Ազգային առաջընթաց կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ


Շնորհավորում ենք Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը ու Հայկ Մարությանին այս հաղթանակի համար, ինչպես նաև մեր քաղաքացիներին՝ հին Հայաստանում մնացած կուսակցություններին մերժելու ու նոր Հայաստան կառուցելու իրենց վճռականությունը ցուցաբերելու համար։

Մենք լիահույս ենք, որ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ ավելի մեծ մասնակցություն ու ակտիվություն կցուցաբերվի մեր քաղաքացիների կողմից։

Միաժամանակ, մեր պատկերացմամբ իրավական ու ժողովրդավար երկրի խորհրդարանում ցանկալի է տեսնել մի քանի առողջ կուսակցություններ՝ իրենց ծրագրերով ու գաղափարաբանական ուղղվածությամբ։

Ընտրությունների արդյունքները նաև փաստեցին, որ նոր Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին առկա է միայն մեկ քաղաքական ուժ՝ ՔՊ կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Միակուսակցական քաղաքական համակարգը բնականաբար չի կարող բերել արդյունավետ պետական կառավարման։

Սասնա ծռեր խմբի կողմից կուսակցության հիմնումը այդ բացը մասամբ կլրացնի, քանի որ նրանք խորհրդարանում կարող են զբաղեցնել ազգային կամ աջ թևը։

Առավել քան վստահ ենք, որ քաղաքացիական հասարակության ակտիվ մի հատված կձևավորի նոր կուսակցություններ։ Այդ հատվածի կողմից ձևավորված առաջին կուսակցությունը թերևս կլինի Ազգային առաջընթաց կուսակցությունը, որը կունենա սոցիալական կամ ձախ ուղղվածություն։

Ինչպես բոլորս համոզվեցինք, Դաշնակցությունը, Ժառանգությունը, ՕԵԿ, Լույս դաշինքը կամ Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները մնացին հին Հայաստանում։ Նրանց ձայները այս պահին պայմանավորված էին ՀՀԿ֊ի՝ դեռևս ժամանակավորապես պահպանված վարչական ռեսուրսով ու աջակցությամբ։

Գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական Պայմանագրի հետ միասին Ազգային ժողով ցանկալի է անցնեն ևս երկու֊երեք առողջ կուսակցություններ, այլապես կարող է ստեղծվել քաղաքականապես չվերահսկվող իրավիճակ, ինչը կարող է վտանգել եղած դրական զարգացումները։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Ազգային առաջընթաց կուսակցության
Նախաձեռնող խումբ

Տարածիր՝