«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
«Ազգային առաջընթաց» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) գործունեության հիմնական նպատակն է այնպիսի բարենպաստ իրավաքաղաքական միջավայրի ձևավորումը, որի արդյունքում սոցիալապես ապահովված ու բազմակողմանիորեն տեղեկացված քաղաքացին ի վիճակի կլինի լիարժեք իրացնել իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։ Նման միջավայրում է միայն հնարավոր ազգային ներուժի ամբողջական իրականացումը, հատկապես քաղաքական, սոցիալ-տնտեսական ու կրթական առումներով, որն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայոց պետականության աննախադեպ առաջընթացի՝ հիմնված ազգային առաջնահերթությունների վրա։
Կուսակցությունն իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության (ձախ կողմնորոշման) բարեփոխիչ քաղաքական ուժ, որի գաղափարախոսության հիմքում սոցիալ-լիբերալիզմն է:
Հասարակական – քաղաքական ուժերի ու անհատների հետ Կուսակցությունն իր հարաբերությունները հիմնելու է ազգային շահերի առաջնայնության սկզբունքով՝ ելնելով ինքնիշխան, ժողովրդավար, իրավական ու սոցիալական պետության կառուցման ու ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտությունից:
Հայոց պետականությունը, լինելով հայ ազգի նպատակների իրականացման հիմնական միջոցը, պետք է վեր լինի ամեն տեսակի կուսակցական, խմբակային կամ անձնական, եկեղեցական, կրոնական, հասարակական, քաղաքական կամ այլ կազմակերպությունների շահերից: Ուստի, Կուսակցությունը համարում է, որ առավելագույնս պետք է նվազեցվի նման կազմակերպությունների և կուսակցությունների իրավական ու փաստացի ազդեցությունները տեղական ինքնակառավարման և պետական կառավարման գործադիր ու դատական ոլորտներում։
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի գերակայության գաղափարի վրա և ուղղված լինի հարևան երկրների, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, բարեկամական, փոխշահավետ և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը: Այս հարաբերությունները պետք է նաև հնարավորինս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարից ու հակասություններից և հիմնված լինեն ուղիղ առևտրատնտեսական կապերի վրա։
Որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտներ Կուսակցությունը դիտարկում է մասնավորապես արդյունաբերությունը (բացառությամբ հանքարդյունաբերության), գյուղատնտեսությունը, բարձրագույն կրթությունը, տեղեկատվական տեղխնոլոգիաների ոլորտը, ծառայությունների ոլորտը, այլընտրանքային էներգիայի արտադրությունը և զբոսաշրջությունը։
Կուսակցությունը նպատակ ունի առավելագույնս օգտագործել հայ ազգային ներուժը, ինչը ենթադրում է Սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ Արցախում, բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիների հնարավորինս ամբողջական ներկայացչություն ու մասնակցություն երկրի զարգացման գործում` կոլեգիալության, փոխադարձ հարգանքի, եղբայրության ու ժողովրդավարության սկզբունքները հարգող, հեղինակություններից զերծ միջավայրում։
Կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչներ և հիմնված է հետևյալ չորս հիմնական սկզբունքների վրա`
ա. սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է և սոցիալական արդարությունը։ Միայն սոցիալապես ապահովված քաղաքացին կարող է զարգացնել տնտեսությունը և մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
բ. կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում, քանի որ միայն կրթված ու տեղեկացված քաղաքացին կարող է կատարել գիտակցված ընտրություն և դրանով իսկ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
գ. հասարակության ապակուսակցականացում այն հաշվով, որ պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը առավելագույնս զերծ մնան կուսակցական շահերի բախումներից։
դ. քաղաքացիներին ուղիղ ժողովրդավարության լծակների ընձեռում այն հաշվով, որ քաղաքացիներն ունենան իրական և գործուն լծակներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից դուրս ուղղակիորեն իրենց իշխանությունն իրականացնելու համար։
Վերը նշված ծրագրային հիմնադրույթների կամ սկզբունքների իրականացման արդյունքում է, որ ապահովվելու է իրավական պետության ու քաղաքացիական հասարակության գաղափարի փաստացի կենսագործումը։
