Ովքե՞ր էին ճամպրկուներով փողեր տարել Բաղրամյան 26. Հարցում վարչապետին


Տեղեկատվության ազատության հարցում

Հարգելի վարչապետ,

Մենք ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցելու դիմում ՀՀ գլխավոր դատախազությանը հետևյալի կապակցությամբ՝

2018թ Հունիսի 7-ին Դուք Ազգային ժողովում հայտարարեցիք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող գործարարներ Ձեզ հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26։

Այսինքն՝ դուք՝ որպես երկրի բարձրաստիճան պաշտոնյա փաստել եք, որ եղել է հանդիպում, որի ժամանակ նրանք ներկայացրել են փաստական տվյալներ կոռուպցիոն սխեմայի կամ սխեմաների մասին, որոնք գործել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

Դուք նաև հարցրել եք այդ գործարարներին, թե արդյոք նման մեխանիզմ եղել է, և իրենք ասել են՝ եղել է, և դուք ասել եք, որ այլևս այդ մեխանիզմը չի գործելու:

Ակնհայտ է, որ նշված հայտարարությունները պարունակում են քրեական օրենսգրքով արգելված արարքների, այն է՝ կոռուպցիայի, կաշառակերության ու հովանավորչության, պաշտոնական դիրքը չարաշահելու ու իրավասությունները գերազանցելու և այլ հանցանքների կատարման մասին վկայող փաստական տվյալներ, որոնք ենթակա են համակողմանի ստուգման։

Այդ գործում մեծ է լինելու Ձեր աջակցությունը, որ բացահայտեք այդ գործարարներին և համագործակցեք իրավապահ մարմինների հետ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների կոռուպցիոն սխեման բացահայտելու և նրան քրեական պատասխանատվության կանչելու հարցում։

Ուստի, խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն այդ հանդիպման մասին, այդ թվում՝ մասնակիցների անուն֊ ազգանունները և Ձեզ հայտնի մյուս մանրամասները՝ դրանք դատախազությանը ներկայացնելու համար։

Խնդրում ենք հայտնել, թե արդյոք այդ հանդիպմանը բացահայտվել է կաշառքի սխեմա, գումարի կոնկրետ չափ, այդ սխեմայի նպատակը ու հասցեատերը, մասնակիցները, միջնորդները և ժամկետները, գումարը ճամպրուկով Բ 26 տանելու ժամանակացույցը և մեխանիզմը, որ գործարարը երբ ու որքան գումար է տարել Բ26 և ում է դա հանձնել կամ ում միջոցով և այլն։

Խնդրում ենք օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պատասպանել սույն հարցմանը։

Միաժամանակ ցանկանում ենք իմանալ արդյոք Դուք պատրաստ եք հարցաքննվել իրավապահ մարմինների կողմից սույն գործի շրջանակներում, արդյոք պատրաստ եք ակտիվ մասնակցել գործի քննությանը և հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները իրավապահ մարմիններին ու հանրությանը, թե ոչ։

Հարգանքով՝

Ազգային առաջընթաց կուսակցություն

Տարածիր՝