Սփյուռքի հանձնակատար նշանակելու մասին


Ազգային առաջընթաց կուսակցության վարչության հայտարարությունը Սփյուռքի հանձնակատար նշանակելու մասին
Ինչպես նախկինում հայտարարել էինք, անընդունելի ենք համարում փոխվարչապետ, նախարար, փոխնախարար, մարզպետ և նման բարձրաստիճան այլ պաշտոններում նշանակումները՝ առանց ձևակերպելու տվյալ ոլորտի խնդիրներն ու տվյալ անձի անելիքները։
Սփյուռքի նախարարության լուծարումը հիմնավորվեց պետծառայողների քանակի կրճատման ու գործառույթների կրկնության նկատառումներով։ Դա միգուցե հասկանալի էր և ընդունելի, քանի որ դեսպանատները պետք է իրականում իրականացնեն ամեն երկրում Սփյուռքի նախարարության գործառույթները, այն է՝ աջակցել Սփյուռք֊Հայաստան կապերին, ինչը նախկինում չեն արել։
Այս հիմնավորումները զրոյական արժեք ունեն, երբ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ինստիտուտ է ներմուծվում՝ 25 աշխատատեղով, որն ամբողջությամբ դուրս է ԱԺ վերահսկողությունից, քանի որ վարչապետին կից մարմին է և չունի նախարարության կարգավիճակ, բայց պետբյուջեից է այնուամենայնիվ վարձատրվում և շրջագայություններով ու իր ծախսերով չի զիջելու նախարարության ծախսերին։
Սա հենց սուպերվարչապետության ակնհայտ բացասական դրսևորումներից է, ու հին Սահմանադրության բացերից մեկը, որոնց մասին մենք անընդմեջ բարձրաձայնում ենք։
Այսինքն՝ եթե իրոք սփյուռքի հետ կապերը համարվում են կարևոր գործառույթ, ապա նախարարությունը չպետք է լուծարվեր։ Եթե դրանք անիմաստ էին ու լուծարվեցին, ապա անհասկանալի է գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներմուծումը, այն էլ՝ 25 հոգանոց կազմով։
Կարևոր է նաև փաստել, որ եթե սփյուռքի նախարարությունը մնար որպես այդպիսին, ապա ներկայիս Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, ով նաև ԱՄՆ քաղաքացի է և վերջին չորս տարին չի բնակվել Հայաստանում, չէր կարող նշանակվել սփյուռքի նախարար՝ Սահմանադրության պահանջները չբավարարելու պատճառով։
Հետևաբար, այս ամենն իր հերթին ստեղծում է տպավորություն ու հիմնավոր կասկած, որ նախարարության իրավական ձևն է միայն փոխվել կոնկրետ անձին այդ պաշտոնին նշանակելու համար, ինչն անհամատեղելի է նոր Հայաստանի իրողությունների հետ ու անթույլատրելի։
Պահանջում ենք հանրությանը ներկայացնել այս փոփոխությունների հիմնավորումները։
Ազգային առաջընթաց կուսակցության
Վարչություն
Տարածիր՝