Վերը նշված ծրագրային հիմնադրույթների կամ սկզբունքների իրականացման նպատակով Կուսակցությունն առաջ է քաշում հետևյալ ճանապարհային քարտեզը, որը կոչվում է Կարճաժամկետ ծրագիրը, որը 20 կետից բաղկացած առաջնային անելիքներն են: Կուսակցությունն ունի նաև երկարաժամկետ զարգացման ծրագիր։
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ
1. Սահմանադրության նոր նախագծի մշակում, որը ենթադրում է հանրության լայն հատվածի մասնակցությամբ Սահմանադրության նոր նախագծի կամ նախագծերի մշակում՝ նպատակ ունենալով հաստատել Սահմանադրական կարգ և ապահովել իշխանության երեք թևերի՝ օրենսդիր, գործադիր և դատական, միջև հավասարակշռության ու փոխադարձ զսպման իրական ու գործուն համակարգի ձևավորումը, ինչպես նաև ամրապնդել ու զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգը՝ որպես ժողովրդավարության ու իրավական պետության հիմնասյուն: Սա ենթադրում է պետական մարմինների իրավասությունների հստակ ու հավասարակշռվախծ տեղաբաշխում իշխանության երեք թևերի միջև՝ բացառելու համար մի ճյուղի գերիշխանությունը մյուսի նկատմամբ, և վերացնելու անորոշությունն ու իրավասությունների կրկնությունը։
Հանրության լայն շերտերի ներգրավումը Սահմանադրության մշակման գործընթացին ենթադրում է անհրաժեշտության դեպքում Սահմանադրության մի քանի տարբերակների կամ Սահմանադրության գլուխների մի քանի տարբերակների մշակում և առաջադրում ժողովրդական քվեարկությանը՝ հանրաքվեին։
Գործող 2015թ Սահմանադրությունը, լինելով ընդունված ոչ լեգիտիմ հանրաքվեի միջոցով, մշակված լինելով կոնկրետ անձանց կողմից իրենց իսկ անհատական ու խմբակային շահերից ելնելով, իրավական ու քաղաքական առումով չի նպաստել ու չի կարող նպաստել պետականաշինությանը, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի զարգացմանը ու սահմանադրական կարգի ամրապնդմանը, քանի որ նրանում առկա են այնպիսի լուրջ թերություններ, որոնք հանգեցնում են իշխանական լծակների ոչ հավասարաչափ բաշխման և իշխանության գերկենտրոնացում վարչապետի ձեռքին, ինչպես որ դա նախկինում արված էր նախագահի ինստիտուտի հետ կապված։ Սա իր հերթին ստեղծում է կոռուպցիոն մեծագույն խնդիրներ և անպատասխանատվության միջավայր։
Առաջարկվում է նաև Սահմանադրության մեջ ամրագրել քաղաքացիների ապստամբության կամ հեղափոխության իրավունքը, ինչպես նաև քաղաքացիների՝ սահմանադրական ու օրենսդրական հանրաքվե նախաձեռնելու առավել հասանելի իրավունքը։
Առաջարկվում է վերացնել կամ էականօրեն սահմանափակել պատգամավորների ու բարձրագույն այլ պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը և իմունիտետը, ինչպես նաև ամրագրել պատգամավորների կողմից ընտրողների առաջ հաշվետվողականության լուրջ ընթացակարգեր, այդ թվում՝ հետկանչի ինսիտուտը։
2. Կառավարության և պետական ծառայողների թվաքանակի էական կրճատում՝ նախարարությունների թիվը հասցնելով 10-ի՝ կրկնվող կամ համանման գործառույթների կրճատման ու համատեղման միջոցով՝ դրա հաշվին նաև ապահովելով նաև աշխատավարձի բարձրացում: Մեր համոզմունքն է, որ պետական ծառայողների թվաքանակը պետք է համամասնական լինի երկրի բնակչության թվին, ինչի պարագայում, մինչև 4-5 միլիոն բնակչության դեպքում Հայաստանում նախարարությունների թիվը չպետք է անցնի 10-ից։
Հնարավորինս պետք է բացառել ԱԺ-ի վերահսկողությունից դուրս գործող պետական կառավարման գործադիր մարմինների գոյությունը, այսինքն՝ գործադիր գործառույթներ իրականացնող պետական մարմինները պետք է լինեն նախարարությունների կազմում, կառավարությանն ու նախարարություններին առընթեր, այլ ոչ թե վարչապետին կամ նախագահին առընթեր։
Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ նվազագույն աշխատավարձը (նվազագույն կենսաթոշակը և նպաստները) չեն կարող 10 անգամից ավելի ցածր լինել պետական ամենաբարձր աշխատավարձից։ Օրինակ, եթե նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ է, ապա պետական ամենաբարձր աշխատավարձը չի կարող 1 մլն․ 110 հազար դրամից ավել լինել։
Առաջարկվում է Ոստիկանության համակարգի բարեփոխում Վրաստանի օրինակով` հին անձնակազմի պարտադիր վերաատեստավորմամբ, վերապատրաստմամբ և քանակային կրճատմամբ։
Առաջարկվում է Զինված Ուժերի համակարգի բարեփոխում` 2 տարվա ընթացքում կրճատելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը քաղաքացիների համար մինչև 1 տարի և ընդլայնելով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակը և քանակը։ Սա ենթադրում է նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացում և մասնագիտական միավորների (հետախուզություն, կիբեռ-անվտանգություն, նորագույն զինատեսակների կառավարում ու ավտոմատացում, հրետանի և այլն) տեսակարար կշռի աճ։
