Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստերն այսօրվանից անցկացվում են գաղտնալսումից զերծ սենյակում


Factor.am-ը գրել էր, որ հանձնաժողովը գրություն է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ ապրիլյան պատերազմից հետո իրականացված ուսումնասիրությունների մասին որոշակի փաստաթղթեր ստանալու նպատակով։ Մեզ այսօր հայտնի դարձավ, որ որոշ փաստաթղթեր արդեն փոխանցվել են հանձնաժողովին: Հարցին՝ հանձնաժողովը ՊՆ-ից փաստաթղթեր ստացե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դատարկ տեղը հո նիստեր չե՞նք անում, ավելի բուռն էտապը, երևի թե, կսկսվի ավելի ուշ: Մենք գտնվում ենք շատ ակտիվ նամակագրական փուլում, մեզ հետաքրքրող բոլոր գերատեսչությունների և նրանց ղեկավարների հետ:  Ամենակարևոր փուլը հիմա է»: Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունից որևէ դիմադրություն չի կարող լինել փաստաթղթերի տրամադրման հարցում, քանի որ բոլորի նպատակը ճիշտ շեշտադրումներով միասին աշխատելն է: «Մենք անելու ենք աշխատանք, որի համար առաջինը շահագրգռված է լինելու բանակը, Պաշտպանության նախարարությունը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողով են հրավիրվելու նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հարկ եղած դեպքում կհրավիրվի նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր նրանից հետաքրքվեցինք՝ հանձնաժողով հրավիրվող անձանց ցանկը արդեն հայտնի՞ է: «Մենք աշխատում են այդ ցանկի վրա և շատ հիմնավոր ենք աշխատում, նաև շարունակաբար ենք աշխատելու: Անուններին կանդրադառնանք հաջորդ անգամ: Այն մարդիկ, որոնք ասելիք ունեն, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

Տարածիր՝