Անդրանիկ Քոչարյանի նկատողությունը ՊՆ-ին


2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը չի կարողացել ըստ էության ներկայացված փաստաթղթի խորությունը, էությունը պատկերացնել, այդքան փակ է եղել: Դիմելով ֆինանսների նախարարին՝ նա ասաց. «Պարո՛ն Ջանջուղազյան, փակ նյութերն էլ պետք է հասանելի լինեն հանձնաժողովի անդամներին, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան ամբողջությամբ ընկալել: Ուսումնասիրության արդյունքում ծառայողական գաղտնիքը պարունակող ծախսային հոդվածները երբ նայում ենք, բացվածքները համարյա դատարկ են: Մեր պատկերացմամբ, փաստաթուղթն իրենից ընդամենը ներկայացնում է կիսադատարկ մի աղյուսակ՝ առանց նկարագրական, տեքստային բացատրագրերի, վերլուծական մասի եւ եզրակացության: Գաղտնիության շատ խիստ գրիֆ է դրված՝ հույժ գաղտնի, կարող է այն դարձնեն խիստ գաղտնի»: Նշենք, որ հույժ գաղտնի տեղեկությունները պատգամավորներին հասու չեն, պատգամավորներին հիմնականում թույլտվություն են տալիս երկրորդ կարգի՝ խիստ գաղտնի տեղեկություններին ծանոթանալ: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հստակ չեն եղել ոչ ֆինանսական ցուցանիշների տարբերության պատճառներն ու պարզաբանումները, ծրագրային բյուջետավորման ձեւաչափով ներկայացրած տվյալները կատարողական ցուցանիշներով համալրված չեն եւ հնարավոր չէ գնահատել ծրագրի արդյունավետությունը եւ որոշում ընդունել դրա վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ առաջարկում են հաջորդ տարի փաստաթղթի ձեւաչափը փոխել, դարձնել այն առավել հաշվետվողական ու գնահատելի, առաջարկվեց նաեւ այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, որում կընդգրկվեն ՊՆ-ի ամբողջական ծախսերը՝ պարտադիր ունենալով կից բացատրագիր ու տեքստային վերլուծական մաս, առանց դրա հանձնաժողովի անդամների համար շատ դժվար է ընկալել դրա էությունը: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԱԱԾ-ի հետ կապված նման խնդիր չկար: Նա հույս հայտնեց, որ մյուս տարի իրենց դիտողությունները ՊՆ-ն հաշվի կառնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/06/19/1051105/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տարածիր՝