Առաջարկվում է նաև խստացնել ու առավել մանրակրկիտ կարգավորել պատգամավորական գործունեությունը, այդ թվում՝ պատգամավորական մանդատը կորցնելու հիմք համարել նիստերից առնվազն 10%-ին անհարգելի բացակայությունը, մեկ նստաշրջանի ընթացքում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգալը, ինչպես նաև էթիկայի նորմերի մեկից ավելի անգամ խախտելը (էթիկայի գործող նորմերը պետք է վերանայվեն և խստացվեն)։
Երկրի պաշտպանողականությունը մեծացնելու նպատակով առաջարկվում է 27 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր չունեն հոգեկան առողջական խնդիրներ և որևէ դատվածություն որևէ հանցագործության համար, տրամադրել ոչ ավտոմատիկ զենք կրելու իրավունք, որը կենթադրի նաև այդ անձանց կողմից տարին առնվազն երկու անգամ պարբերական զինպատրաստության դասընթացներին ու զորավարժանքներին պարտադիր մասնակցություն։ Այս ամենի արդյունքում նախատեսվում է ունենալ մի քանի հարյուր հազարանոց քաղաքացիական պահեստազոր կամ ազգային գվարդիա, որն ի վիճակի է լինելու մոբիլիզացվելու մեկ շաբաթվա ընթացքում և որն ունենալու է բավարար զինվորական պատրաստվածություն ու գիտելիք անմիջական մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս համակարգը դիտարկվում է որպես Հայաստանի ազգային ու ռազմական անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչ։
Նախատեսվում է գերուժեղ վարչապետության ինստիտուտի և խորհրդարանական կայուն մեծամասնության սահմանադրական պահանջի վերացում` գործադիրի ղեկավարի լիազորությունների մի մասը փոխանցելով կառավարությանը, առանձին նախարարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, Վերաքննիչ պալատին և Ազգային ժողովին` հավասարակշելով պետական կառավարման ողջ համակարգը՝ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների միմյանց զսպելու ու հավասարակշռելու մեխանիզմի ստեղծմամբ։
Առաջարկվում է մեծացնել Ազգային ժողովի Վերաքննիչ պալատի դերը և ինքնուրույնությունը` զուգահեռաբար մեծացնելով ԶԼՄ֊ների ու հասարակական կազմակերպությունների վերահսկողական դերակատարումը։ Այս երկու ինտիտուտները՝ Վերաքննիչ պալատ և ԶԼՄ-ներ/հասարակական կազմակերպություններ, ըստ էության, պետք է ձևավորեն չորրորդ իշխանությունը` հանրային վերահսկիչ իշխանությունը, որը ժողովրդավարական երկրներում լրացուցիչ երաշխիք է ընդդեմ պետական հնարավոր չարաշահումների։ Առաջարկվում է ԶԼՄ-ները դուրս հանել կուսակցական-քաղաքական ազդեցությունների դաշտից՝ օրենսդրական լուծումների միջոցով։ Պետք է օրենքով արգելել կուսակցություններին մասնաբաժին ունենալ ԶԼՄ-ներում կամ այլ եղանակով փաստացի կառավարել դրանք։
Նախընտրական շրջանում ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների ու անհատների համար պետք է ապահովվի հավասար եթերաժամ ու արտաքին գովազդի հնարավություն՝ ընտրություններին մասնակցության համար վճարված ընտրագրավի հաշվին, որը պետք է չգերազանցի 5 մլն․ դրամը։ ԿԸՀ ընտրագրավի գումարի սահմաններում ապահովում է պետական ու մասնավոր ԶԼՄ-ների միջոցով (հեռուստառադիո հաղորդումներ) ու տեղական ինքնակառավարման ենթակայության կազմակերպությունների հետ պայմանագրային հիմունքով հավասար եթերաժամեր ու հավասար դահլիճային հանդիպումներ բոլոր մասնակիցների համար։
Ընտրության մասնակից կուսակցությունները և անհատները չեն կարող որևէ այլ լրացուցիչ գումար ծախսել ԶԼՄ-ների միջոցով կամ արտաքին գովազդի միջոցով նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար։ Պետք է սահմանափակվի նախընտրական շրջանի թույլատրելի բոլոր հնարավոր մյուս ծախսերի առավելագույն շեմը, որը չի կարող գերազանցել 20 մլն․ դրամը։ Այս գումարային շեմերը կարող են ուղիղ համեմատական լինել նվազագույն աշխատավարձի հետ և ինդեքսավորվել ժամանակի ընթացքում։
Ընտրական օրենսդրության խախտման համար պետք է խստացնել պատասխանատվությունը, ներառյալ մասնակից կուսակցությանը կամ անհատին տուգանելու և ընտրություններին նրանց մասնակցությունը կասեցնելու միջոցով։
