Քաղաքացին Սերժ Սարգսյանին մերժել է իր Սահմանադրության հետ միասին


Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություն» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմաբան Արտակ Հովհաննիսյանն ու փաստաբան Արինա Մեծոյանը։ Արթուր Սաքունցը նշեց, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշա հեղափոխությամբ քաղաքացին մերժել է ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությանը, այլեւ այն Սահմանադրությունը, որով նա եկել էր իշխանության։ Ըստ բանախոսի՝ եթե Սահմանադրությունը գործեր, հեղափոխություն չէր լինի, այն պիտանի չէ, անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։

«2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բացառիկ խաղաղ, ոչ բռնի, ապակենտրոնացված, ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, ի դեպ, հիմա շատերը փորձում են ասել մի 100 հազար և այլն, թիվը չկար այդտեղ, չկար այդպիսի բնակավայր քարտեզի վրա, որտեղ բողոքի ցույցեր ու ընդվզումներ չլինեին, մերժեցին  ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունն ամբողջովին համապատասխանում էր իր ստեղծած Սահմանադրությանը։ Սա շատ կարևոր հարց է, մերժվեց ինքնին այդ Սահմանադրությամբ ձևավորված իշխանությունը։ Այստեղ ոչ միայն անձի կամ քաղաքական ուժի իշխանության մերժումն էր, այլեւ մերժվեց նաև այդ անձի ու քաղաքական ուժի կողմից պարտադրված Սահմանադրությունը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ այս Սահմանադրությունը հնարավորություն կտա հեղափոխություն իրականացնելու, ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը  չէր լուծելու և չէր ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքները՝ որպես ժողովրդավարական, իրավական պետության։ Այսինքն հակասությունն ակնկալիքների ու կարգավորումների այնքան խորն է, որը լուրջ պատճառ հանդիսացավ հեղափոխության։ Այսինքն, հեղափոխությունն առաջացավ այդ խզման հետևանքով։ Եվ, երբ որ խոսքը գնում էր Սահմանադրության տրամաբանության շրջանակներում հեղափոխության իրականացման մասին, որովհետև դա այդպիսին էր, այլևս այդ Սահմանադրությունը փոփոխությունների ապահովման համար տրամաբանական չէ։ Այն կառավարման գործիք է, այնպիսի կառավարման, որը համապատասխանում է սուպերվարչապետության, Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության, միակուսակցական կառավարման ոճին։ Այն անխուսափելիորեն պիտի բերի հեղափոխության, բայց հեղափոխության արդյունքում, երբ որ ձևավորվում է իշխանությունը, ինքը չի կարող  այս Սահմանադրության շրջանակներում գտնվելով կամ այս Սահմանադրության միջոցով այն անհրաժեշտ փոփոխություններն առաջացնել, որը համապատասխանի ժողովրդի ակնկալիքներին։ Երբ որ առաջ են գալիս ինչ-որ խնդիրներ, սկսում են մեկնաբանել, որ սա ճիշտ չէ, ոչ թե առանձին դրույթներ պետք է մեկնաբանել և այդ մեկնաբանության շնորհիվ փորձել իրավիճակներում լուծումներ գտնել, այլ արմատապես պետք է փոխել այդ Սահմանադրության տրամաբանությունը։ Որ ասում են նոր Սահմանադրություն, իրապես հիմքում պետք է ընկած լինի իշխանությունների տարանջատման ապահովում, որովհետև տեսեք դատական իշխանությունն այս Սահմանադրությամբ չի ապահովված, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ տնտեսական, սոցիալական իրավունքների առումով Սահմանադրական մեխանիզմը չի ապահովված, որովհետև չես կարող դիմել Սահմանադրական դատարան»,-ասաց Արթուր Սաքունցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/05/1054227/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տարածիր՝