քան 2 տարի ժամկետով: Ընդ որում, ամեն նիստի նախագահողն իրականացնում է Վարչության նախագահին՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավունքներն ու պարտականությունները, հաշվի առնելով սույն կանոնադրության իրավակարգավորումները: Վարչության նիստի նախագահողի լիազորությունները սկսվում են իր նախագահած վարչության նիստի սկզբի պահից և ավարտվում հաջորդ նախագահողի լիազորությունների սկզբին, այսինքն՝ հաջորդ վարչության նիստի ժամանակ նոր նախագահողի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահին:
գ) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, որը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում սույն Կանոնադրության եւ համագումարների որոշումների համաձայն, խորհրդի հետ միասին պատասխանատու է կուսակցության գործունեության համար, առավելապես կենտրոնանալով ամենօրյա գործունեության վրա.
դ) նախապատրաստում եւ հրավիրում է կուսակցության համագումարները եւ խորհրդի նիստերը, կազմում է օրակարգը, որոշում է համագումարի եւ խորհրդի նիստերի անցկացման աշխատակարգը, տեղը, օրը եւ ժամը, իրականացնում է մասնակիցների ծանուցումը.
ե) որոշում է կայացնում հերթական եւ արտահերթ համագումար հրավիրելու մասին, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը, ստորաբաժանումներին տրվող չափաքանակները.
զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցությանն անդամագրելու եւ հեռացնելու կարգը, անդամավճարների չափերը եւ գանձման կարգը, սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների եւ ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը.
է) որոշումներ է ընդունում ՀՀ ԱԺ-ում կուսակցության խմբակցության, ՀՀ այլ ընտրովի մարմինններում եւ նշանակովի պաշտոններում կուսակցության կողմից առաջադրված անձանց գործունեության մասին.
ը) ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խորհրդի որոշման դեպքում խորհրդի հաստատմանն է ներկայացնում պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակը.
թ) որոշում է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը.
ժ) որոշումներ է ընդունում կուսակցության տարածքային ստորաբաժանումներ հիմնելու եւ լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը.
ի) որոշումներ է ընդունում կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ, հանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելու եւ լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնակարգերը եւ աշխատակարգերը, օրինակ՝ Էթիկայի հանձնաժողով, Երիտասարդական հանձնախումբ, Քաղաքական հետազոտությունների աշխատանքային խումբ և այլն.
լ) որոշումներ է ընդունում կուսակցության անդամին կուսակցության շարքերից հեռացնելու վերաբերյալ. կուսակցության անդամի կամ ստորաբաժանման կողմից այդ որոշումը չընդունելու դեպքում նրանք իրավունք ունեն այն բողոքարկել կուսակցության կանոնադրական հանձնաժողովին, որն էլ կայացնում է վերջնական որոշումը.
խ) սահմանում է տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գույքի կառավարման կարգը.
ծ) մինչեւ համագումարին ներկայացնելը քննարկում եւ հաստատում է իր իսկ կողմից ներկայացված քաղաքական զեկուցումը.