3. Ռազմավարական կարևորության խնդիր է համարվում առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկելը՝ հատկապես ծնելիության աճի ու ծնելիության խթանման միջոցով, ինչպես նաև ներգաղթի կազմակերպման արդյունքում, որը ենթադրում է ոչ միայն նպաստավոր իրավական (այդ թվում՝ դատական ու հարկային) ու տնտեսական միջավայրի ստեղծում, այլև ենթակառուցվածների արդիականացում և համապատասխանեցում միջազգային բարձր չափանիշներին՝ դրանով իսկ հեշտացնելով ներգաղթյալների ինտեգրումը Հայաստանի ուսումնական ու աշխատանքային միջավայրին: Այս առումով անհրաժեշտ է նաև աշխատանքային ու կրթական օրենսդրության կատարելագործում։ Մասնավորապես, առաջարկվում է մինչև 7% հիփոթեքային վարկ տրամադրել նորաստեղծ ընտանիքներին, և ամեն երեխայի ծննդյան դեպքում վարկի տոկոսադրույքն իջեցնել 1%-ով մինչև 5%-ին հասնելը, իսկ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 1 մլն դրամի չափով։ Օրենքի ուժով բոլոր բանկերը պարտադիր պետք է ունենան սոցիալական ուղղվածության նման ծրագրեր՝ իրենց վարկային պորտֆելից այդ նպատակով հատկացնելով մինչև 10%-ը։ Անհրաժեշտ է նաև ապահովել մինչև 18 տարեկան երեխաների անվճար և ամբողջական բժշկական սպասարկումը։
Սոցիալական խնդիրները բարեկարգելու նպատակով առաջարկվում է եռակի չափով բարձրացնել 40 մլն․ դրամից ավել արժողությամբ անշարժ ու շարժական գույքի գույքահարկը (այսպես կոչված շքեղության հարկի ներդրում)։
4. Քաղաքացիների՝ երթերի, ցույցերի և հանրահավաքների կազմակերպման ու անցկացման իրավունքի սահմանադրական ու օրենսդրական երաշխիքների ընդլայնում, ինչպես նաև լրատվամիջոցների ու խոսքի ազատության երաշխավորման համար իրավական ու տնտեսական երաշխիքների ստեղծում: Կուսակցությունները և նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունները չպետք է կարողանան ուղղորդել կամ կառավարել լրատվական դաշտը։
Անհրաժեշտ է նաև տվյալ ոլորտում պետական ուղղակի մասնակցության նվազեցում, ներառյալ հանրային կամ պետական լրատվամիջոցների ի սպառ բացակայություն։ Դրա փոխարեն անհրաժեշտ է պետական հստակ կարգավորում և հանրային հատվածի ու քաղաքացիական հասարակության ներգրավում հանրային լրատվության միջոցների լիցենզավորման ու կարգավորման գործընթացին։ Դա նաև ենթադրում է ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկություն, ռուսական, եվրոպական և ամերիկյան ռադիո ու հեռուստա-ալիքների միջև եթերաժամերի հավասարաչափ բաշխում, ազատ ու թափանցիկ մրցույթների կազմակերպում հեռուստա և ռադիո հաճախականությունների համար՝ հայոց լեզվով հեռուստառադիո ալիքների ու ծրագրերի գերակայությամբ: Մեր համոզմունքն է, որ ժամանակակից հասարակության առաջընթացի կարևորագույն երաշխիքը տեղեկատվության մատչելիությունն է և տեղեկատվության բազմակողմանիությունը։
5. Քաղաքացի-պետություն պայմանագրի, այսինքն՝ Հասարակական դաշինքի ու Ինքնիշխան ժողովրդի գաղափարի հանրամատչելի ու լայն տարածում հասարակության շրջանում, այդ թվում՝ դպրոցներում ու ԲՈՒՀ-երում ուսումնական ծրագրերի միջոցով: Այս առումով անհրաժեշտ է նաև վերանայել հայոց պատմության ու իրավունքի դասաժամերի ու դասերի բովանդակային կողմը։ Սա ենթադրում է Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաիմաստավորում, այդ թվում՝ նրա իրավական ու փաստական տարանջատում պետական կառավարումից, կրթությունից ու բանակից։ Դպրոցներում ու ԲՈՒՀ-երում անհրաժեշտ է ուժեղացնել նաև քաղպաշտպանության ու Սահմանադրության դասավանդման որակը։ Կրթության գլխավոր նպատակներից մեկը պետք է հռչակվի քաղաքացի կրթելը։
6. Ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու ԲՈՒՀ-երի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացում, ապակուսակցականացում և ինքնակառավարման ապահովում։ Սա ենթադրում է ոչ միայն օրենսդրական մի շարք փոփոխություններ, այլև ֆինանսական ինքուրույնության ապահովում, որը կբացառի պետական միջամտությունը ԲՈՒՀ-երի ներքին գործերին։ Պետք է բացառվի պետական պաշտոնյաների ընդգրկումը ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ու մարմիններում։ Անհրաժեշտ է վերանայել դպրոցների կառավարման ու ինքնակառավարման մեխանիզմները՝ ընդլայնելով դպրոցների ինքնուրույնությունը և ծնողական համայնքի վերահսկողական գործառույթները։ Պետք է բացառել դպրոցների և մանկավարժների ներգրավումը ընտրական ու քաղաքական գործընթացներին։ Պետք է էականորեն բարձրացվի մանկավարժների աշխատավարձը։
Կրթությունը հռչակվելու է տնտեսության գերակա ճյուղ` որակյալ ու մատչելի միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթություն ապահովելու հաշվին արտերկրյա ուսանողների հոսք ապահովելու միջոցով։ Տնտեսության այս ճյուղն ունի մեծագույն ներուժ՝ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը նպաստելու առումով, հատկապես ֆինանսական միջոցների ներհոսքի, անշարժ գույքի շուկայի ու սպառողական ապրանքների վաճառքի տեսանկյունից։
