«Ծավալուն հարաբերություններ՝ ծավալուն օրակարգով», շեշտում է Զոհրաբ Մնացականյանը՝ թբիլիսյան հանդիպումների համատեքստում Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Մանուկյանը: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտգործնախարարն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորեցին նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջեւ պարբերական հանդիպումների անցկացումը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են վիրահայ համայնքի կարեւոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարեւան եւ բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում: Զոհրաբ Մնացականյանը եւ Արչիլ Թալակվաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորման առաջնահերթությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/01/1058342/
© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից