«Ազգային առաջընթաց» կուսակցության 7- րդ համագումարին Միրա Հովսեփյանի ելույթը


«Ազգային առաջընթաց» կուսակցության 7-րդ համագումարի հարգելի մասնակիցներ, հյուրեր՝

Արցախահայության անունից ուրախ եմ ողջունել ձեզ այս ամբիոնից։ Ես՝ որպես 2023 թվականի արհավիրքի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացի այսօրվա ելույթս ուզում եմ նվիրել Մայր Հայրենիքում արցախահայության օրհասական խնդիրներին և դրանց լուծումներին։

Չնայած նրան, որ ողջ հայությունը միահամուռ կերպով 2023 թվականի չարաբաստիկ աշնանը լծվեց արցախահայության սոցիալ-հոգեբանական խնդիրների ամոքման գործին, այդուհանդերձ պարզվեց, որ պետական մակարդակով ՀՀ-ն լիովին պատրաստ չէր այդ քանակի հայրենակիցների հավուր պատշաճի ընդունելու գործընթացին։ Չնայած նրան, որ Արցախի հոգեվարքի վերջին տարին ակնհայտ էր դարձնում ուշ, թե շուտ արցախահայության տարհանման հրամայականը՝ հատկապես ՀՀ իշխանությունների տոտալ անգործության համատեքստում, այդուհանդերձ Հայաստանի կառավարությունը միայն արտագաղթի օրերին և հընթացս սկսեց պատրաստվել փախստականների հոծ ալիքի ընդունման գործընթքցին։ Այդ էր պատճառը, որ պետական բազմաթիվ ծրագրեր անմշակ էին և թերի, ինչի պատճառով հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ տառապանքների միջով անցած արցախահայությունը ստիպված էր լինում առօրյա մակարդակում անցնել նորանոր արհեստական դժվարությունների և սթրեսների միջով՝ մի փոքր սոցիալական, կա, այլ աջակցություն ստանալու ակնկալիքով։

Որքան էլ զարմանալի է, իրավիճակը չի շտկվել առ այսօր՝ չկան արցախահայությանը սոցիալապես ներհայաստանյան կյանքին ինտեգրելու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, եղած ծրագրերը այսրոպեական են՝ ուղղված ծագող խնդիրներին կոսմետիկ լուծումներ տալուն։ Մինչդեռ Հայաստանյան կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լիներ, ոչ միայն մի կերպ գոյատևելու համար ժամանակավոր բնույթ կրող նպաստների տրամադրումը, այլ երկարաժամկետ կտրվածքով արցախահայության համար զբաղվածության համապատասխան ծրագրերի մշակումը, քանզի առանց այդ հիմնարար խնդրի լուծման, արցախցին դեռ երկար ժամանակ կախված կլինի պետական աջակցությունից, իսկ դրա բացակայության դեպքում ուղղակի կդիմի արտագաղթի, կամ էլ կհամալրի երկրի ահագնացող տեմպերով աճող աղքատների բանակը։

Երկրորդ կարևորագույն ռազմավարական ծրագիրը, որը, ըստ իս մշակված է թերի և առանց արցախահայության տեսակետները հաշվի առնելու՝ դա բնակապահովման ծրագիրն է։ Պետության կողմից բնակապահովման համար նախատեսված գումարները վերցված են օդից, իրենց հիմքում չունեն որևէ իրական հաշվարկ, չեն համապատասխանում անշարժ գույքի շուկայի առկա տենդեցներին։ Ծրագրի չվերանայման դեպքում, բազմաթիվ արցախցիներ, նույնիսկ դրանից օգտվելու պարագայում, կարող են մնալ անտուն, քանզի առաջարկվող գումարներով հնարավոր չէ գնել անշարժ գույք նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։

Երրրորդ առանցքային խնդիրը դա արցախահայության գոնե կարիքավոր շերտերի համար առողջապահության հասանելիությանը միտված ծրագրերի մշակումն է։

Եվս մեկ կարևոր խնդրի վրա եմ ուզում սևեռել ձեր ուշադրությունը՝ դա արցախցի ուսանողների համար սոցիալական արտոնությունների խնդիրն է։ Մինչ 2024-2025 ուս․տարի արցախցի ուսանողները օգտվում էին միջին և բարձրագույն ուսհաստատություններում վճարովի հիմունքներով սովորելու պարագայում պետության կողմից սահմանված օժանդակությունից։ Մինչդեռ 2024-2025 ուս․տարվա համար ՀՀ կառավարությունը դեռևս որևէ սուբցիդավորման ծրագիր արցախցի ուսանողների համար չի սահմանել։ Սակայն շատ ուսանողներ, գտնվելով ծայրահեղ սոցիալական պայմաններում իրենց հետագա ուսանելու նախապայմանը համարում են հենց պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շարունակելիությունը։

Սիրելի հայրենակիցներ, խնդիրները, որոնց արցախահայությունը բախվում է առօրյայում բազում են, ես առանձնացրեցի ամենաառանցքայինները՝ հուսով, որ դրանք կստանան շուտափութ լուծումներ։

Հարգելի՛ հայրենակիցներ, խորին երախտագիտությունս եմ հայտնում այս ամբիոնից վերը հիշատակված խնդիրները բարձրաձայնելու հնարավորության համար։

Տարածիր՝