7. Առաջարկվում է ստեղծել ԱՄՆ Գրին Քարտի (Կանաչ Քարտ) նմանությամբ ներգաղթային համակարգ՝ համապատասխան օրենսդրությամբ, ու Իսրայելի օրինակով ոլորտ առ ոլորտ մասնագետներին Հայաստան հրավիրելու, նրանց ֆինանսավորման ու ինտեգրման խնդիրները լուծելու ու Հայաստանում հաստատվելու համար (Փուլային ազգային նախագիծ)։ Ծրագրի հիմնական նպատակն է ազգությամբ հայ օտարերկրի քաղաքացիներին Հայրենիքում վերաբնակեցնելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է։
Առաջարկվում է հարկատեսակները ու հարկային բեռը կրճատել մի քանի անգամ, հատկապես միջին խավի ու մանր ու միջին ձեռնարկատիրության համար այդ թվում՝ պարզեցնել հարկային օրենսդրությունը, միաժամանակ հարկային բեռը բարձրացնելով միայն հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։ Խստացվելու է ֆինանսական ու քրեական պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար։
Խստացվելու են նաև օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաների տրամադրման հետ կապված՝ նպատակ ունենալով սահմանափակել հանքարդյունահանման ծավալները և դրա ֆինանսական գրավչությունը։ Հանքարդյունաբերության ոլորտում սահմանել միջազգայնորեն ընդունված ամենաբարձր ու ամենախիստ բնապահպանական չափորոշիչները՝ օրենքի մակարդակով։ Հումքի արտահանումը փոխարինել վերջնական արտադրանքի արտահանումով։
Ռազմական արդյունաբերությունը, արևային էներգիայի ու քամու հաշվին էլեկտրոէներգիայի արտադրությունը, տեղեկավական ու բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթեւ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը հայտարարվելու են գերակա ճյուղեր։
8. Ազգային առաջնահերթություն է համարվելու միջին խավի ձևավորումը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ սեփականության իրավունքի ազատ իրականացումը, տնտեական ազատ մրցակցությունը և միջին ու մանր ձեռնարկատիրությունը պետության անվտանգության, քաղաքական բազմակարծության և օրինականության ապահովման հիմքն են: Միջին խավը դիտարկվելու է որպես պետության կայուն զարգացման հիմնասյուն։ Սա ենթադրում է հարկային ու կենսաթոշակային լուրջ բարեփոխումներ, որոնք միտված կլինեն միջին խավի ձևավորմանը և ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների միջև առկա ջրբաժանի կրճատմանը։ Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի և գրավիչ՝ թե աշխատողի և թե գործատուի համար։ Առաջարկվում է նաև կիրառել եկամտահարկի դրույքաչափերի ավելի ճկուն սանդղակ, և նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Մասնավորապես, առաջարկվում է մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար եկամտահարկը սահմանել 10%, իսկ առավելագույն եկամտահարկի դրույքաչափը լինի 25%:
Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ նվազագույն աշխատավարձը (նվազագույն կենսաթոշակը և նպաստները) չեն կարող 7 անգամից ավելի ցածր լինել պետական ամենաբարձր աշխատավարձից։
Եկամտահարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին, որոնց համար պետք է կիրառել հարկային արտոնություններ։ Ներմուծել եկամտահարկի սանդղակային համակարգ։
Գյուղական բնակչությանը մենք համարում ենք ազգային ներուժի հիմքերից մեկը և միջին խավի անբաժանելի մասը։ Ուստի, առաջնահերթություն ենք համարում գյուղատնտեսության զարգացումը՝ հաշվի առնելով ամեն մի գյուղի առանձնահատկությունները և բնական ռեսուրսների (անտառ, դաշտավայր, գետ, լիճ և այլն) առկայությունը։ Ըստ այդմ, մշակվելու է ամեն համայնքի պահանջներից բխող գյուղատնտեսական զարգացման ծրագիր, այդ թվում՝ անասնապահության, ձկնաբուծության, փայտամշակման, այգեգործության և այլ ուղղություններով։
Գյուղատնտեսության զարգացման գործում կարևոր ենք համարում 5% չգերազանցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, որակյալ սերմնացուի ու անասնապահության համար անհրաժեշտ անասնատեսակների ներկրման ու արտադրանքի մթերման/արտահանման գործընթացների պետական հստակ կարգավորումը, պետական աջակցությունը, արոտավայրերի ու գյուղատնտեսական նշանակության այլ հողերի օրենսդրական կարգավորումը և տարերային աղետների կանխարգելման իրականացումը։ Գյուղատնտեսությունը և մարզային կյանքն ակտիվացնելու ու աշխուժացնելու նպատակով պետք է իրականացվի Երևանից դուրս քաղաքաշինական պլանավորում՝ ամեն շրջանում արդյունաբերական կենտրոնի, մշակութային ու կրթական կենտրոնի, առևտրաային կենտրոնի և այլ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության միջոցով ապահովելով տեղում զբաղվածության ապահովումը։
