Տեղի ունեցավ “Ազգային առաջընթաց” կուսակցության 7-րդ համագումարը


Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ “Ազգային առաջընթաց” կուսակցության 7-րդ համագումարը, որին ներկա էին Երևանի ավագանու անդամներ Հայկ Գրիգորյանը, Պեդրո Զարոկյանը, Ռոբերտ Ծովյանը, Արամ Մանուկյանը և Սամվել Մելիքյանը։

Հրապարակվեցին նորընտիր վարչության և խորհրդի կազմերը, Հայկ Գրիգորյանը ընտրվեց որպես կուսակցության վարչության նախագահ։

Ստորև ներկայացնում ենք վարչության նորընտիր նախագահ ելույթը՝

“Հարգելի պատվիրակներ, սիրելի հյուրեր, ողջունում եմ ձեզ Ազգային առաջընթաց կուսակցության7-րդ համագումարին, շնորհակալություն մասնակցության համար։

Կփորձեմ հակիրճ անդրադառնալ Հայաստանի առաջ ծառացած խնդիներին և մեր կողմից առաջարկվող լուծումներին, և այդ համատեքստում Ազգային առաջընթաց կուսակցության մոտակա անելիքներին։

Հետպատերազմական այսօրվա իրավիճակում չափազանց կարևոր է ժամանակը և արդյունք գրանցելու արագությունը, ինչը հնարավոր է անել ստեղծված ներքին և արտաքին բարդ իրավիճակը ճիշտ գնահատելով և համարժեք քայլեր իրականացնելով։

Ցավոք գործող կառավարությունը չունի ժամանակի սղության գիտակցումը։

Առանց ապաքինվելու 2020թ պատերազմի պարտությունից, իշխող վարչախմբի հարմարվողական քաղաքականության շնորհիվ մենք 2023 թ կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը։

Գործող կառավարությունը փորձում է փակել Արցախի էջը և հանրային գիտակցությունից ջնջել մեր պատմության որոշ դրվագներ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մերժում է իշխանությունների այս մոտեցումը և գտնում է, որ արցախյան հիմնախնդրի էջը վերջնականապես փակված չէ, և որ անհրաժեշտ է հնարավորություն թողնելով խնդրի հետագա լուծումներին անդրադառնալ երկրի տնտեսական հզորացման և Հայաստանը բանակցային գործոն դառնալուց հետո։

Գործող կառավարության զիջողական քաղաքականությունը ոչ միայն չբերեց որևէ դրական արդյունքի, այլև ավելի գրգռեց թշնամի երկրների ախորժակը, որոնք ամեն օր նորանոր պահանջներ են առաջ քաշում։

Տավուշում զիջողական սահմանագծումը այդպես էլ չբերեց Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերման և ռազմագերիների ազատ արձակման։

Մենք անընդունելի ենք համարում  գործող կառավարության հարմարվողական և զիջողական քաղաքականությունը և գտնում, որ միայն հաշվարկված, արժանապատիվ և նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է հնարավոր հետամուտ լինել ազգային շահի պաշտպանությանը, իսկ դա հնրավոր է միայն տնտեսական և ռազմական հզորացման միջոցով։  Ցավոք գործող կառավարությունը իր պաշտոնավարմանա 6 տարաիների ընթացքում իրական որևէ առաջընթաց չի գրանցել տնտեսական զարգացման ուղղությամբ, առանց որի անհնար է որևէ այլ ոլորտի զարգացում։

Հայաստանը պարտվել է և շարունակում է պարտվել տնտեսական, գիտական և ռազմական ոլորտներում։

Լինելով սոցիալական ուղղվածության քաղաքական ուժ, մենք առկա խնդիրների լուծման առանցք ենք համարում տնտեսական բարեփոխումները՝ որպես հեռանկարային ոլորտներ դիտարկելով տնտեսության իրական հատվածը՝ արդյունաբերությունը,  գյուղատնտեսությունը, ռազմաարդյունաբերությունը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Տնտեսական քաղաքականության հիմքում պետք է դրվի արդյունաբերական ինքնաբավության գաղափարը՝ Հայաստանը պետք է արտադրի այն ամենն, ինչը հնարավոր է արտադրել ներքին ռեսուրսներով, իսկ պետությունը հնարավորինս պետք է աջակցի տեղական արտադրողին թե արտադրության և թե արտահանման ընթացքում։

Պետությունը պետք է իր գործիքակազմով աջակցի հայկական արտադրողի նոր շուկաներ դուրս գալու գործընթացին՝ հատկապես Եվրոպայի և ԱՄՆ շուկաներ։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր թուլացնել մեր տնտեսական ու քաղաքական կախվածությունը մեր հանդեպ ոչ բարեկամ երկրներից։

Սակայն սրանք խնդիրներ են, որոնք գործող իշխանություններն անկարող են ընկալել, առավել ևս՝ լուծել, ինչու եմ այսպես ասում՝ Երևանի ավագանիում մեր մեկ տարվա գործունեության արդյունքում մեզ պարզ դարձավ որ Հայաստանի բնակչության մոտ կեսին սպասարկող Երևանի քաղաքապետարանում ծաղկում է կառուպցիան, քաղաքապետարանի ղեկավար անձնակազմը չունի տարրական պատկերացումներ խորքային խնդիրների մասին, և ի վերջո անկարող է լուծել համակարգային խնդիրներ։

Այս նույն ոչ մասնագիտական և մակերեսային մոտեցումներով էլ կառավարվում է ամբողջ երկիրը։

Ցավոք քաղաքական տկարությունը բնորոշ է ոչ միայն օրվա իշխանություններին, այլև այպես կոչված «տիտղոսակիր ընդդիմությանը», որը արդեն մի քանի տարի է բացառապես խորացնում է հիասթափություն հանրության շրջանում և անուղղակի աջակցում գործող վարչախմբի վերարտադրությանը։

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ բնակչության մեծ մասը պարզապես հիասթափված է թե քաղաքական ուժերից, թե քաղաքական գործընթացներից, և չունի հավատ Հայաստանի ապագայի հանդեպ։

Մենք եկել ենք ասելու, որ փորձելու ենք լինել այն իրական այլընտրանքը, որին որոնում է բնակչության մեծամասնությունը։

Մենք եկել ենք ասելու, որ Հայաստանն արժանի է լինելու հզոր և արժանապատիվ ու ինքնիշխան պետություն։

Մենք եկել ենք ասելու, որ ժամանակն է, որ բոլորս համատեղ լծվենք արժանապատիվ ապագայի կերտման այս գործին։

Մենք եկել ենք ասելու, որ ազգային առաջընթաց լինելու է։”

Տարածիր՝