Խորհրդարանն ընտրելու է Սահմանադրական դատարանի դատավոր


Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը։ Նստաշրջանի առաջին նիստում՝ այսօր, օրենսդիրներն ընտրելու են Սահմանադրական դատարանի դատավոր։ Թեկնածուն հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է։

Նկատենք, որ ՍԴ դատավորի ընտրության աղմուկ հանած այս հարցը քննարկվում է դեռ նախորդ գումարման Ազգային ժողովից։ Արմեն Սարգսյանն այս ընթացքում խորհրդարանին ներկայացրել է չորս թեկնածու, ընդ որում՝ Վահե Գրիգորյանին արդեն երկրորդ անգամ։ ՀՀԿ-ն մեկ անգամ նախորդ տարի չէր ընտրել Գրիգորյանին, որից հետո նոր իշխանության պատգամավորներն էլ չընտրեցին մյուս երեք թեկնածուներին։

Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու հարցը նախկին իշխանության ներկայացուցիչների, ընդդիմադիր պատգամավորների կողմից քննադատությունների արժանացավ այն մեկնաբանություններով, իբրեւ թե դա օրենքի խախտում է, եւ միեւնույն թեկնածուն երկրորդ անգամ չի կարող առաջադրվել։ Սակայն բազմաթիվ հեղինակավոր իրավաբանների մեկնաբանությամբ՝ Գրիգորյանի առաջադրումը լիովին օրենքի սահմաններում է։

Աղբյուր՝ Հայկական ժամանակ

Տարածիր՝