Հարկային հստակ արտոնություններ ու խրախուսող պայմաններ պետք է ապահովել արևային ու քամու էլեկտրոկայանների հիմնադրման համար։ Մաքսատուրքից պետք է ազատել էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումը։
9. Երկրում արդարության ու պատասխանատվության մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել վերջին 20 տարվա ընթացքում ընտրական կեղծիքների ու Ընտրական օրենսդրության խախտումների կազմակերպիչներին՝ բացառելու համար այդ հանցագործների ներթափանցումը նոր Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման համակարգ և բացառելու հետագայում նման խախտումները՝ ձևավորելով պատժելիության մթնոլորտ։
10. Քաղաքական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտում և օբյեկտիվ քննություն, այդ թվում՝ Հարսնաքարի գործի, Բուդաղյանների սպանության, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, Բերձորի միջադեպ և այլն՝ կատարողներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ օրենքով սահմանված կարգով: Այս գործընթացին պետք է մասնակից դարձվեն միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
11. Ընտրական գործընթացի տրամաբանության փոփոխում, որը ենթադրում է նոր Սահմանադրության, Ընտրական նոր օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում այն հաշվով, որ բացառվեն հետագա ընտրակեղծիքների բոլոր դրսևորումները, լրացվեն այն բոլոր բացերը, որոնք օգտագործելով ներկայումս բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանվում, ինչպես նաև նպատակ ունենալով նվազեցնել կուսակցությունների ազդեցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում և գործադիր-կարգադրիչ ոլորտում։
Անհրաժեշտ է ապահովել մամուլի ու խոսքի ազատությունը ու հավասար հնարավորությունները ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների համար՝ անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից, երաշխավորվի թափանցիկ հաշվարկն ու ընտրությունների ամփոփումը (հավասար ներկայացուցչություն ընտրական հանձնաժողովներում)։ Սա նաև ենթադրում է ընտրությունների ժամանակ ծախսվող ֆինանսական միջոցների առավելագույն թույլատրելի սահմանի ու գրավների չափերի էական նվազեցում։ Պետք է նաև բացառել մանկավարժների ներգրավումը ընտրական գործընթացին՝ արգելելով նրանց անդամակցությունը ընտրական հանձնաժողովներին։
Անհրաժեշտ է նաև վերացնել Ազգային ժողովի ընտրություններից հետո պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու ու կառավարությունում պաշտոն ստանձնելու արատավոր պրակտիկան։ Պետք է ձգտել կառավարությունը վերածել արհեստավարժ կառույցի, և ոչ թե քաղաքական ու կուսակցական պայքարի թատերաբեմի։ Ավելին, որպես պատգամավորի թեկնածու առաջադրված պաշտոնյան պետք է հրաժարական ներկայացնի կամ պարտադիր արձակուրդ գնա՝ բացառելու համար վարչական ռեսուրսի կիրառման հնարավորությունը։ Առաջարկվում է նաև արգելել պետական պաշտոնյաներին լինել կուսակցության կառավարման ու ղեկավար մարմնի անդամ։
Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ՝ բացառելու համար պետական ծառայության ու պետական ռեսուրսների օգտագործումը կուսակցաշինության համար։ Այս առումով կարևոր է սահմանել, որ նախարարի պաշտոնից բացի, մնացած բոլոր ծառայողները ապակուսակցական են ու նախարարության աշխատակազմի մաս, ներառյալ նախարարի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ՝ կրճատելով նրանց թիվը։ Ուստի, անհրաժեշտ են նաև Քաղաքացիական ծառայության ու Հանրային ծառայության մասին օրենքների բարեփոխումներ՝ մասնագիտական ծառայության որակի բարձրացման և կուսակցական ազդեցության նվազեցման նպատակով։
12. Կոռուպցիայի ու հովանավորչության դեմ իրական պայքարի իրականացում և քրեական պատժի խստացում՝ պաշտոնատար անձանց կողմից տվյալ հանցագործությունների կատարման դեպքում։ Անհրաժեշտ է սահմանել և նախատեսել պատիժ քաղաքական կոռուպցիայի ու հովանավորչության համար՝ միազգային առաջադեմ փորձի հաշվառմամբ։ Մեր համոզմամբ կաշառակերության դեմ պայքարի կարևոր տարրերից է օրենսդրության կատարելագործումը այն հաշվով, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկեր ստեղծող իրավակարգավորումները և կրճատվեն հայեցողական լիազորությունները։
