ՀՀ կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ


Մենք չափազանց մտահոգիչ ենք համարում հին ու վարկաբեկված կադրերին նոր Հայաստանում բարձր պաշտոնների նշանակելու քաղաքականությունը։

Հունան Պողոսյանի նշանակումն այն գիծն էր, որը շատերին մտածելու տեղիք տվեց, ներառյալ նրանց, ովքեր անվերապահ ընդունում էին գործող կառավարության բոլոր քայլերը։

Ավելին, անընդունելի է նաև ներկայացված այն բացատրությունը, թե կադրերի պակաս կա, քանի որ մենք շատ լավ գիտենք թե Հայաստանի, թե Սփյուռքի հայ երիտասարդ մասնագետների ներուժն ու գտնվելու վայրը։

Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սիրո ու համերաշխության մթնոլորտ ստեղծել հին ուժերի հետ՝ մոտակա երկու շաբաթը հնարավորինս անցնցում անցկացնելու համար։ Սա հասկանալի մոտեցում է, բայց ոչ արդարացված։

Նման գործընթացն իրականացվում է գործող կառավարության ու անձամբ Փաշինյանի քաղաքական կապիտալի ու հանրային վստահության հաշվին, որը բերելու է նրա ընտրազանգվածի որոշակի հիասթափության և կորստի, ինչը կարող է վտանգի տակ դնել հեղափոխության ձեռքբերումները։

Մենք՝ որպես նորաստեղծ կուսակցություն, որպես հեղափոխության արժեհամակարգի կրող, հասցրել ենք մեր աջակցությունը հայտնել նոր կառավարությանը նաև այս առումով՝ իրենց տրամադրելով թե մեր ծրագիրը և պատրաստակամություն հայտնելով աջակցել մեր մարդկային ներուժով, որը, սակայն, մնացել է անպատասպան։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ հին ու վարկաբեկված կադրերին իր կազմում ներառելով գործող կառավարությունը քայլ առ քայլ կորցնելու է իր վարկանիշը և փոշիացնի հեղափոխության արժեքը, որն այս պահին ողջ հայ ազգի ձեռքբերումն է և ենթակա չէ սակարկման։

Ավելին, հետընտրական փուլը պահանջելու է արմատական բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ինչը ենթադրում է բոլոր առողջ ու հեղափոխական ուժերի, ինչպես նաև ողջ հայության մտավոր ներուժի կենտրոնացում՝ ի բարօրություն Հայաստանի զարգացման ու առաջընթացի։

«Ազգային առաջընթաց» կուսակցության
Վարչություն

Տարածիր՝