Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, մերժելով պաշտպանների բողոքը:

Որոշման հրապարակումից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ դատարանի որոշումը իրենց համար ըստ էության անակնկալ չէր. «ի՞նչ կարելի է սպասել մի դատական իշխանությունից, որը ամբողջովին ընկած է կեղտի եւ կոռուպցիայի մեջ: Ի՞նչ կարելի է սպասել մի դատական իշխանությունից, որը ընտրովի արդարադատություն է իրականացնում, մի դատական իշխանությունից, որը ընկած է գործադիրի կոշիկի տակ: Այս գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում եւ անմիջապես որոշումը ստանալուց հետո մենք կուղարկենք ՄԻԵԴ, որտեղ առաջնահերթության կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի եւ խոշտանգման գործը»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մայիսի 2-ի որոշումը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Տարածիր՝