կ) քննարկում եւ որոշումներ է կայացնում կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ անում հայտարարություններ կուսակցության անունից, բացառությամբ նրանց, որոնք կուսակցության համագումարի, խորհրդի բացառիկ իրավասությունների շրջանակներում են։
4.12 Կուսակցության Վարչության կազմում ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնող, այդ թվում՝ ԱԺ-ում կուսակցության պատգամավոր կամ կառավարության անդամ հանդիսացող վարչության անդամների թիվը վարչության կազմում չի կարող գերազանցել նրա անդամների ընդհանուր քանակի կեսին, այսինքն՝ չի կարող 3-ից ավել լինել Վարչության 7 հոգանոց կազմի պարագայում:
4.13 Կուսակցության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել եւ որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։
4.14 Կուսակցության վարչության նիստերը հրավիրվում են վարչության նիստը նախագահողի կողմից՝ ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ: Արտահերթ նիստ կուսակցության վարչության նախագահը/նախագահողը հրավիրում է իր նախաձեռնությամբ, կուսակցության ԱԺ պատգամավորական խմբակցության որոշմամբ, կուսակցության վարչության թվակազմի մեկ երրորդի, որեւէ տարածքային ստորաբաժանման, կուսակցության վերստուգիչ կամ կանոնադրական հանձնաժողովի, վարչության քարտուղարի կամ կուսակցության մամլո քարտուղարի գրավոր պահանջով։
Քաղաքական կարեւոր հայտարարություններով հանդես գալու, սեփական նախաձեռնությամբ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու, զանգվածային միջոցառում անցկացնելու, տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումները լուծարելու (վերակազմակերպելու) վերաբերյալ որոշումներն ընդունվում են կուսակցության վարչության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ։
4.15 Կուսակցության Վարչության նախագահը/նախագահողը՝
ա) ստորագրում է Կուսակցության Վարչության նիստերի որոշումները եւ նիստերի արձանագրությունները՝ Վարչության քարտուղարի ներկայացմամբ,
բ) ներկայացնում է Կուսակցությունը առանց լիազորագրի եթե Վարչությունը այդ նպատակով համապատասխան լիազորագիր չի տալիս Վարչության մեկ այլ անդամի, այդ թվում՝ Վարչության քարտուղարին,
գ) Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը,
դ) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին՝ Վարչության քարտուղարի հետ համաձայնեցնելուց հետո,
ե) օրենքով եւ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը եւ միջոցները՝ Վարչության քարտուղարի հետ համաձայնացնելուց հետո,
զ) Կուսակցության անունից հաստատում, ստորագրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Վարչության քարտուղարի ներկայացմամբ կամ համաձայնությամբ,
է) իրականացնում է սույն կանոնադրությամբ եւ Կուսակցության համաժողովի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ,
ը) կայացնում է որոշումներ՝ Կուսակցության մարմինների կողմից Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարման դեպքում՝ Կուսակցության անխափան գործունեությունն ապահովելու համար:
4.16 Կուսակցության Վարչության նախագահողի բացակայության ընթացքում` նրա պարտականությունները կատարում է Կուսակցության Վարչության քարտուղարը, իսկ եթե հնարավոր չէ՝ Վարչության տարիքով ավագ անդամը:
4.17 Կուսակցության կանոնադրական հանձնաժողովը՝
ա) բաղկացած է 3 անդամից, ընտրվում է համագումարի կողմից, առավելագույնս երկու տարի ժամկետով.
բ) քննության է առնում կուսակցության կառույցների ընդունած որոշումների, նրանց գործողությունների կամ անգործության համապատասխանությունը կուսակցության Ծրագրին և/կամ Կանոնադրությանը, կասեցնում է այն որոշումները, որոնք հակասում են կուսակցության Ծրագրին և/կամ Կանոնադրությանը.
գ) մեկնաբանություններ եւ պարզաբանումներ է տալիս Կանոնադրության եւ Ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ.
դ) քննության է առնում լրացումներ եւ/կամ փոփոխություններ անելու վերաբերյալ կուսակցության անդամների ծրագրային եւ կանոնադրական առաջարկությունները.
ե) կանոնադրական հանձնաժողովի կողմից որոշումներ կայացնելուց հետո կուսակցության համապատասխան մարմինը պարտավոր է իր ընդունած նախորդ որոշումը համապատասխանեցնել հանձնաժողովի որոշմանը.
զ) գործում է իր հաստատած աշխատակարգով. հանձնաժողովի նիստերը բաց են.
է) անդրանիկ նիստում ընտրում է հանձնաժողովի քարտուղար.
ը) գործունեության տարեկան արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, որը քննարկվում եւ հաստատվում է համագումարում.
թ) կանոնադրական հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության վարչության, խորհրդի, տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին, իսկ կանոնադրական հանձնաժողովի անդամները՝ կուսակցության խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին.