13. Առաջարկվում է իրականացնել լյուստրացիայի` իր ողջ հնարավոր ծավալով՝ թե քաղաքական թե տնտեսական առումով, որը ենթադրում է նաև օտար պետության գործակալների գաղտնազերծում, բացահայտում, պետական պաշտոններից հեռացում և պատիժ՝ օրենքով սահմանված կարգով։
14. Անցումային (ժամանակավորապես գործող) օրենքի ընդունում՝ գույքի և եկամուտների օրինականացման մասին, որի համաձայն երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, նախարարի, նախարարի տեղակալի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների, դատավորների, դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կենտրոնական բանկի, մյուս հանձնաժողովների անդամների և այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրության արդյունքում հանցավոր ճանապարհով, անհայտ աղբյուրից կամ անհայտ եղանակով ստացված գույքը և եկամուտները կարող են օրինականացվել որոշակի ընթացակարգով, որի արդյունքում պետական բյուջե պետք է վճարվի այդ գումարների կամ գույքի արժեքի մոտ 30-50%՝ կախված եկամտի և գույքի տեսակից, իրավախախտումերի ծանրությունից, եկամտի աղբյուրից և այլ հանգամանքներից:
Ընդ որում, քննության հետ համագործակցող և այս օրենքի հնարավորություններից օգտվող անձինք այդ արարքների մասով կազատվեն քրեական պատասխանատվությունից, սակայն պետական պաշտոն զբաղեցնող/զբաղեցրած անձինք կզրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից առնվազն 5 տարով՝ կախված մի շարք հանգամանքներից: Այս օրենքի գործողության ավարտից հետո անձինք, ովքեր չեն օգտվի վերը նշված օրենքի ընձեռած հնարավորությունից և չեն օրինականացնի իրենց ունեցվածքը, կենթարկվեն օրենքով նախատեսված ողջ պատասխանատվության, այդ թվում՝ ապօրինի ճանապարհով ստացված եկամտի մինչև 90% բռնագանձում և ազատազրկում:
15. Ընդլայնել տեղական հանրաքվեների կիրառման շրջանակը, ամրագրելով ՀՀ քաղաքացիների առնվազն 30 հազարի կողմից օրենսդրական, իսկ 50 հազարի կողմից սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը: Սահմանադրությամբ ամրագրել նաև առնվազն 30 հազար ստորագրությամբ ցանկացած օրենք կամ միջպետական պայմանագիր կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիների իրավունքը։ Անհրաժեշտ է մշակել և ներդնել բոլոր տեսակի ընտրովի պաշտոններից հետկանչի ընթացակարգ։
Առաջնահերթ համաժողովրդական հանրաքվեի պետք է դնել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ միջպետական ու վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքում օտար պետությունների ռազմաբազաների առկայության նպատակահարմարության հարցը՝ ստանալու համար ՀՀ քաղաքացիների կարծիքը։ Որպես գործելաոճ պետք է սկսել կիրառել հանրաքվեների ինստիտուտը՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների ընտրության և Արցախի հարցի կարգավորման հարցի շուրջ՝ ՀՀ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու նպատակով։
16. Վերականգնել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, պայմանով, որ նրանք ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք ՀՀ տարածքում և ընտրությունից առաջ վերջին 365 օրվա ընթացքում առնվազն 15 անընդմեջ օր անկացնում են ՀՀ-ում։ Վերացնել բոլոր տեսակի սահմանադրական ու օրենսդրական արգելքները արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ընտրովի պաշտոններում առաջադրվելու հետ կապված՝ հատկապես բնակության ցենզը, հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթի ահռելի չափերը, դրա սոցիալական պատճառներն ու պարտադրված բնույթը։ Այս նորմը կարող է կրել ժամանականվոր բնույթ, բայց այն համարում ենք անհրաժեշտ առնվազնը առաջիկա 5-10 տարիների ընթացքում՝ հայրենադարձությունը խթանելու և արտերկրի մտավոր ներուժը կիրառելի դարձնելու համար, որից հետո կարող են սահմանվել ավելի խիստ ցենզեր՝ թե բնակության և թե քաղաքացիության հետ կապված։
17. Ընդլայնել տեղական ինքնակառավարման ներուժը` ամրապնդելով հատկապես տեղական հանրաքվեների ինստիտուտը և ապաքաղաքականացնել ու ապակուսակցականացնել տեղական ինքնակառավարումը։ Սա նաև ենթադրում է նոր վարչատարածքային բաժանում և մարզերի փոխարինում շրջաններով՝ մարզը բաժանելով մեկ կամ մի քանի շրջանի՝ յուրաքանչյուր շրջանում մոտ 70 հազար բնակչության հաշվով՝ յուրաքանչյուր շրջանում հնարավորինս հավասարաչափ բնակչություն ունենալու նպատակով։
