Բարձրագույն դատական խորհուրդը, որը պատասխանատու է լինելու դատավորների վեթինգի գործընթացի համար, առաջինը հենց ինքը պետք է անցնի վեթինգը, անկախ նրանից, թե ում կողմից են առաջադրվել և երբ են առաջադրվել: Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կարծում եմ, ի վերջո այն կազմը, որը կունենանք պրոցեսն սկսելուց առաջ, իրենք պետք է անցնեն այդ գործընցաը»,- ասաց նա:
Հարցին, թե ԲԴԽ անդամների վեթինգը որ մարմինը պետք է իրականացնի, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ նախ վեթինգ պետք է իրականացվի պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ:
Նրա խոսքով՝ ԲԴԽ անդամների վեթինգը ևս ԲԴԽ-ն կիրականացնի: «Այո, կա հնարավորություն, հատկապես բարձրագույն դատական ատյանների պարագայում, որպեսզի այդ բարեվարքության ստուգման գործընթացում հենց այդ մարմինը նախաձեռնի գործընթաց և շարունակի ընթանալ ինքնամաքրման ճանապարհով»,- ասաց նա: