Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո դեսպանին հրավիրել են ՀՀ ԱԳՆ


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո դեսպանին հրավիրել են ՀՀ ԱԳՆ եւ զրուցել Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում, եւ այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքական շրջանակներում։ Հիմնական լեյտմոտիվն էլ սա է՝ Հայաստանի իշխանությունները չտեսնված-չլսված հանդգնություն են ցուցաբերել, անգամ ամերիկացիները չեն համարձակվում նման տոնայնությամբ խոսել Ռուսաստանի հետ, ռուսների կոշտ պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա, այդ քայլը լրջորեն հարվածելու է հայ-ռուսական հարաբերություններին, եւ այլն։

Կասկած չկա, որ Հայաստանում հավատարմագրված ցանկացած դեսպանի հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ մոտավորապես նույն արձագանքին էր արժանանալու, բայց հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ են, մեր հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ նույնպես, հետեւաբար՝ այդ երկրի դեսպանի ցանկացած քայլ մեզանում շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Եվ Ռուսաստանում, իհարկե, շատ լավ գիտեն դա։ Ըստ երեւույթին գիտեն նաեւ, թե ինչպիսին է մեր հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, գիտեն, որ նրան սատարող ֆեյքերն ու տարբեր շարժումները դա անում են լուրջ վարձատրության դիմաց, իսկ եթե «պիցցան մի քանի ժամով ուշանա»՝ նրա կողքին հազիվ մի քանի տասնյակ մարդ հավաքվի։ Ու եթե այսքանն իմանալով ռուս դեսպանն այնուամենայնիվ հանդիպում է նրա հետ՝ նշանակում է իսկապես ավելի լուրջ ենթատեքստ կա։

Խնդիրն, իհարկե, Քոչարյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելը չէ։ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ այնպիսի վիճակում է, որ նրան ոչ մի աջակցություն չի օգնի։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերություններն են։ Բանն այն է, որ երբ Ռուսաստանի դեսպանը հանդիպում է մեկի հետ, ում իր երկրում, մեղմ ասած, չեն սիրում, արդյունքում հասարակության վերաբերմունքը փոխվում է ոչ թե այդ մարդու, այլ Ռուսաստանի նկատմամբ։ Հասկանալի է, չէ՞, որ եթե ՌԴ դեսպանը օրը 8 անգամ էլ հանդիպի Քոչարյանի հետ, դրանից Քոչարյանն ավելի ընդունելի չի դառնալու հասարակության համար, ոչ էլ նրա արածներն են մոռացվելու, իսկ ահա Ռուսաստանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվելու է դեպի վատը։ Ըստ երեւույթին առաջին հերթին հենց սա է, որ մտահոգել է ՀՀ իշխանություններին, եւ նրանք հորդորել են ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնց արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել։ Առանց այն էլ ապրիլյան պատերազմից հետո հսկայական ջանքեր պահանջվեցին երկու երկրների հարաբերություններում առաջացած սառույցը հալեցնելու համար։ Ու հիմա ստացվում է, որ մինչ Հայաստանի նոր իշխանությունները ջանում են իսկապես դաշնակցային եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, այդ երկրի դեսպանն իր քայլերով հակառակն է անում (համենայն դեպս հասարակական ընկալումն այդպիսին է)։ Ուրիշ բան, եթե Քոչարյանը կուսակցության ղեկավար լիներ եւ քաղաքական պայքար մղեր, այդ դեպքում դեսպանի հանդիպումը նրա հետ շատ նորմալ կընկալվեր։ Բայց Քոչարյանն ընդամենը փորձում է պաշտպանվել իր նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքներից, իսկ «տակից», ըստ շրջանառվող տեղեկությունների, ֆեյքեր, քարոզչամիջոցներ ու ագրեսիվ խմբեր է ֆինանսավորում։ Գործողություններ, որոնք մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ անվանել «քաղաքական գործունեություն»։

Ինչ վերաբերում է կոնկրետ Քոչարյանին, ապա մարդն, ով ժամանակին ինքն իրեն «միակ տղամարդ» էր անվանում, այսօր հանուն իր անձնական շահերի հանգիստ թույլ է տալիս, որ իրեն որպես պատրվակ օգտագործելով՝ դրսից միջամտեն Հայաստանի ներքին գործերին։ Ընդ որում՝ ժամանակին ամենաշատը հենց ինքն էր խոսում «դրսից տղա բերելու» անթույլատրելիության մասին, իսկ օտարերկրյա դեսպաններից մեկի հետ քաղաքական գործիչներից մեկի հանդիպումից հետո այդ գործչի արարքը բնութագրելիս նույնիսկ «ազգային դավաճանություն» բառերն օգտագործեց։  Հետաքրքիր է՝ հիմա է՞լ է նույն կարծիքին։

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Տարածիր՝