Հնարավոր է՝ Սևանա լիճը որպես քաղցրահամ ջրավազան կորցնենք


Բնապահպանները շարունակում են ահազանգել Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը կարծում է, որ հնարավոր է Սևանա լիճը որպես քաղցրահամ ջրավազան կորցնենք։ Օրերս նա այցելել է Սևան։ Մեզ հետ զրույցում նշեց, որ լճի կապտականչավուն ջրիմուռները հիմնականում Լճաշենի, Մարտունու և Վարդենիսի ափերին են, քանի որ Սևանի քամիները փչում են Գեղամա լեռներից։ Դա է պատճառը, որ այդ ափին է կուտակվել աղտոտվածությունը։ Այդ հատվածի գյուղացիները նշում են, որ առավոտյան այդ ջրիմուռները չեն լինում։ Նրա խոսքով՝ մինչև հուլիսի 25-ը այդ ջրիմուռները կվերանան։ Լճին կապտականաչավուն ջրիմուռները կենդանի օրգանիզմ են, որոնք աճում են և երբ մահանում են, վերածվում են մուգ կանաչի, ինչը հիմա տարածված է Սևանի ափերին։

Մամուլի հրապարակումները, թե Սևանի ափին կովերը անկել են լճից ջուր խմելուց հետո, Քնարիկ Հովհաննիսյանը չափազանցված է համարում։ Ըստ նրա՝ սա կարող էր անասունների անկման պատճառներից մեկը լինել․«Հնարավոր է՝ մեկ տոկոս, ոչ ավելի։ Ես ընդհանրապես բացառում եմ»։

Ջրային ռեսուրսների մասնագետը Սևանա լճի կապտականաչավուն ջրիմուռների տարածման պատճառներից ամենակարևորը համարում է այն, որ Սևանի խոշոր քաղաքների և բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, լվացքաջրերը, անգամ աղբը լցվում են գետերը, որոնք բերում են այդ ամենը Սևանա լիճ։

«Երեք խոշոր քաղաքներում մաքրման կայաններ՝ Վարդենիս, Մարտունի և Գավառ, բայց դրանք ընդամենը մեխանիկական մաքրում են իրականացնում, ինչը մեզ չի փրկում օրգանական աղտոտվածությունից։ Ջերմաստիճանն էլ բարձր է, աղտոտվածության առկայությունը նպաստում են կապտականաչավուն ջրիմուռների զարգացմանը»,-հավելեց Քնարիկ Հովհաննիսյանը։

Հաջորդ պատճառը․ ըստ նրա, Սևանի տարածքում հատուկ տարածքներ կան, որտեղ ձուկ են բազմացնում, և այդ ձկնաբուծարաններում տարբեր անտիբիոտիկներ, արհեստական կերեր, գունավոր նյութեր են օգտագործում, և դրանց մի մասը ձկները չեն կարողանում ուտել, ջուրը տարածում է այդ աղտոտվածությունը։

«Տեղացիների պատմելով՝ Սևանում իսպառ վերացել է խեցգետինը, իսկ խեցգետինը սանիտարն է, պակասել է նաև կողակի, կարասի քանակությունը, իսկ դրանք ջրի մաքրողներն են։ Արհեստական ձկնաբուծարանները պետք է վերացնել, որպեսզի այդ գործոններից մեկը վերանա։ Այդ դեղորայքը, արհեստական կերերը պետք է վերացնենք, այլապես կկորցնենք Սևանը։

Քնարիկ Հովհաննիսյանը շեշտեց՝ այդ ափերին լողանալը վտանգավոր է, քանի որ մաշկը կարող է այրվածք ստանալ, փսխում լինի և այլն։

Աղբյուրը՝ Լրագիր

Տարածիր՝