Շրջանային մակարդակով կիրականացվի ընտրովի տեղական ինքնակառավարում, իսկ տվյալ շրջանի մեջ ընդգրկված գյուղերը ու քաղաքները կարող են անմիջականորեն ընտրել գյուղապետեր ու քաղաքապետեր կամ դրանք կարող են լինել ավագանու կողմից նշանակովի։ Ամեն դեպքում տեղական մակարդակի՝ շրջանային ընտրությունները պետք է լինեն ապաքաղաքականացված, ապակուսակցականացված և արհեստավարժ կառավարիչների մասնագիտական աշխատանք՝ թե ավագանու, և թե գյուղապետերի ու քաղաքապետերի մասով:
Յուրաքանչյուր շրջան հանրաքվեով կարող է որոշել թե որ համակարգն է ընտրում, այսինքն՝ ամեն շրջանի բնակչություն կորոշի, թե ինչպիսի գյուղապետ կամ քաղաքապետ է ուզում ունենալ՝ քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրված թե ավագանու կողմից նշանակովի։ Բոլոր շրջաններում քաղաքացիները կընտրեն 11 հոգուց բաղկացած ավագանի՝ անկուսակցական հիմքի վրա:
Անհրաժեշտ է նաև ամրագրել սահմանափակումներ՝ ընտրությունների ու նշանակումների ժամկետների առումով, այն հաշվով որ միևնույն անձը երկու անգամից ավել չկարողանա ընտրվել/նշանակվել ու վերընտրվել/վերանշանակվել նույն պաշտոնին։ Ավագանու անդամների կեսը երկու տարին մեկ ռոտացիոն սկզբունքով կվերընտրվեն, իսկ տեղական ընտրությունների ժամանակ առաջադրվելու իրավունք կունենան քաղաքացիները, այլ ոչ թե կուսակցությունները։ Կուսակցությունները կարող են սատարել ու աջակցել ինքնաառաջադրված թեկնածուներին։ Սա կնվազեցնի նաև տեղական հեղինակությունների ու խնամի ծանոթ բարեկամների ընտրվելու հնարավորությունը։
Երևանի Կենտրոն համայնքը կշարունակի լինել Հանրապետության մայրաքաղաք՝ ընտրովի տեղական ինքնակառավարման իր մարմնով՝ ավագանիով։ Երևանի մյուս թաղային համայնքները կվերածվեն ինքնակառավարվող շրջանների՝ ըստ անհրաժեշտության միավորվելով հարակից այլ շրջանների հետ, որը նաև կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը ու Երևանից դուրս համայնքային կյանքի աշխուժացմանը։ Երևան քաղաքը կստանա հատուկ կարգավիճակ, իսկ քաղաքապետը կլինի երևանցիների կողմից ուղղակիորեն ընտրովի կամ Երևանի ավագանու կողմից նշանակովի՝ Երևանի բնակիչների որոշմամբ՝ հանրաքվեի միջոցով։
18. Արցախը հայկական տարածք է, թե պատմական թե փաստացի առումով, և հետևաբար Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ` Արցախում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի/վերաբնակեցման և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի դե յուրե միավորում Հայաստանի հետ: Որպես հնարավոր իրավական լուծում առաջարկվում է Արցախում և Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե՝ քաղաքացիների նախաձեռնությամբ, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամահայտնության և ժողովրդավարական գործընթացների արդյունքում։ Նման լուծումը չի կարող չընդունվել ժողովրդավար որևէ երկրի ու միջազգային առաջադեմ հանրության կողմից։
19. Հայաստանը պետք է հատուկ, բարիդրացիական և ռազմավարական հարաբերություններ կառուցի Իրանի և Վրաստանի հետ, հատկապես էներգակիրների ներկրման ու վերամշակման և արտաքին առևտրի ոլորտներում: Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների ու ազդեցությունների ոլորտից: Այդ հարաբերությունների հիմնաքարը պետք է դիտարկել Հայաստանը՝ որպես Սև ծովը Պարսից Ծոցին կապող առևտրի տարանցիկ ուղի։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոմիության, Ճապոնիայի, Հնդկաստանի և Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը, որպիսի գործընթացը պետք է ներառի Թուրքիայի կառավարությանը փախհատուցման պահանջ ներկայացնելը:
20. Քաղաքացիներին նախատեսվում է հնարավորություն ընձեռել՝ սահմանադրական հանրաքվեի միջոցով իրենց դիրքորոշումը հայտնել հետևյալ հարցի շուրջ՝ 27 տարին լրացած Հայաստանի քաղաքացիներին ոչ ավտոմատիկ մարտական զենք կրելու իրավունք տալու հարցի շուրջ՝ ամրագրելով քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը, այդ թվում` ռազմական կամ պատերազմական դրության ժամանակ։ Այս իրավունքը պետք է ենթադրի նաև որոշակի սահմանափակումներ անձի առողջական վիճակի, դատվածություն չունենալու և այլ հանգամանքների հետ, և ենթադրի պարբերաբար ու պարտադիր կարգով զորավարժանքներին մասնակցություն և պահեստազորում հաշվառում։ Այսինքն՝ զենք կրելու իրավունքը դիտարկվում է ազգային անվտանգությունն ամրապնդելու և ռազմական անհրաժեշտությամբ պայմանավորված արագ մոբիլիզացվող արհեստավարժ պահեստազոր ունենալու համատեքստում։
Ծրագրի Երկարաժամկետ բաղադրիչը ավելի ծավալուն է և կհրապարակվի ավելի ուշ։