ժ) կանոնադրական հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել համագումարի կողմից։
4.18 Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը)՝
ա) բաղկացած է 3 անդամից, ընտրվում է համագումարում առավելագույնը երկու տարի ժամկետով եւ կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է.
բ) կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում.
գ) կարող է ծանոթանալ կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին.
դ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել կուսակցության ղեկավար մարմիններին.
ե) կարող է կուսակցության վարչությունից և վարչության անդամներից անհատապես, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ.
զ) եզրակացություն է տալիս կուսակցության գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ.
է) հաշվետվություն է ներկայացնում համագումարին.
ը) վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել կուսակցության ղեկավար որեւէ մարմնի անդամ.
թ) վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կուսակցության վարչության, խորհրդի եւ տարածքային ստորաբաժանումների գործադիր խորհուրդների նիստերին։
ժ) վերստուգիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի քարտուղար, որը համակարգում է վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները.
ի) վերստուգիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել կուսակցության ընտրովի այլ մարմինների անդամ.
լ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ՝ հանձնաժողովի քարտուղարի կողմից.
խ) վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ.
ծ) վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է վերստուգիչ հանձնաժողովի քարտուղարը՝ իր նախաձեռնությամբ, վերստուգիչ հանձնաժողովի եւ վարչության որեւէ անդամի պահանջով.
կ) վերստուգիչ հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել համագումարի կողմից։
4.19 Կուսակցության տարածքային ստորաբաժանումները՝
ա) կուսակցության տարածքային ստորաբաժանում է համարվում կուսակցության առնվազն 10 անդամների՝ տարածքային սկզբունքով ձեւավորված եւ վարչության կողմից սահմանված կարգով համապատասխան կարգավիճակ ստացած միավորումը.
բ) տարածքային ստորաբաժանումները ստեղծվում եւ լուծարվում են վարչության որոշմամբ.
գ) տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմինը գործադիր խորհուրդն է, որը ընտրվում է կուսակցության՝ ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, ոչ պակաս, քան հինգ եւ ոչ ավելի, քան տաս անդամից, վարչության կողմից սահմանված կարգով.
դ) տարածքային ստորաբաժանման նախագահն ընտրվում է կուսակցության՝ ստորաբաժանման մեջ ընդգրկված անդամների ընդհանուր ժողովի կողմից, ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, վարչության կողմից սահմանված կարգով.
ե) տարածքային ստորաբաժանման ընդհանուր ժողովը վարչության կողմից սահմանված կարգով եւ տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է կուսակցության խորհրդի անդամ/ներ.
զ) տարածքային ստորաբաժանման անդամների ընդհանուր ժողովը վարչության կողմից սահմանված կարգով եւ տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է կուսակցության համագումարի պատվիրակ/ներ.
է) տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) նշանակվում է անհրաժեշտության դեպքում, կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի կողմից՝ վեց ամիս ժամկետով։
4.20 Տարածքային ստորաբաժանման նախագահի լիազորություններն են՝
ա) ղեկավարում է գործադիր խորհրդի աշխատանքները.
բ) ապահովում է համագումարի, վարչության եւ տարածքային տվյալ ստորաբաժանման գործադիր խորհրդի որոշումների կատարումը.
գ) ներկայացնում է տարածքային ստորաբաժանումը, առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային ստորաբաժանման անունից.
դ) կուսակցության վարչությանը հաշվետվություն է ներկայացնում իր եւ տարածքային ստորաբաժանման կամ գործադիր խորհրդի գործունեության մասին.
ե) բացառությամբ կուսակցության համագումարի, խորհրդի, վարչության եւ տվյալ տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի իրավասությանը ենթակա հարցերի, իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ եւ ստորագրում է հրամաններ, կարգադրություններ ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
զ) հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի արտահերթ նիստեր.
է) իրականացնում է կուսակցության համագումարի, խորհրդի եւ վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ.
