Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման և Ծառուկյանի՝ գործարար լինելու մասին


Սահմանադրության 95֊րդ հոդվածի համաձայն՝ Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Ձեռնարկատիրական գործունեությունը միայն տնօրեն լինելը կամ հարկային հաշվետվություն ստորագրելը չէ։ Հետևաբար, ՊԵԿ֊ի ղեկավարի պնդումը, թե Ծառուկյան անունով գրանցված ձեռնարկատեր չկա, մեղմ ասած՝ համոզիչ չէ։

Եթե պատգամավորը հանդիպում է իրեն պատկանող գործարանի աշխատավորական կոլեկտիվի հետ, այնտեղ տալիս է պարտադիր կատարման հրամաններ, դիտողություններ է անում տնօրենին, ապա անվավեր ճանաչում տնօրենի կարգադրությունը՝ ասելով, որ կարող եք պատռել դիմումները, ապա փաստացի նա իրականացնում է իրեն պատկանող բիզնեսի կառավարում, դրանով իսկ մասնակցելով ձեռնարկատիրական գործունեությանը, թեև ֆորմալ իմաստով այդ ընկերությունը հանձմված է հավատարմագրային կառավարման և փաստացի պատգամավորը միայն սեփականատեր է փորձում ներկայանալ։

Բայց եկեք պատկերացնենք, որ Ծառուկյանը դադարեցնի իր այցերը իր գործարաններ, ու չխառնվի ներքին կառավարման գործերին։ Միթե դրանով կապահովվի իր անձնական կուսակցության՝ ԲՀԿ֊ի օբյեկտիվ քվեարկությունները և միթե նրանք զերծ կմնան Ծառուկյանի բիզնես շահերը սպասարկելուց ԱԺ֊ում։ Իհարկե՝ ոչ։

Այսինքն՝ մենք պետք է կենտրոնանանք շահերի բախման և շահերի բախման հետևանքով քվեարկությանը մասնկցելու խեղաթյուրման գործընթացի վրա։

Իրականում օրենսդիր, գործադիր և դատական բարձր պաշտոնների համար, այսինքն՝ վարչապետ, փոխվարչապետ, նախարար, դատավոր, պատգամավոր և այլն, պետք է հստակ ամրագրվի ու ներդրվի շահերի բախման մեխանիզմը։

Ինչ մնում է սեփականատեր լինելուն, ապա դա նորմալ է, որ սեփականատերը կարեղ է լինել քաղաքականության մեջ, քանի որ սեփականություն չունեցող ու իր կյանքում հարկայինի հետ չշփված մարդը չի կարող որակյալ օրենք գրել հարկային, մաքսային կամ տնտեսական ոլորտի մասին՝ առանց հասկանալու վարչարարությունն ինչ է, բյուրոկրատիան ինչ է։ Այլ հարց է, որ սեփականատերը չի կարող զբաղվել իր բիզնեսի ամենօրյա կառավարմամբ կամ իր պաշտոնը ծառայեցնել իր բիզնես շահերին։

Սեփականատերը չի կարող նաև ԱԺ֊ում կամ կառավարությունում քվեարկել այն հարցերի մասով, որոնց մեջ ինքը կամ իր ընտանիքը անձնական շահագրգռվածություն ունեն։

Օրինակ, անհատը ունի ցեմենտի գործարան, ինքը տնօրենը չի, չի ստանում աշխատավարձ այդ գործարանից, չի այցելում այդ գործարան ու չի տալիս պարտադիր ցուցումներ, բայց որպես սեփականատեր ստանում է դիվիդենտ տարվա վերջում։

Եթե նա նույնիակ չի մասնակցում այդ գործարանի ամենօրյա կառավարմանը, միևնույն է, չնայած նա ֆորմալ իմաստով չի զբաղեցնում վճարովի այլ պաշտոն և չի իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն, այնուամենայնիվ ունի տնտեսական շահ քվեարկության ժամանակ, ուստի պետք է չմասնակցի քվեարկությանը ցեմենտի հարցի շուրջ։

Նորմալ երկրներում պատգամավորը կամ կառավարության անդամը պետք է ամեն քվեարկությունից առաջ բացահայտի իր շահագրգռվածությունը, ու չմասնակցի քվեարկությանը, եթե կա շահերի բախում։ Օրենքով նաև ամրագրում ենք, որ եթե դա չի անում, ու եթե այդ շահերի բախումը բացահայտվում է, ապա մանդատից կամ պաշտոնից զրկվում է տվյալ պատգամավորը կամ կառավարության անդամը՝ առանց որևէ հիմնավորման, անկախ նրանօց վնաս կրել է պետություն թե ոչ, կամ օգուտ ստացել է տվյալ պաշտոնյան թե ոչ։ Հավատացեք, այդ դեպքում ամեն բան տեղը կընկնի ժամանակի ընթացքում։

Եկեք չմոռանանք, որ մարդը կարող է սեփականատեր էլ չլինի, ամեն ինչ գրի իր կնոջ, մոր, հոր ու ընտանիքի անունով, ու գա հանգիստ լոբբինգ անի իր տնտեսական շահերը Աժ֊ում ու կառավարությունում։ Ուստի ամենակարևորը դա շահերի բախումը բացահայտելն է ու քվեարկությանը չմասնակցելը, իսկ դա չանելու դեպքում պաշտոնը կամ մանդատը կորցնելը։

Օրինակ, եթե փոխվարչապետ Ավինյանի հայրը չրի բիզնես ունի ու կառավարությունը քննարկում է չրի ոլորտում արտոնություն տալու հարց, նա պետք է բացահայտի իր շահագրգռվածությունը ու չմասնակցի տվյալ նիստին։ Եթե չանի, ու դա բացահայտվի, ապա կորցնում է իր պաշտոնը օրենքի ուժով։ Նույնը սեփականատեր թաղապետին է վերաբերվում կամ ԱԱԾ պետ Վանեցյանին և մյուս բոլորին։

Եկեք ճիշտ հասկանանք հարցերի էությունը և ճիշտ ու ամբողջական լուծում տանք։ Այսպիսով, օրենսդրական ու սահմանադրական լուրջ փոփոխություն է պետք Ծառուկյանի շուրջ ստեղծված հարցի շուրջ։ Անհրաժեշտ է նաև լոբբինգի մասին օրենք, որ դրամական միջոցների շարժը հրապարակայնորեն երևա, թե որ գործարարը ինչ քաղաքականություն է ֆինանսավորում։

Այլապես Ծառուկյանից առավել վտանգավոր են Լուսավոր Հայաստանը ու Մարուքյանը, որոնք անհայտ աղբյուրից ընտրությունների վրա ծախսեցին 70 միլիոնից ավել դրամ, ու մենք միայն կարող են ենթադրել, թե ում անձնական ու բիզնես շահերն է սպասարկում այդ ուժը։

Եկեք կատարենք այդ անհրաժեշտ քայլը և քաղաքական ու ընտրական գործընթացը մաքրենք անհայտ կապիտալից ու կապիտալի մեծ ազդեցությունից։ Միայն այդ պայմաններում կարող են Նոր Հայաստանի մասին խոսել։

Ազգային առաջընթաց կուսակցության
Վարչություն

Տարածիր՝