ը) իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդին։
4.21 Տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի լիազորություններն են՝
ա) քննարկում եւ որոշումներ է կայացնում տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ՝ բացառությամբ նրանցից, որոնք մտնում են կուսակցության համագումարի, խորհրդի, վարչության, վարչության նախագահի եւ տարածքային ստորաբաժանման նախագահի բացառիկ իրավասության մեջ.
բ) նախապատրաստում եւ հրավիրում է տարածքային ստորաբաժանման գործադիր խորհրդի նիստեր, կազմում է օրակարգը.
գ) սույն Կանոնադրության 3.1, 3.2 եւ 3.3 կետերում սահմանված կարգով որոշում է կայացնում տվյալ ստորաբաժանման շարքերում նոր անդամի ընդունման կամ գրանցված անդամի հեռացման վերաբերյալ։
4.22 Տարածքային ստորաբաժանման վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) լիազորություններն են՝
ա) կարող է տարածքային ստորաբաժանումում ցանկացած ժամանակ անցկացնել ստուգում՝ իր լիազորությունների սահմաններում.
բ) կարող է ծանոթանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին.
գ) կարող է պարտադիր քննարկման ենթակա առաջարկներ ներկայացնել տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմիններին.
դ) կարող է տարածքային ստորաբաժանման նախագահից, գործադիր խորհրդի անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող տեղեկություններ.
ե) եզրակացություն է տալիս տարածքային ստորաբաժանման գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ.
զ) հաշվետվություն է ներկայացնում կուսակցության վերստուգիչ հանձնաժողովին (վերստուգողին)։
4.23 Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները՝ հանձնախմբերը և հանձնաժողովները, ընտրվում են վարչության կողմից երկու տարի ժամկետով՝
ա) կուսակցության կառուցվածքային ստորաբաժանման (հանձնախմբի կամ հանձնաժողովի) ղեկավարը նշանակվում է կուսակցության վարչության կողմից, մեկ տարի ժամանակով.
բ) կառուցվածքային ստորաբաժանումները կատարում են իրենց վերապահված ոլորտների ուսումնասիրություններ, կուսակցության ղեկավար մարմիններին են ներկայացնում ամփոփ տեղեկանքներ, եզրակացություններ, վերլուծություններ։
4.24 ՀՀ Ազգային Ժողովում կուսակցության խմբակցությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, հաշվետու է կուսակցության ղեկավար մարմիններին, չի ծավալում կուսակցության որոշումներին, սույն կանոնադրությանը, Կուսակցության Ծրագրին, նախընտրական ծրագրին հակասող որեւէ գործունեություն կամ անում դրանց հակասող որևէ հայտարարություն կամ քայլ, և կյանքի է կոչում կուսակցության որոշումներն ու ծրագրի (այդ թվում՝ նախընտրական ծրագրի) դրույթները:
5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, կուսակցական անդամավճարները, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։
5.2 Սույն կանոնադրության 5.1 կետում նշված՝ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։
5.3 Կուսակցության հիմնադիրների եւ անդամների՝ սեփականության իրավունքով կուսակցությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները եւ անդամները կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն կուսակցության պարտավորությունների, իսկ կուսակցությունը՝ իր հիմնադիրների եւ անդամների պարտավորությունների համար։
6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1 Կուսակցության Կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կարող է կատարվել համագումարի պատվիրակների պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ։
6.2 Կուսակցության Կանոնադրությունում կատարված փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սահմանված ընթացակարգով։
7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
7.1 Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվելը, միանալը, բաժանվելն ու առանձնանալը) կատարվում է կուսակցության համագումարի որոշմամբ՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։
7.2 Կուսակցության լուծարումը կատարվում է համագումարի որոշման հիման վրա` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։
7.3 Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
7.4 Լուծարման դեպքում կուսակցության գույքն ուղղվում է կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը, իսկ եթե դա անհնար է՝ փոխանցվում է պետական բյուջե։
7.5 Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: